Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ ուղերձներ է պարունակում Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան

Blog Image

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, ըստ քաղաքագետ Հակոբ Բադալյանի, չի նշանակում Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլ, այլ արդեն ձևավորված համագործակցության շարունակություն։

«Կարծում եմ, որ այս հանդիպումը ոչ թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլ է, այլ եղածի շարունակություն։ Այժմ, ընտրություններից հետո, Եվրամիությունը ակնկալելու է այն քայլերի իրականացումը, որոնց համար աջակցել է Նիկոլ Փաշինյանին՝ այդ գործընթացի շարունակությունն ապահովելու նպատակով։ Այդ տրամաբանության հիմքը ՀՀ-Ադրբեջան խաղաղության միջոցով Միջին միջանցքի կառուցումն է, որը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար»,- ասաց Բադալյանը MediaHub-ի հետ զրույցում։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ֆոն դեր Լայենը Երևան է ժամանել Բաքվից, քաղաքագետը նշեց, որ այցերի հերթականությունը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ «Նման հերթականությամբ դիտարկելու համար, պետք է մի փոքր հեռվից գանք։ Մի քանի օր առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրված էր Լյուքսեմբուրգ, որտեղ մասնակցեց ԵՄ արտգործնախարարների հավաքին, հանդիպումներ ունեցավ եվրահանձնակատարների հետ։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ ֆոն դեր Լայենը այցելելու է Հայաստան և Ադրբեջան։ Ըստ ամենայնի, այդ հերթականությունը պայմանավորված էր Միրզոյանի Լյուքսեմբուրգ այցով»,- նշեց նա։

Խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում Եվրամիության ազդեցության մասին՝ Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Բրյուսելն ունի կարևոր դերակատարում։ «Այո՛, իհարկե ունի ազդեցություն, և խոսքը պարզապես Բրյուսելի մասին չէ։ Խոսքը եվրատլանտյան բևեռի մասին է, որը բավական ազդեցիկ է և ունի մեծ հնարավորություններ՝ աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու հարցում։ Այս պահին այն ինտենսիվ աշխատում է այդ ազդեցությունը պահպանելու ուղղությամբ, իսկ առանցքային ուղղություններից մեկը Կովկասն է՝ որպես Միջին միջանցքի կարևոր օղակ։ Մենք տեսել ենք այդ ազդեցության ցավոտ հետևանքները նախորդ հնգամյակում, մասնավորապես՝ Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Այժմ փորձում են շարունակել նույն տրամաբանությունը և հնարավորինս արագ հայ-ադրբեջանական համապարփակ համաձայնությամբ ամրագրել իրենց ներկայությունը տարածաշրջանում՝ արդեն ավելի երկարաժամկետ հեռանկարի համար»,- ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Ֆոն դեր Լայենի հայտարարություններից հետո քննարկումների առանցքում է նաև այն հարցը, թե արդյո՞ք Եվրոպայի կողմից հնչող քաղաքական ուղերձներն ու ֆինանսական աջակցության խոստումները կարող են փոխել Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական հաշվարկները, թե՞ դրանք հիմնականում քաղաքական ազդակներ են։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Եվրամիության կողմից հնչող հայտարարությունները պետք է դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում, որտեղ Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածությունը պայմանավորված է նաև տարածաշրջանային զարգացումներով։

«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կարծում եմ, հիմնականում կախված չէ ԵՄ-ի պահանջներից կամ ակնկալիքներից։ Իհարկե ԵՄ-ն իր դերը ունի, բայց դա շատ ավելի բարդ կառուցվածք ունեցող գործընթաց է թե՛ իր պատճառահետևանքային կապի, և թե՛ իր ընթացիկ ռեժիմի ու հեռանկարների իմաստով, այնպես որ այստեղ միայն ԵՄ-ի ակնկալիքները, մոտեցումները բավարար կանխորոշող չեն հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների տեսանկյունից։ Եթե դիտարկենք այդ խոստացված 200 միլիոն եվրոյի աջակցությունը, ապա ինքնին հասկանալի է, որ այդ 200 միլիոնը բացարձակապես ի վիճակի չէ չեզոքացնել այն հետևանքը, որի առջև կկանգնի Հայաստանի տնտեսությունը և դեռ մեծ հարց է այդ գումարը ի՞նչ պարտաճանաչությամբ է հասնելու Հայաստան։ 2021թ-ին էլ Շառլ Միշելը խոստանում էր 2,6 միլիարդ եվրոյի աջակցություն, բայց այդ 5 տարիների ընթացքում Հայաստան է հասել դրա մոտ 20%-ը։ Պետք է նկատի ունենալ որ այդ աջակցությունները խոստանում են այն քայլերի դիմաց որը Երևանը կանի ԵՄ-ի աշխարհաքաղաքական շահերը առաջ տանելու համար և դա առանցքային իմաստով ներառում է հնարավորինս շուտ և ամբողջական համաձայնության հասնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Թե ինչ պայմաններ են առաջ քաշում Ադրբեջանն ու Թուրքիան այդ համաձայնության համար, տեսնում ենք նրանց հրապարակային հայտարարություններում», - նշեց քաղաքագետը։

Հակոբ Բադալյանն անդրադարձավ նաև այն գնահատականներին, թե հայկական արտադրանքը կարող է ավելի լայն հնարավորություններ ստանալ եվրոպական շուկայում։ Նրա համոզմամբ՝ նման գործընթացները երկարաժամկետ են և չեն կարող տեղի ունենալ կարճ ժամանակում։

«Արտահանումները ձեռքի կամ որևէ այլ շարժումով փոփոխության ենթակա չեն։ Դյուրին է կորցնել արդեն իսկ գոյություն ունեցող շուկաները, բայց նոր շուկաներ ձեռք բերելը չափազանց բարդ աշխատանք է։ Կարծում եմ եվրոպական շուկայի իրական այլընտրանք լինելն ավելի շուտ պատրանք է, քան տնտեսական կամ քաղաքական հաշվարկ»։

Անդրադառնալով նաև այն հարցին, թե եվրոպացի պաշտոնյաների այցերն ու հայտարարությունները որքանով կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա, քաղաքագետը շեշտեց, որ այստեղ միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ։ «Սա «այո կամ ոչ»-ի հարց չէ։ Հայաստանի ներքաղաքական իրողությունները ևս կախված են շատ հանգամանքներից։ Արտաքին միջավայրի շատ կարևոր գործոններ կան, որոնք գուցե պասիվ են իրենց դրսևորմամբ, բայց շատ ավելի ազդեցիկ կարող են լինել իրենց ստրատեգիական հնարավորություններով, և մեծապես կախված է թե ՀՀ-ի ներսում քաղաքական դերակատարները ինչպիսի վարքագիծ և ինչպիսի քաղաքականություն կվարեն»,- եզրափակեց Բադալյանը։

Ալիտա Եղիազարյան

Send