Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սահմանների բացման շուրջ նոր ազդակներ. ինչ սպասել հայ-թուրքական հարաբերություններից

Blog Image

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Կարսում տեղի է ունեցել հայ և թուրք գործարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։ Քննարկման առանցքային հարցերից է եղել նաև սահմանային անցակետի հնարավոր բացումն ու այդ գործընթացում Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերը։



Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ, որը կարծում է, որ գործարարների այս հանդիպումը պետք է դիտարկել ավելի լայն քաղաքական գործընթացի համատեքստում։

«Հանդիպումը, ըստ իս, քաղաքական գործընթացի մի մասն է, որը տեղի է ունենում հիմա, ու արտացոլվում է նաև այս հանդիպման տեսքով»,- ասաց Միքայելյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ գործարարների միջև ակտիվ շփումները պայմանավորված են սահմանների հնարավոր բացման նախապատրաստական փուլով։ Նրա խոսքով՝ տնտեսական համագործակցության քննարկումները դեռևս չեն նշանակում, որ քաղաքական բոլոր խնդիրները լուծված են։

«Քանի որ նախապատրաստվում են սահմանների բացմանը, ապա այս տրամաբանությամբ հարցը ավելի շատ տնտեսական դաշտում է գտնվում, իսկ ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ապա դրանք մի քիչ ուրիշ կերպ են կարգավորվում։ Թուրքիան բազմաթիվ պահանջներ է ներկայացրել հայկական կողմին, և կարելի է ասել՝ այդ պահանջների մեծ մասը Փաշինյանը կատարել է, և հարաբերությունների քաղաքական կարգավորման հիմքը հանդիսացավ հենց այս հանգամանքը»,- ասաց քաղաքագետը։

Չնայած տնտեսական համագործակցության շուրջ քննարկումներին՝ սահմանների բացման հարցը, ըստ Միքայելյանի, շարունակում է մնալ բացառապես քաղաքական որոշման տիրույթում։ Նա նշում է, որ Թուրքիան շարունակում է առաջ քաշել մի շարք նախապայմաններ, որոնց կատարումը կարող է ազդել գործընթացի հետագա զարգացման վրա։

«Դա քաղաքական որոշման հարց է։ Թուրքիան ևս մի քանի պահանջ ունի՝ TRIPP-ի գործարկում, Սահմանադրության փոփոխություն և այլն»,- նշեց Միքայելյանը։

Վերջին շաբաթներին ակտիվացել են նաև հայ-ադրբեջանական քաղաքական շփումները։

Դիլիջանում կայացած Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև հանդիպումից հետո քննարկվում է՝ արդյո՞ք նման շփումները կարող են նպաստել հասարակությունների միջև վստահության վերականգնմանը։ Սակայն քաղաքագետը այս հարցում լավատես չէ։

«Հասարակությունների միջև վստահության վերականգնումը շատ դժվար է ակնկալել, որովհետև վստահության կորուստը պայմանավորված է ոչ թե առևտրի պակասով, այլ ուրիշ հանգամանքներով։ Ադրբեջանի պարագայում մեծ դեր է խաղացել հակահայ քարոզչությունը, որը իրականացրել է և շարունակում է իրականացնել Ալիևի կլանը։ Այս պահի դրությամբ վստահության վերականգնումը հասարակությունների միջև միակողմանի է։ Եթե տեսնենք երկկողմանի գործընթաց, կարող ենք մտածել, որ ինչ-որ քաղաքական պրոցեսներ են ընթանում։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Նախիջևանում միջոցառում էր կազմակերպվել պետության հովանավորությամբ՝ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի և վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Ես չեմ կարծում, որ նման հանդիպումները կարող են բերել վստահության վերականգնմանը»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով առաջիկա հնարավոր զարգացումներին՝ Հրանտ Միքայելյանը ներկայացրեց երկու հիմնական սցենար՝ ընդգծելով, որ դժվար է այս պահին ասել, թե որին կտրվի նախապատվությունը։

«Այն տրամաբանությամբ, որով ընթանում է այս ամեն ինչը, ունի երկու հավանական զարգացման ուղի։ Առաջինը՝ ՀՀ-ն նորից Թուրքիայի և Ադրբեջանի համար միակողմանի բացում է սահմանը, Ադրբեջանը և Թուրքիան նորից գտնում են տարբեր բացատրություններ, թե ինչու դրա դիմաց ոչ մի քայլ չեն անում, և այսպիսով միտումը, որը եղել է, շարունակվում է, և թուլանում է հայկական կողմի դիմադրողականությունը, իսկ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են ուժային սցենարի։ Երկրորդ սցենարով իսկապես սահմանները բացվում են, և պարզ է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ հայերը չեն կարող ազատ մտնել Ադրբեջան, քանի դեռ լուծված չէ արցախահայության հարցը։ Ընդհանրապես չենք կարող խոսել հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին, բայց կարող է լինել մասնակի կարգավորում։ Թե որ տարբերակը կլինի, այս պահին չեմ կարող ասել»,- եզրափակեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Ալիտա Եղիազարյան

Send