Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Լավ լուր՝ վարորդական վկայական ստացողների համար․ ո՞ւմ է վերաբերում 2 տարվա ժամկետը

Blog Image

ՆԳՆ-ն դեռ ապրիլին լավ լուր էր հայտնել քաղաքացիներին․MediaHub-ը հիշեցնում է, որ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման էր դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։

ՆԳՆ-ից հայտնել էին, որ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։ Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը:

Հուլիսի 2-ին Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը։

Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո քաղաքացին ունի մեկ տարի ժամկետ՝ գործնական քննությունը հանձնելու համար։ Սակայն վերջին տարիներին հաշվառման-քննական ծառայությունների դիմելիության էական աճի պայմաններում այդ ժամկետը հաճախ բավարար չի լինում՝ հերթերի կառավարման, գործնական քննություններին պատշաճ նախապատրաստվելու, ինչպես նաև ավտոդպրոցներում ուսումնառությունն ամբողջությամբ ավարտելու տեսանկյունից։

«Մենք նախատեսում ենք, որ տեսական քննության դրական արդյունքը մեկ տարվա փոխարեն հնարավոր կլինի պահպանել երկու տարի, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա և՛ ազատ հերթագրվել և՛ գործնական քննության համար ընտրել իրենց հարմար օրը»,- նշել է Սարգսյանը։

Մյուս փոփոխությունը վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին․ օրինակ՝ թեթև մարդատար ավտոմոբիլ վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառվում են նաև ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների վարմանն առնչվող հարցեր։ «Հիմա մենք հարցաշարերը դարձնում ենք շատ ավելի իդենտիկ․ պետք է նախատեսվեն կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ հարցեր, ինչը կօգնի մեզ այս կառուցակարգերը դարձնել առավել արդյունավետ»,- ընդգծել է նա։

Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։

Սակայն արդյո՞ք սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը կդառնա 2 տարի, թե՞ այն միայն վերաբերում է թեստերին։ Եվ արդյո՞ք այն քաղաքացիները, ովքեր, օրինակ, հունիսին հանձնել են իրենց տեսական քննությունը, չեն ունենա 2 տարվա ընթացքում գործնական քննություն հանձնելու հնարավորություն։

Հարցի պատասխանը ստանալու համար MediaHub-ը դիմեց ՆԳՆ-ին։ «Տեսական քննության հարցաշարերին վերաբերող փոփոխությունն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից, իսկ վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը կդառնա 2 տարի՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրից։ Այդ օրվա դրությամբ, այն անձանց, որոնց տեսական քննությունը հանձնելուց հետո մեկ տարին դեռ չի լրացել, տարածվում է այս փոփոխությունը»,- MediaHub-ին նշեցին ՆԳՆ-ից։
 
Պաշտոնական հրապարակման օրվա հաջորդ օրվանից ուժի մեջ կմտնի նաև մի այլ փոփոխություն։ Առողջական հակացուցումների դեպքում վարորդական իրավունքը կկասեցվի ավտոմատ կերպով՝ թվայնացված տվյալների հիման վրա։

Արփինե Սարգսյանը կառավարության նիստում  ասաց, որ մինչ այժմ նախարարությունը  հաճախ չէր ստանում համապատասխան բժշկական տեղեկատվությունը, ինչի հետևանքով պարեկները ճանապարհներին հանդիպում էին այնպիսի վարորդների, որոնք, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեին։ «Այսուհետ տվյալները շարունակաբար կթվայնացվեն «Արմեդ» համակարգում, և երբ համապատասխան տեղեկատվությունը գեներացվի, այն ավտոմատ հասանելի կդառնա նախարարությանը։ Եթե համակարգը հայտնաբերի առողջական հակացուցում, կգործի կարմիր ազդանշանը, և վարորդական իրավունքը կկասեցվի ավտոմատ»,- ասաց Սարգսյանը։

Մարիաննա Արամյան

Send