Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մակրոնն ակնարկեց, որ Փաշինյանն իրենց գործակա՞լն է

Blog Image

Հավանաբար շատերիդ «բախտ վիճակված» կլինի յութուբյան հարթակում տեսանյութ, ֆիլմ դիտելուց առաջ պարտադրված դիտել ընտրություններին մասնակցող խոշոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կամ նրանց ղեկավարների հասցեին վարկաբեկող, զրպարտչական, ապատեղեկատվական ու հստակ ատելություն քարոզող գովազդներ։

Նկատենք, որ այդ գովազդները 25-րդ կադրի ազդեցությամբ կարող են ենթագիտակցական ազդեցություն ունենալ դիտողի վրա՝ նրան հստակ գործողությունների մղելով։ Մյուս կողմից էլ այդպիսի գովազդները հանրային մեծ լսարան են ընդգրկում՝ միաժամանակ մնալով «թաքնված»։ Այսինքն՝ փողոցում պաստառների տեսքով չեն կամ ստատիկ, որ հնարավոր լինի ցանկացած ժամանակ տեսնել դրանք ու միջոցներ ձեռնարկել։ Եվ հետո՝ չի բացառվում, որ գովազդի պատվիրատուին այդպես էլ հնարավոր չլինի բացահայտել, իսկ իշխող թիմը հայտարարի, որ որևէ կապ չունի դրանց հետ։

Պատվիրատուն կարող է նաև Հայաստանում գրանցված չլինել և որևէ գործողություն նրա դեմ չկարողանան անել պատասխանատվության ենթարկելու կամ նման բովանդակությամբ գովազդները հեռացնելու համար։ Նշենք, որ յութուբյան գովազդներում վարկաբեկվում են թե՛ Սամվել Կարապետյանն ու նրա թիմի որոշ անդամներ՝ օրինակ Արամ Վարդևանյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Հայկ Մարությանը։

Սամվել Կարապետյանը ներկայացվում է որպես «փողոցային խուժանին» նորից իշխանություն տված կերպար, որը 1990-ականների մեթոդներով՝ ընտրակաշառքներով, ընտրությունները կեղծելով, մարդկանց շանտաժի ենթարկելով փորձում է մասնակցել ու հաղթել ընտրություններում։ Մեկ այլ գովազդում նրա մասին ասվում է, թե իբր հաղթելու դեպքում նա խոստացել է 300 հազար հայ տղամարդու ուղարկել Դոնբաս՝ ուկրաինացիների դեմ պատերազմին մասնակցելու և նրանց կյանքը զոհելու։ Քարոզչական գովազդներում Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը ներկայացվում են Փաշինյանի սիրելի արտահայտությամբ՝ «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» և որպես պնդում նշվում է, որ նրանց ընտրվելու դեպքում Հայաստանի դեմ պատերազմ է հրահրվելու, այսինքն՝ այդ ուժերը պատերազմ են բերելու, իսկ ինքը՝ Արցախն ու Հայաստանը պատերազմների թատերաբեմ դարձրած Փաշինյանը, հակառակը, խաղաղաբեր է։

Կարծում եմ՝ դժվար չէ գլխի ընկնել, թե ով է նման քաղաքական գովազդների պատվիրատուն կամ ովքեր են։ Հստակ անձանց չնշենք, բայց ակնհայտ է, որ իշխող քաղաքական թիմը իշխանության գալուց ի վեր բազմաթիվ ֆեյք գործարաններ է հիմնել, որոնց մի մասն էլ բացահայտվել ու փակվել են։ Եվ ընտրություններից առաջ ֆեյք գործարանները նորից ակտիվացել են ու լծվել ՔՊ-ի մրցակից քաղաքական ուժերի դեմ տարատեսակ  ստեր, զրպարտություններ տարածելու միջոցով նրանց վարկաբեկելու ու հանրությանը նրանց դեմ տրամադրելու համար։

Հանրային վարկաբեկման միջոցով իշխանամերձ կամ հենց իշխանական քարոզչական խմբերը փորձում են կամ հուսահատություն առաջացնելու միջոցով քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին կտրուկ նվազեցնել՝ շահած դուրս գալով, կամ նրանց ձայները գողանալ իրենց հարազատ մեթոդներով՝ խաբելու, հակառակորդների վրա ցեխ շպրտելու, նրանց դեմոնիզացնելու, մարդկանց շրջանում նրանց հանդեպ վախի, խուճապի, ատելության մթնոլորտ ձևավորելու։

Ուրիշ ո՞ւմ է ձեռնտու Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ նրանց քաղաքական թիմի առաջադեմ անդամներին այս կերպ թիրախավորելը։ Անմեղության կանխավարկածի պահպանմամբ, այնուամենայնիվ, փորձենք գուշակել։ Ամենայն հավանականությամբ այդ գովազդների պատվիրատուն, եթե ոչ հենց դրանք պատրաստողը ՔՊ-ական թիմն է։ Այլապես ո՞վ առանց նրանց հետ համաձայնեցնելու այդպիսի արջի ծառայություն կմատուցեր իշխող թիմին։ Ինչո՞ւ արջի ծառայություն։ Որովհետև այդ քաղաքական գովազդների բովանդակությունն այնպիսին է, որ թիրախավորվողները կարող են հանգիստ դատական հայցեր ներկայացնել տարբեր հոդվածներով, այդ թվում՝ քրեական։

Օրինակ՝ զրպարտության համար, ատելության խոսքի, որով այսօր իշխանությունների քիմքին ոչ հաճելի շատ գործիչներ են գտնվում ճաղերի հետևում։ Հետաքրքիր է՝ այս օրերին Երևան ժամանած ԵՄ պաշտոնյաները կամ Ֆրանսիայի՝ Հայաստանի հանդեպ «մեծ սիրով» տառապող նախագահ Մակրոնը Ռուսաստանին Հայաստանի իշխանությունների դեմ տեղեկատվական հիբրիդային պատերազմ մղելու մեջ մեղադրելուց ուսումնասիրե՞լ են, թե իրենց հովանավորած ու իրենց աջակցությանն արժանացած հայաստանյան իշխանությունները ինչ ստոր մեթոդներով են քարոզչություն իրականացնում ընտրություններից առաջ, այն էլ՝ դեռ քարոզարշավը չսկսված։

ԵՄ պաշտոնյաներից մի քանիսը բացահայտ տեղեկացրել էին, որ իրենք գումար են հատկացնելու Հայաստանին իրենց այդ երևակայելի հիբրիդային պատերազմի դեմ միջոցներ ձեռնարկելու համար։ Հավանաբար հենց այդպիսի հակաօրինական մեթոդներով պայքարի համար են բարեկամ ԵՄ-ից ուղարկված եվրոները փոշիացվում։ Եվ թերևս եվրապաշտոնյաները այնքան էլ առատաձեռն չեն եղել այդ ծրագրի ֆինանսավորման համար, այլապես երեկ Նիկոլ Փաշինյանն իր եվրոպացի հյուրերից օգնության հերթական չափաբաժինը չէր խնդրի՝ հայտարարելով, թե Հայաստանում իրենք առերեսվում են ապատեղեկատվության և ատելության խոսքի հետ և հույս հայտնելով, որ Եվրոպական միությունն իր աջակցությունը կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքների կիրառման հարցում, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական միությունում։ 

Փաշինյանը Եվրամիությանը խնդրում է օգնել իրեն՝ արմատախիլ անելու Հայաստանում ապատեղեկատվության և ատելության խոսքի ինստիտուտը, այն դեպքում, երբ հենց ինքը և իր թիմն են դրանց սկզբնաղբյուրը, հովանավորն ու փայփայողը, հենց նրանք են որպես գործիք օգտագործում և ապատեղեկատվությունը, և ատելության խոսքը իրենց մրցակիցների դեմ պայքարելու համար ու մեղքը գցում են Ռուսաստանի վրա։

Էմանուել Մակրոնը երեկ, պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, թե ՀՀ իշխանությանն ակնհայտ աջակցություն հայտնելն արդյո՞ք Հայաստանի ներքին գործերին միջամտություն չէ, հերքել է միջամտության փաստը՝ իր գործողությունները ներկայացնելով որպես գործընկերային աջակցություն և ժողովրդավարական արժեքների պաշտպանություն։ 

«Պետք է տեսնել, թե որոնք են միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել։ Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես ստանձնում եմ այս գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի ի վեր, ինչպես դա արել եմ Մայա Սանդուին աջակցելով, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրությանը։ Ես լիովին ստանձնում եմ այս որոշումը՝ պաշտպանելով Եվրոպայի որոշումները։ Բայց դա նույնը չէ, ինչ տեղեկատվության մանիպուլյացիան է ԶԼՄ-ների միջոցով՝ կեղծ տեղեկատվության միջոցով փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սա է։ Այստեղ բաց երեսով միջամտություն է, և ի հակառակ՝ կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ փաստարկները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը՝ որպես Ֆրանսիայի նախագահ»։

Մակրոնի այս խոսքերը իրականության ֆոնին զավեշտալի են հնչում։ Հետաքրքիր է. մսյո Մակրոնի խոսքից պարզվում է, որ իշխանական ԶԼՄ-ների, յութուբյան գովազդների միջոցով հնչող կեղծ տեղեկատվությունը ընդդիմադիր գործիչների վերաբերյալ գործակալների աշխատանքն է, բայց ոչ Մոսկվայի, որովհետև այս դեպքում թիրախավորվում են իբրև թե մոսկովյան «գործակալները»։ Արդյո՞ք Ֆրանսիայի նախագահը մեղմորեն չի ակնարկում, որ ՀՀ իշխանությունը ևս գործակալական գործունեություն է իրականացնում և հիմա էլ հիբրիդային տեղեկատվական պատերազմ է մղում չեղած թշնամիների դեմ՝ դրա համար օգտագործելով դրսից ուղարկած եվրոներն ու դոլարները։ 

Այլապես նրանց քարոզչական մեթոդներն ամենևին չեն տեղավորվում ժողովրդավարության գործիքների մեջ։

Վերջերս Civilnet.am-ն անդրադաձել էր ՔՊ-ական քարոզչության մի շղթայի՝ բացահայտելով, թե ինչ մեթոդներով են գործում ֆեյք գործարանները։ Ըստ լրատվամիջոցի՝ իշխանամերձ medianews.site կայքը պարբերաբար ֆեյսբուքյան այս կամ այն օգտատերերի գրառումներ է հրապարակում, որոնցում վարկաբեկվում, ծաղրի են ենթարկվում խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, նրանց մասին ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում։ Եվ որպես կանոն՝ ՔՊ-ական Տարոն Չախոյանի գրառումներն են կայքում իրենց պատվավոր տեղը գտնում, ինչպես նաև ինչ-որ օգտատերերի, որոնք իրականում գոյություն չունեն, ֆեյք են և մեծ լսարան էլ չունեն։ Այդ օգտահաշիվները հիմնականում ստեղծվել են 2020 թվականից հետո՝ ամենայն հավանականությամբ՝ 21 թվականի ընտրություններին ընդառաջ։ Եվ հիմա էլ առաջիկա ընտրությունների առիթով նորից ակտիվացել են։

Չնայած դրան medianews.site-ը մեծ պատրաստակամությամբ նրանց գրեթե բոլոր գրառումները տեղադրում է իր էջերում և տարածում։ Մեր գործընկեր լրատվամիջոցը հետաքննության արդյունքում պարզել է, որ նշված օգտահաշիվների տերերը իրենց էջերում տարածում են Տարոն Չախոյանի որոշ գրառումներ, բայց որևէ այլ օգտատիրոջ գրառում նրանց ուշադրությանը չի արժանանում։ Լրատվամիջոցը պարզել է նաև, որ վերոնշյալ իշխանամերձ կայքում այնպիսի օգտատերերի գրառումներ են տեղադրված, որոնց անուն-ազգանունով օգտահաշիվ գոյություն չունի Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ 

Ինչ վերաբերում է medianews.site-ին, դրանում որևէ տեղեկություն հիմնադիրների կամ խմբագրակազմի վերաբերյալ տեղադրված չէ, հոդվածները չեն ստորագրվում, ինչպես նաև նշված չեն հասցե կամ կապի տվյալներ։ Կայքի նյութերը վերահրապարակվում են իշխանական civic.am, freenews.am, «Հայկական ժամանակ» կայքերում: Ինչպես նշված է նույն հրապարակման մեջ՝ կայքի դոմեյնի գրանցման պահին՝ 2018-ի հունվարին, որպես գրանցող նշված է եղել Տարոն Չախոյանի անունը՝ իր բնակության հասցեով և կոնտակտային տվյալներով։ Հետագայում դոմեյնի տվյալները գաղտնիացվել են։ Բայց թե՛ այդ կայքը, թե՛ ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվներն, այնուամենայնիվ, կապվում են Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ նախկին բլոգեր Տարոն Չախոյանի հետ։ Ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում իրոք հայ ժողովրդի նկատմամբ հիբրիդային տեղեկատվական պատերազմ է մղվում, բայց ոչ թե երևակայական ուժերի, այլ հստակ պատեհապաշտ իշխանական օղակների և նրանց ֆինանսավորող ու աջակցող եվրաչինովնիկների կողմից։ 

Թագուհի Ասլանյան

Send