MediaHub-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունը կներկայացնի iPhone-ների նոր սերունդը։ Apple-ը կներկայացնի iPhone-ի իր 2026 թվականի շարքը․ այս տարի սպասվում է բավականին մեծ նորություն։ Տարիներ շարունակ օգտագործվող դասական, ուղղանկյուն կորպուսով iPhone-ների հետ մեկտեղ ընկերությունը կներկայացնի նաև Apple-ի պատմության մեջ առաջին ծալովի սմարթֆոնը՝ iPhone Ultra-ն։ Սպասվում են նաև նոր Apple Watch-ներ, AirPods-ների նոր շարք և, հնարավոր է, այլ անակնկալներ։
Apple-ը մշակել է գրքի նման ծալվող հեռախոս, որը բացվելիս կհիշեցնի iPad-ի դասավորությունը։ Սակայն, ծալովի iPhone-ը գնային առումով բավականին կտարբերվի iPhone-ներից, եթե iPhone 18 Pro Max-ն արժենալու է մոտավորապես 1499-1699$, իսկ iPhone 18 Pro-ն 1299-1399$, ապա iPhone Ultra-ի գները կսկսվեն մոտ $2000-ից, իսկ ավելի մեծ հիշողությամբ տարբերակները կարող են արժենալ $2500-ից ավելի։
Նշվում է, որ iPhone 18 Pro մոդելները շատ նման կլինեն iPhone 17 Pro մոդելներին, առանց որևէ էական դիզայնի փոփոխությունների։ Կան լուրեր, որ iPhone 18 Pro Max-ը կարող է մի փոքր ավելի հաստ և ծանր լինել ավելի մեծ և հզոր մարտկոցի պատճառով, սակայն iPhone 17 Pro-ի պատյանները, ինչպես սպասվում է, կհամապատասխանեն iPhone 18 Pro մոդելներին։ Տեսախցիկի հարթակը կարող է մի փոքր ավելի հաստ լինել՝ նոր փոփոխական ապերտուրայի օբյեկտիվը տեղավորելու համար, որն արդեն իսկ բազմաթիվ ուրախ արձագանքների է արժանացել։
Մատնանշվել է, որ փոփոխական տեսախցիկը թույլ կտա օբյեկտիվին կառավարել, թե որքան լույս է հասնում սենսորին։ Դա կարող է օգտատերերին ավելի շատ վերահսկողություն տալ էքսպոզիցիայի և դաշտի խորության նկատմամբ և օգնել տեսախցիկին հարմարվել տարբեր լուսավորության պայմաններին։
Apple-ը նոր գույներ է նախատեսել, այդ թվում՝ մուգ բալի երանգ, բաց կապույտ, արծաթագույն և սև։
Մարիաննա Արամյան

Русский