Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Օքսֆորդից գան Հայաստան, որ ի՞նչ անեն, գրոշներով աշխատե՞ն

Blog Image

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին պետական համակարգ ներգրավելու Կառավարության նախաձեռնությունը նոր քննարկումների առիթ է դարձել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, ընդգծել է աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորման և նրանց ներուժը տարբեր ոլորտներում օգտագործելու կարևորությունը։
 
Վարչապետի խոսքով՝ աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական համակարգ հրավիրելու Կառավարության ծրագրի և այս նախաձեռնության համադրումը կարող է նպաստել ծրագրի առանցքային նպատակների իրականացմանը։

Միևնույն ժամանակ, հարց է առաջանում՝ արդյո՞ք միայն հեղինակավոր համալսարանի դիպլոմը բավարար է պետական համակարգում արդյունավետ աշխատելու համար։ Եվ եթե պետությունը փորձում է ներգրավել արտերկրում կրթություն ստացած երիտասարդներին, ի՞նչ պետք է փոխվի Հայաստանում, որպեսզի նրանք կարողանան ավելի արագ ու արդյունավետ մուտք գործել աշխատաշուկա։
 
Այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցել է տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։


Նրա դիտարկմամբ՝ երիտասարդների զբաղվածության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կրթությունն ավելի սերտ կապել աշխատաշուկայի պահանջների հետ։
 
Թավադյանը առաջարկում է բակալավրի վերջին տարվա ընթացքում պարտադիր դարձնել առնվազն վեցամսյա վճարովի պրակտիկան։ «Բակալավրի վերջին տարվա ընթացքում, երբ պրակտիկա են անցնում, դա պետք է լինի պարտադիր վեց ամսով և վճարովի։ Այսինքն՝ այն մարդը, որը վեց ամիս վճարովի պրակտիկա չի անցնում, դիպլոմ չի ստանում։ Այստեղ ուժեղանալու է դիպլոմի արժեքը, և արդեն իսկ դիպլոմ ստացած ուսանողը ունենալու է աշխատանքային պրակտիկա»,- նշեց տնտեսագետը։
 
Թավադյանի խոսքով՝ միայն պրակտիկան պարտադիր դարձնելը բավարար չէ։ Պետք է նաև գործատուների համար ստեղծել խթաններ, որպեսզի նրանք պատրաստ լինեն աշխատանքի ընդունել դեռևս փորձ չունեցող երիտասարդներին։
 
«Պետությունը պետք է առաջարկի այդ ուսանողների համար 0% եկամտահարկ և 0% սոցիալական վճարներ, քանի որ նրանք նոր են մտնում աշխատաշուկա։ Առաջին վեց ամսվա ընթացքում կարող են սոցիալական հատկացումներ և եկամտահարկ չվճարել, և այստեղ գործատուն ստանալու է ավելի էժան վարձու աշխատող»,- ասաց Թավադյանը։
 
Տնտեսագետի համոզմամբ՝ նման մեխանիզմը կարող է միանգամից մի քանի խնդիր լուծել՝ բարձրացնել երիտասարդների զբաղվածությունը, նվազեցնել երիտասարդների գործազրկությունը և ապահովել, որ համալսարանն ավարտած անձը աշխատաշուկա մտնի արդեն որոշակի փորձով։
 
Միաժամանակ, ըստ նրա, սա կարող է ազդել նաև մասնագիտությունների ընտրության վրա։ Այսօր, Թավադյանի գնահատմամբ, կան ոլորտներ, որտեղ մասնագետների պակաս կա, մինչդեռ որոշ մասնագիտություններով աշխատաշուկան արդեն գերհագեցած է։
 
«Մենք այսօր, օրինակ, ունենք բուժքույրների պակաս։ Գյուղատնտեսական մասնագիտությունների ոլորտում ունենք մեծ պակաս, օրինակ՝ կաթի մասնագետի։ Շուկան ողողված է տնտեսագետներով, իրավաբաններով, որոնց պահանջարկը շուկան իրականում չունի, և այդտեղ գերհագեցված է մասնագետներով»,- նշեց նա։
 
Այս համատեքստում տնտեսագետը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք պետությունը պետք է շարունակի ֆինանսավորել այն մասնագիտությունները, որոնց շրջանավարտների պահանջարկը աշխատաշուկայում սահմանափակ է։
 
«Ինչո՞ւ պետք է պետությունը վճարի այն մասնագիտությունների համար, որոնք իրականում շուկային պետք չեն»,- ասաց Թավադյանը։
 
Սակայն այստեղ խնդիրը միայն այն չէ, թե որտեղ է մարդը սովորել։ Եթե մի կողմից պետությունը փորձում է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին ներգրավել պետական համակարգ, մյուս կողմից անհրաժեշտ է հասկանալ՝ ի՞նչն է իրականում լավ մասնագետ դարձնում՝ համալսարանի անո՞ւնը, ակադեմիական գիտելի՞քը, թե՞ աշխատանքային փորձն ու մարդկանց հետ աշխատելու կարողությունը։
 
Հենց այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Նրա խոսքով՝ հատկապես բարձր պաշտոնների դեպքում համալսարանի հեղինակությունը չպետք է լինի մասնագետի գնահատման հիմնական չափանիշը։ «Եթե խոսքը բարձր պաշտոնների մասին է, կարծում եմ՝ այդքան էլ էական չէ՝ մարդը որ համալսարանն է ավարտել, որովհետև նա կարող է շատ լավ ակադեմիական գիտելիքներ ունենալ, բայց այդ ոլորտում ճանապարհ չանցնել, փորձ չունենալ։ Ամենակարևորն այն է, որ մարդը ճանապարհ անցած լինի, մարդկանց հետ աշխատելու հմտություններ ունենա։ Կարող ես ավարտել Օքսֆորդի համալսարանը, բայց մարդկանց հետ աշխատելու բարձր հմտություններ չունենաս, բայց կարող է ավարտած լինես Հայաստանի շարքային համալսարանը և ունենաս»,- նշեց Խաչատրյանը։
 
Իսկ ինչպե՞ս անել, որ արտերկրում կրթություն ստացած երիտասարդները ոչ միայն վերադառնան Հայաստան, այլ նաև այստեղ տեսնեն իրենց մասնագիտական ապագան։ «Պետք է մրցունակ տնտեսություն ունենանք։ Պարադոքս է․ չես կարող ունենալ այն առանց լավ կադրերի, մյուս կողմից էլ, եթե չկա լավ արդյունք, լավ կադրեր չես ունենում»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը։
 
Ալիտա Եղիազարյան

Send