Ընդդիմադիրների վրա ծպտված, դիմակավորված, հետևից հարձակվելու հերթական դեպքը. այս անգամ թիրախում Միհրան Հակոբյանն է։
Ոհմակի կանոններով՝ շատով՝ մեկի դեմ, որպեսզի ուժերի անհավասարություն լինի ու հնարավոր լինի զոհին ծեծել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Փաստաբան Սոս Հակոբյանը, ելնելով Հայաստանում արդարադատություն իրականացնելու իրողություններից, արձանագրում է, որ եթե անգամ հանցանքը կատարողները հայտնաբերվում են, պատվիրատուները մնում են չբացահայտված։
Միհրան Հակոբյանի դեպքը միակը չէ։ Նույն ոհմակային ձեռագրով 2023 թվականին հարձակվեցին էդգար Ղազարյանի վրա։ Թալանել են ու վնասել ընդդիմադիր պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենաները։
Մինչև հիմա ընդդիմադիրներին ծեծի ենթարկելու, գույքը վնասելու, լեզու-ականջ կտրելու սպառնալիքների դեպքերով որևէ պատիժ, վերջնական արդյունք չի եղել։
Իսկ արդարադատության Օլիմպոսում երկրի դատաիրավական համակարգից գոհ են՝ ամեն ինչ ընթանում է ժողովրդավարության կանոններով։
Ասում են՝ արդարադատությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Յուրաքանչյուր իշխանություն ստեղծում է դատաիրավական այնպիսի համակարգ, որով հետո իրեն են դատում, ինքն է պատասխանատվության ենթարկվում։
Հասարակությանը պետք է վերադարձնել արդարության զգացումը. համոզված է Սոս Հակոբյանը, պետքէ իրավական պետություն կառուցվի, այլապես ժողովրդի վստահությունը կկորչի։

Русский