Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հայաստանում եկեղեցին «հալածվում է», իսկ քրիստոնյա Վենսը լուռ է

Blog Image

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երեկ՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունը, թե ինքը հպարտ է գտնվել առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում, առաջին հայացքից կարելի է ընկալել որպես արժեքային շեշտադրումներով ուղերձ։ Սակայն քաղաքական դիվանագիտության լեզվով նման ձևակերպումները երբեք պատահական չեն և առավել ևս չեն կարող դիտարկվել միայն որպես հուզական արձանագրում։

Հայաստանը միջազգային հարթակներում միշտ է առանձնացել որպես առաջին քրիստոնյա պետություն՝ այդ փաստը օգտագործելով ոչ միայն պատմական ինքնության, այլ նաև քաղաքակրթական պատկանելության ընդգծման համար։ Այդ պատճառով Վենսի շեշտադրումը քրիստոնեական ինքնության վրա ակամայից բերում է մեկ այլ, շատ ավելի զգայուն հարց․ ի՞նչ վիճակում է այսօր քրիստոնեական ինստիտուցիոնալ կյանքը հենց Հայաստանում։

Վերջին տարիներին իշխանությունն ու եկեղեցին մտել են բաց հակամարտության փուլ։ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններն՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, իրավապահ համակարգի վերաբերմունքը հոգևորականների նկատմամբ, սրբազանների կալանքները ստեղծել են մի իրականություն, որը դժվար է համադրել քրիստոնեական արժեքների պաշտպանության մասին հնչող միջազգային ուղերձների հետ։ Չորս սրբազան հայրերի կալանքի փաստը ինքնին արդեն իսկ բավարար հիմք է հարց բարձրացնելու համար, թե որքանով է առաջին քրիստոնյա երկիրը այսօր ապահով միջավայր քրիստոնեական ծառայության համար։

Եվ ահա այստեղ է ի հայտ գալիս երկակի չափանիշների խնդիրը։ Եթե Վենսի կողմից նման թեմաների բարձրացումը կդիտարկվեր որպես Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտություն, ապա նույն տրամաբանությամբ դժվար է բացատրել, թե ինչու է ԱՄՆ փոխնախագահը հրապարակային նոտա հղում՝ փաստացի քաղաքական գնահատական տալով Նիկոլ Փաշինյանի վերընտրման կարևորությանը։ Երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ գործող վարչապետի վերընտրվելն իրենց համար կարևոր է՝ պայմանավորված խաղաղության գործընթացի առաջմղմամբ և TRIPP-ի կյանքի կոչմամբ, սա այլևս ոչ թե արժեքային, այլ ուղիղ քաղաքական դիրքորոշում է։

Այսպիսով ստացվում է հետաքրքիր հակասություն․ Հայաստանի ներքին գործընթացներին չմիջամտելու սկզբունքը կիրառելի է դառնում միայն այն հարցերում, որոնք կարող են ստվերել գործող իշխանության լեգիտիմությունն ու արժեքային կերպարը, մինչդեռ արտաքին քաղաքական օրակարգին համահունչ գործընթացների դեպքում նույն այդ սկզբունքը փաստացի անտեսվում է։

Վենսի այցը և նրա հնչեցրած շեշտադրումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ քրիստոնեական արժեքների հիշատակումը միջազգային քաղաքականության մեջ հաճախ դառնում է զուտ ձևականություն՝ զուրկ կոնկրետ պատասխանատվությունից։ Իսկ Հայաստանի դեպքում այդ դեկորացիան առավել ցավոտ է ընկալվում, երբ «առաջին քրիստոնյա երկրի» մասին խոսքերը հնչում են մի իրավիճակում, որտեղ հենց այդ երկրի հոգևոր սյուներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, գտնվում է պետական ճնշման ներքո։

Այս համատեքստում Վենսի հայտարարությունը ոչ միայն արժեքային ուղերձ է, այլ նաև լուռ համաձայնություն այն իրականության հետ, որն այսօր ձևավորվում է Հայաստանում, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է թե՛ պատմական ինքնության, թե՛ քրիստոնեական արժեքների նկատմամբ։ 

Նարե Գնունի

Send