ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Հայաստան իշխանությունները փորձում են ներկայացնել որպես պատմական իրադարձություն՝ շեշտելով, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ փոխնախագահը գալիս է Հայաստան։ Իրականում, սակայն, «պատմական» որակումը այստեղ ավելի շատ քարոզչական գործիք է, քան բովանդակային գնահատական։
Այցերի պատմության մեջ առաջին լինելը ինքնին դեռևս չի նշանակում քաղաքական արդյունք։ Դիվանագիտությունը չափվում է ոչ թե հյուրի պաշտոնով, այլ այցի ընթացքում ձևակերպված օրակարգով, բարձրացված խնդիրներով և ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններով։ Իսկ Վենսի այցի դեպքում այդ օրակարգը առայժմ մնում է մշուշոտ ու անորոշ։
Բաց աղբյուրներից և իշխանությունների հրապարակային խոսքից պարզ չի դառնում, թե ինչ է իրականում ստանալու Հայաստանը այս այցից։ Չկան ազդակներ, որ հայկական կողմը պատրաստվում է բարձրաձայնել կենսական նշանակություն ունեցող հարցեր՝ Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները, Ադրբեջանի զինված ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքում, ինչպես նաև հայ ռազմագերիների խնդիրը, որոնք Բաքվում դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակում։
Փորձը ցույց է տալիս, որ նման այցերը հաճախ վերածվում են ձևական, պրոտոկոլային հանդիպումների, գեղեցիկ հայտարարությունների և ընդհանուր ձևակերպումների մասին՝ «ժողովրդավարություն», «խաղաղություն», «տարածաշրջանային կայունություն»։ Բայց երբ խոսքը հասնում է կոնկրետ պատասխանատվության, ճնշման մեխանիզմների կամ անվտանգության երաշխիքների, այդ բառապաշարը արագորեն դատարկվում է։
ԱՄՆ փոխնախագահի այցը չի նշանակում, որ Վաշինգտոնը պատրաստ է կամ պատրաստվում է Հայաստանի համար կարմիր գծեր գծել կամ գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ։ Մեծ քաղաքականության մեջ պաշտոնյաները չեն գալիս «փրկելու» որևէ երկիր․ նրանք գալիս են սեփական շահերի, տարածաշրջանային հաշվարկների և ռազմավարական օրակարգի շրջանակում։
Այս համատեքստում Վենսի այցը առավելապես ծառայում է Հայաստանի գործող իշխանության ներքին քարոզչական նպատակներին՝ ներկայացնելու արտաքին քաղաքական «ակտիվություն» և միջազգային ուշադրություն, մինչդեռ իրական անվտանգային և պետական խնդիրները մնում են չբարձրաձայնված կամ երկրորդ պլանում։
Վենսը, պարոնայք, փրկություն չէ, որ գալիս է Հայաստան։ Եթե հայկական կողմը չունի հստակ պահանջներ, կոշտ դիրքորոշում և քաղաքական կամք՝ պաշտպանելու սեփական շահերը, ապա նույնիսկ ամենաբարձր մակարդակի այցը կմնա հերթական լղոզված դիվանագիտական միջոցառում։ Ժամանակն է օդերից իջնել և արտաքին քաղաքականությունը չափել ոչ թե լուսանկարներով ու «առաջին անգամ» ձևակերպումներով, այլ արդյունքով։
Նարե Գնունի

Русский