Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նորից անցնելու ենք փայտի վառարանների՞ն. քաղաքացիները չեն վստահում իշխանությանը, մասնագետները լուծում են առաջարկում

Blog Image

ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ։ Հայաստանը լուրջ այլընտրանքի առաջ է հայտնվել իշխանությունների արկածախնդիր, ոչ ծանրակշիռ ու չհավասարակշռված քաղաքականության հետևանքով։

Չներգրավվելով որևէ այլ առևտրատնտեսական ընտանիքի մեջ՝ Նիկոլ Փաշինյանը հմտություն ունեցավ փչացնելու հարաբերություններն այն կառույցում, որից հսկայական տնտեսական օգուտներ է ստանում և օգտվում այդ կառույցի ընձեռած տարատեսակ հնարավորություններից՝ հսկայական սպառման շուկայից, արտոնյալ մաքսատուրքերից անդամ երկրների միջև, ռուսական գազի արտոնյալ գնից և այլն։

Եվ հիմա, այդ հնարավորությունների դիմաց այլընտրանքներ չունենալով՝ Հայաստանը կանգնել է ԵԱՏՄ ընտանիքից վռնդվելու և բոլոր այդ արտոնություններից զրկվելով՝ ձեռնունայն մնալու խնդրի առաջ, որը մեզ սպառնում է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամով։

Պատկերացրեք՝ ինչ բացասական հետևանքներ կունենա մեզ համար ռուսական գազի գնի կրկնակի թանկացումը՝ հանգեցնելով գնաճի թե՛ տեղական արտադրության, թե՛ ծառայությունների ու սպասարկման ոլորտում։ Եվ դա այն դեպքում, երկրում առանց այն էլ աղքատության մակարդակը մնում է մտահոգիչ, և օրեցօր նկատվող գնաճի պայմաններում քաղաքացիների կենսամակարդակն ավելի է ընկնում։

Իսկ նման անհուսալի հեռանկարի մասին վերջերս Բիշքեկում՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանն այլևս չի օգտվի անդամ երկրների արտոնություններից ու հնարավորություններից, այդ թվում՝ գազի ներկայիս գնից, և չի բացառվում, որ Հայաստանին ևս ռուսական գազը վաճառվի եվրոպական գներով՝ հասնելով 800 եվրոյի։ ՌԴ նախագահն անընդունելի է համարում շարունակել օգտվել մեր առևտրատնտեսական ընտանիքի ընձեռած հնարավորություններից՝ միաժամանակ գործուն քայլեր ձեռնարկելով այլ կառույցի՝ ԵՄ կազմում ընդգրկվելու համար։ Եվ նա ակնկալում է, որ այս հարցում Հայաստանը կհստակեցնի իր քայլերը։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը լավատես է և կարծում է, որ Ռուսաստանը շուտափույթ նման քայլի չի գնա, քանի որ ցանկանում է պահպանել Հայաստանի վրա ունեցած ազդեցության լծակները։ Եվ միայն Հայաստանին սիրաշահելու և, այսպես ասած, դարձի բերելու ողջ գործիքակազմը սպառելուց հետո կարող է վերանայել նաև գազի գինը։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը չի շտապի թանկացնել գազի գինը մեզ համար, քանի որ փորձում է ազդեցության լծակները պահպանել։ Կարող է այլ գործիքներ օգտագործել, իսկ գազի գնի վերանայումը թողնել որպես վերջին քայլ, երբ սպառվեն Հայաստանին «դարձի բերելու» բոլոր հնարավորությունները, և իր համար ամեն ինչ անհուսալի կլինի։ Առայժմ կխոսի այդ մասին, բայց գործուն քայլերի չի գնա՝ լավ հասկանալով, որ Հայաստանը կարող է նաև այլընտրանքներ գտնել»,- նշում է նա։

ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը երեկ ճեպազրույցի ժամանակ վստահորեն հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է բարձր գնով գազ սպառել, և որ Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Պատգամավորը պատրաստ է ամեն տեսակի սահմանափակումների ենթարկել մեր պետությունն ու հայ ժողովրդին, միայն թե Ռուսաստանի հետ հարաբերություններում կոմպրոմիսների չգնան, որի անունը նա կարմիր գիծ է դնում։ ՔՊ-ականը նաև հուսադրում է, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որը գազի կաթսա է, և ի վերջո մի օր կկարողանանք ռուսական մատչելի գազին այլընտրանք գտնել։ Իսկ մինչև այդ գուցե պատգամավորն առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին սեփական գրպանից հոգալ գազի թանկացած գի՞նը։

MediaHub-ի կատարած հարցումները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացիներն ամենևին պատրաստ չեն գազի գնի հնարավոր թանկացմանը, և մեր հարցմանը մասնակցածների խոսքից ակնհայտ է դառնում, որ նրանք անգամ հիմա, երբ գազի գինը դեռևս մատչելի է, դժվարությամբ են կարողանում հոգալ իրենց արժանապատիվ կյանքի կարիքները։ Քաղաքացիներից մեկն էլ համոզմունք հայտնեց, որ գազի թանկացումը Հայաստանը հետ կշրջի դեպի 1990-ական թվականներ, երբ մարդիկ վառարանով էին ջեռուցում իրենց տները։ Մեկ ուրիշն էլ ասաց, որ դա հերթական արտագաղթի ալիքի պատճառ կդառնա, քանի որ խնդիրը միայն գազի թանկացմամբ չի սահմանափակվելու. այն համատարած թանկացումներ կբերի՝ կտրուկ կրճատելով մարդկանց ֆինանսական հնարավորությունները։ Այնպես որ, առանց աշխատավարձերի, նպաստների և թոշակների զգալի վերանայման՝ դժվար թե քաղաքացիները կարողանան դիմակայել այդ փորձությանը։

Գագիկ Մակարյանն, անդրադառնալով իշխանական պատգամավորի հայտարարություններին, ասում է, որ գազի գնի թանկացման սցենարի դեպքում հնարավոր մի քանի լուծումներ կան, որոնք քաղաքացիների համար գնաճի ազդեցությունը կզրոյացնեն, փոխարենը կավելանա արտաքին պարտքը, ինչը, սակայն, իր հերթին չի կարող չազդել մարդկանց կենսամակարդակի վրա։ Ստացվում է՝ Հայաստանը կարող է հայտնվել արատավոր շրջանում, բայց կարճաժամկետ ազդեցությամբ դա լավագույն լուծումը կլինի մեզ համար։

«Արտաքին պարտքն ավելացնելու հաշվին պետությունը կարող է սուբսիդավորել գազի գնի տարբերությունը։ Դա կկազմի մոտ մինչև 250 միլիոն դոլար, ինչը փոքր գումար չէ, բայց գոնե բիզնեսը և քաղաքացիներն այդպիսով չեն զգա թանկացման ազդեցությունը։ Թեև, մյուս կողմից, արտաքին պարտքի ավելացումը ևս ազդելու է քաղաքացիների կենսամակարդակի վրա, բայց դա որոշակի ժամանակահատվածի համար լուծում է»։

Այլընտրանքներ գտնելու հարցում ևս, տնտեսագետի կարծիքով, կան հնարավոր լուծումներ։ Օրինակ՝ Հայաստանը կարող է ռուսական գազը փոխարինել թուրքմենականով կամ ադրբեջանականով, թեև Ադրբեջանի գազի պաշարները բավականին սուղ են, բայց քաղաքական նկատառումներով Ադրբեջանը կարող է վերանայել իր մատակարարումների ցանկը։ Ի վերջո, նաև Իրանից կարող է Հայաստանն ավելի մեծ ծավալով գազ գնել, բայց դա ևս չի կարող լիովին փոխարինել ռուսական գազի ծավալներին։

Մյուս տարբերակը տնտեսագետը մեր պետության էլեկտրաֆիկացումն է համարում գազաֆիկացման փոխարեն՝ արևային էներգետիկայի հաշվին։ Բայց այդ համակարգին անցնելու համար պետությունը պետք է ներդրումներ կատարի և համակարգային մի շարք խնդիրներ լուծի։ Ամեն դեպքում, արևային էներգետիկայից ստացված հոսանքը գնի մատչելիության առումով համարժեք չի լինի ռուսական գազին։

«Հայաստանը կարող է դիտարկել այլ երկրից գազ բերելու հնարավորությունները։ Դա կարող է Թուրքմենստանը լինել, անգամ Ադրբեջանը՝ չնայած գազի մատակարարման սահմանափակ հնարավորություններին։ Բայց կարող է ինչ-որ տեղից կտրել ու Հայաստանին մատակարարել, մանավանդ որ Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանին էներգիա մատակարարող երկիր։ Այդ համատեքստում կարող է նաև գազի մատակարարում առաջարկել՝ այդպիսով նաև Հայաստանին խրախուսելով գնալ ՌԴ-ի մատակարարած գազից հրաժարվելու քայլին»։

Բոլոր հնարավոր ռիսկերից կարելի է խուսափել միայն նախապես հաշվարկված գործողությունների դեպքում, այսինքն՝ իշխանությունների քաղաքական հայտարարությունները պետք է մասնագիտական հենք ունենան, հակառակ դեպքում Հայաստանում ծավալվող գործընթացները մեծ ռիսկեր են պարունակում։ Այլ տարբերակ է Իրանից գազի ներմուծման ծավալները մեծացնելը՝ որքանով խողովակի տարողունակությունը թույլ է տալիս։ Բայց այն կարող է ավելանալ ընդամենը 1.2-1.5 անգամ, ոչ ավելի՝ գազի ճնշումը մեծացնելու հաշվին, և դա ևս լիարժեքորեն չի փոխարինի ռուսական գազի ծավալներին։

Այլընտրանք կիրառելու երրորդ տարբերակը, ըստ տնտեսագետի, արևային էներգետիկայի զարգացումն է, արևային էներգիայի կուտակիչների համակարգի ստեղծումը, ինչը թույլ կտա լայնորեն օգտագործել այդ էներգիայի հնարավորությունները գիշեր թե ցերեկ և ավելացնել արտադրության ծավալները։ Կուտակման հնարավորությունը թույլ կտա մեծ քանակությամբ էներգիա արտադրել՝ վստահ լինելով, որ այն լիարժեքորեն օգտագործվելու է սպառման նպատակներով։

«ՀԷՑ-ի առաջ լուրջ խնդիրներ պետք է դրվեն։ Այն չպետք է պետականացվի ինքնանպատակ, այլ՝ որոշակի ռազմավարության ներքո։ Օրինակ՝ խնդիրներից մեկը կարող է լինել այն, որ արդիականացվի ՀԷՑ-ի համակարգն այնպես, որ էլեկտրաէներգիայի գինը 50 դրամից իջնի 30 դրամ։ Այդ դեպքում քաղաքացիները, անգամ տնտեսվարողները, կարող են գազի փոխարեն հոսանք օգտագործել։ Ճիշտ է, այդ սակագինն էլ փոքր-ինչ ավելի բարձր է գազի գնից, բայց այդ խնդրի համար լավագույն լուծումը կլինի։ Իսկ ներկրվող գազն արդեն հնարավոր կլինի օգտագործել երկրում գազի պահանջարկը բավարարելու համար, որը էլեկտրաֆիկացման դեպքում զգալիորեն՝ գրեթե կիսով չափ կնվազի»,- ասում է Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ այս ամենը հնարավոր կլինի իրականացնել միայն ծրագրերի հիմնավորված հաշվարկային հենք ունենալու դեպքում։

Իսկ եթե իշխանությունները մնան զուտ քաղաքական հայտարարությունների մակարդակում, ապա երկիրը մեծ ռիսկերի առաջ կհայտնվի։

Թագուհի Ասլանյան

Send