Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տիեզերքի՞, թե՞ Մոսկվայից առաջ Մակրոնի հետ բանակցության համար է Փաշինյանը մեկնել Փարիզ

Blog Image

Փարիզում կայանալիք տիեզերական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը կարող է առաջին հայացքից դիտարկվել որպես Երևանի՝ տիեզերական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հերթական քայլ։

Սակայն միջոցառման օրակարգի, կազմակերպչական գործընթացների և հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նախատեսվող հանդիպման ֆոնին հարց է առաջանում՝ արդյո՞ք Փարիզի այցի առանցքում իսկապես տիեզերական թեման է։ Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին ծանոթ վեց մասնակիցներ միջոցառումը նկարագրել են որպես վատ համակարգված և անորոշ արդյունքով նախաձեռնություն։

Ըստ նրանց՝ գագաթնաժողովը ժամանակացույցից հետ է մնում, պատշաճ կերպով չի համակարգվել եվրոպական տիեզերական ոլորտի խոշոր խաղացողների հետ, և մինչ այժմ լիովին պարզ չէ, թե որն է դրա իրական նպատակը։ Ի՞նչ կարող է Հայաստանը ստանալ Փարիզից, և արդյո՞ք գագաթնաժողովը կարող է իրական նշանակություն ունենալ Հայաստանի տիեզերական հավակնությունների համար։

«Եթե վերցնենք տիեզերական ոլորտը, ապա չեմ կարծում, որ այստեղ կարելի է լուրջ արդյունքներ ակնկալել։ Հայաստանն արդեն երկու անգամ նույն արբանյակը բաց թողեց, և երկու անգամ էլ տպավորիչ արդյունք չունեցավ։ Ավելին՝ անգամ մամուլն էր գրում, որ միջազգային գործընկերներն ահազանգում էին, թե արբանյակը սկսել է խանգարել տիեզերքում այլ արբանյակների աշխատանքին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի այցը Փարիզ։

«Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչու է նախատեսված նաև Մակրոնի հետ հանդիպումը և ինչու հենց այս շրջանակներում, կարծում եմ՝ Փաշինյանի մեկնումը մեծ հաշվով որևէ կապ չունի տիեզերական թեմայի հետ։ Սա պարզապես Մակրոնի հետ հանդիպում է՝ Մոսկվայից առաջ՝ փորձելու հասկանալ, թե ինչ կարող է Եվրոպական միությունն առաջարկել Հայաստանին։ Արդեն տեսանք, որ վիզաների հետ կապված հարցը կարծես թե փակվեց անորոշ ժամանակով։ Հիմա հարց է՝ արդյո՞ք Եվրոպական միությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, կարող է իր վրա վերցնել այն դժվարությունները, որոնք սպասելու են Հայաստանին մոսկովյան այցից հետո, և առաջին հերթին՝ տնտեսական առումով»,- նշեց միջազգայնագետը։

Իսկ որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը կարող է նաև այս հարթակն օգտագործել սեփական արբանյակային և տիեզերական կարողությունները զարգացնելու համար։

«Չեմ կարծում, որ դրա մասին կարող է խոսք լինել։ Հայաստանը դեռ 2020 թվականին ԵԱՏՄ շրջանակներում հնարավորություն ուներ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությանը՝ արբանյակների համատեղ խմբաքանակ արձակելու և դրանց համատեղ արտադրություն սկսելու ուղղությամբ։ Եթե Հայաստանը ցանկանար, կարող էր մաս կազմել այդ ծրագրին, իրական աշխատատեղեր ստեղծել մեր երկրում և մեր մասնագետներին ապահովել բավականին երկարատև պատվերներով։ Եվրոպական միության հետ այդ ոլորտում համագործակցությունը, ըստ էության, Հայաստանին շատ բան չի տալու, քանի որ դա պահանջելու է հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք այս պահին չունենք։ Բացի այդ, պարզ չէ, թե այդ համագործակցությունից Հայաստանը կոնկրետ ինչ է շահելու և արդյո՞ք կարող է այդ ոլորտը Հայաստանում զարգացնել։ Միակ բանը, որ կարող է շահել Եվրոպական միությունն այս համագործակցությունից, հայ մասնագետներին իր մոտ տանելն է և այնտեղ պայմանագրեր առաջարկելը՝ այնտեղ մնալու և աշխատելու համար»,- ասաց Բալասանյանը։

Եթե ԱՄՆ-ի խոշոր մասնավոր տիեզերական ընկերությունները չեն մասնակցում, Հայաստանն այս հակասության մեջ իրեն ո՞ր դիրքում է տեսնում, երբ նրանք չկան, բայց Հայաստանը հրավիրված է։

«Սա նշանակում է, որ այդ համաժողովն այդքան էլ չի վերաբերվելու տիեզերագնացությանը։ Այստեղ այլ հարցեր են քննարկվելու՝ արդեն Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող, որտեղ ԱՄՆ-ն, բնականաբար, ներկայացվածություն չի ունենալու»,- եզրափակեց խոսքը միջազգայնագետը։

Ալիտա Եղիազարյան

Send