Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ ՌԴ-ն դեռ չի շնորհավորել Փաշինյանին. Ռուսաստանը Հայաստանում իշխանություն կփոխի՞ Վենեսուելայի օրինակով

Blog Image

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ստացած ձայների մեծամասնությամբ վերընտրվելու կապակցությամբ շտապել են շնորհավորել թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ը, Թուրքիան և Իրանը: Սակայն պաշտոնական Կրեմլը դեռևս չի շտապում ճանաչել ընտրությունների արդյունքները։
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն առայժմ սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին, սակայն հավելել է, որ նաև արձանագրում են բոլոր հաղորդագրությունները, որոնք ի հայտ են գալիս ընտրությունների շուրջ։ «Մենք, այդ թվում, արձանագրում ենք հաղորդագրություններն այն բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք եղել են այդ ընտրությունների ընթացքում»,- հայտարարել է Պեսկովը։
 
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելով ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու մեջ։
 
Օրերս նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն է ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել, որ Մոսկվան պետք է «սկզբունքային դիրքորոշում» որդեգրի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շարունակելով փոխգործակցությունը գործող իշխանության հետ դե ֆակտո մակարդակով։ Զատուլինը նշել է, որ ռուսական կողմը չի կարող անցած ընտրություններն ամբողջությամբ ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ճանաչել, քանի որ ընտրական գործընթացում բացակայել են քաղաքական մրցակցության հավասար պայմանները, ինչպես նաև ճնշման միջոցներ են կիրառվել ընդդիմության նկատմամբ։ Նա միաժամանակ հայտարարել է քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների և առանձին տեղամասերում վիճահարույց որոշումների մասին, որոնք, քաղաքական գործչի համոզմամբ, կարող էին ազդել ձայների վերջնական բաշխման վրա։ Այս ամենի վրա հիմնվելով՝ ըստ նրա՝ պաշտոնական Ռուսաստանը չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները, բայց մյուս կողմից էլ դա չպետք է պատճառ լինի Հայաստանի հետ բոլոր կապերը խզելու համար։
 
«Մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները որպես ազնիվ և օբյեկտիվ։ Բայց քանի որ մենք Հայաստանի հետ գտնվում ենք դաշինքներում և ավանդաբար զարգացնում ենք կապերը, այսուհետ էլ կաշխատենք նրա հետ՝ ելնելով այն բանից, որ այսօր այն գլխավորում են մարդիկ, որոնք իշխանության ղեկին են մնացել անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»,- ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Մոսկվան փաստացի կշարունակի համագործակցությունը Հայաստանի գործող իշխանությունների հետ՝ միաժամանակ արձանագրելով արդյունքները դե յուրե չճանաչելու քաղաքական դիրքորոշումը։
 
Որքանո՞վ է հավանական, որ Կրեմլը չճանաչի իր երբեմնի ռազմավարական գործընկեր երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և ի՞նչ հետևանքներ կունենա նման հանգուցալուծումը։ Թեև վերընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է հանրությանը, որ ով ով, բայց Վլադիմիր Պուտինը նման քայլի չի գնա, քանի որ ութ տարի նրա հետ աշխատելով՝ եկել է այն եզրահանդման, որ ՌԴ նախագահը ռացիոնալ առաջնորդ է։ Հարցին, թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, եթե Ռուսաստանը չճանաչի ընտրությունների արդյունքները, Փաշինյանը նշել է, որ նման ձևակերպումները չափազանցված են։ Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցել են նաև ռուս դիտորդներ, որոնք արդեն տվել են իրենց եզրակացությունը, իսկ մնացած մեկնաբանությունները ավելի շատ քաղաքական հռետորաբանության դաշտում են։
 
Փաշինյանի թիմում, «Արցախը Հայաստան է և վերջ» հեղհեղուկ հռետորաբանության ոճի մեջ, վստահ են, որ ի վերջո բոլոր պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, հաշվի կնստեն Հայաստանում ընտրությունների արդյունքների և ներկա իշխանությունների վերընտրվելու հետ՝ ընդունելով, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով։

Սակայն մենք բազմիցս համոզվել ենք, որ իշխանությունների ինքնավստահության համար բոլորս ենք պատասխան տալիս՝ պատերազմներով, տարածքներ կորցնելով, տնտեսական և սոցիալական պատժամիջոցներով։ Եվ հիմա էլ մտավախություն կա, որ եթե Ռուսաստանը չճանաչի ընտրությունների արդյունքները, ապա դրա համար նորից հայաստանցիներս ենք պատասխան տալու, այդ թվում՝ ՌԴ-ում բնակվող ու այնտեղ աշխատող մեր հայրենակիցները։
 
Հայաստանցիները՝ հատկապես տնտեսվարողներն ու ֆերմերները, արդեն զգում են ռուսական արջի զայրույթի հետևանքները՝ վերջերս բառացիորեն զրկվելով ռուսաստանյան հսկայական շուկայից և ֆինանսական մեծ կորուստներ կրելով։ Շատերը մտավախություն ունեն, որ ՀՀ իշխանությունների անհավասարակշիռ քաղաքականության հետևանքով այդ ցուցակում կհայտնվի ողջ բնակչությունը, եթե Ռուսաստանը վերանա ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը կամ ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներին զրկի այդ հնարավորությունից: Դրա հետևանքով հարյուրհազարավոր մարդիկ կմնան առանց ապրուստի միջոցի, եթե Ռուսաստանը ոչ լեգիտիմ, ապօրինի համարի ՀՀ իշխանություններին և Հայաստանի հետ խզի նախկինում եղած բոլոր պաշտոնական պայմանավորվածությունները։
 
Կա նաև գերպետության կողմից որևէ երկրի իշխանությունների լեգիտիմությունը չընդունելու դեպքում քաղաքական գործընթացների զարգացման մեկ այլ սցենար, ինչպիսին եղավ Վենեսուելայում, երբ ԱՄՆ նախագահը մեկ օրվա մեջ, պատկերավոր ասած, «առևանգեց» երկրի գործող նախագահի լիազորությունները և նրա փոխարեն ճանաչեց իր համար ընդունելի ընդդիմության ղեկավարին։ Քաղաքական այդ գործընթացներին նախորդել էին երկրի տնտեսական լիակատար շրջափակումն ու արտերկրում պետական ակտիվների սառեցումը։ Մեր աչքի առաջ է նաև Ուկրաինայի օրինակը, երբ 2004 թվականին ԵՄ-ն, չճանաչելով Ուկրաինայի նախկին իշխանություններին, ի վերջո «նարնջագույն հեղափոխությամբ» մեծ խնդիրներ բերեց այդ պետության գլխին։ Նման սցենար Արևմուտքը փորձեց իրականացնել նաև Վրաստանում՝ ներկայիս իշխանությունների դեմ մի քանի անգամ իշխանազավթման փորձեր հրահրելով և ձախողելով։
 
Արդյո՞ք Ռուսաստանը կգնա նման ծայրահեղ քայլերի և Հայաստանում ևս հեղափոխություն կամ իշխանափոխություն կիրականացնի։ Հանրային-քաղաքական գործիչ Արեգ Սավգուլյանը չի կարծում, որ Հայաստանում կարող է կրկնվել լատինամերիկյան փորձը, քանի որ, ըստ նրա, Վենեսուելան գտնվում է արևմտյան կիսագնդում, որը համարվում է ԱՄՆ կենսական շահերի տարածքը, և այդ առումով ԱՄՆ-ի ձեռքերն ազատ են եղել։
 
«Մյուս կողմից էլ կարող եք ասել՝ պատմական Ռուսաստանի համար Կովկասն է այդպիսի տարածք համարվում։ Այդուհանդերձ, չեմ կարծում, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի պես կվարվի, որովհետև հիմա Ռուսաստանը չունի այն քաղաքական ռեսուրսը, որով կկարողանա Հայաստանում իշխանափոխություն անել կամ իր նկատմամբ լոյալ տրամադրված քաղաքական ուժի բերել իշխանության»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց հանրային-քաղաքական գործիչը։
 
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը ընտրությունների վերաբերյալ իր գնահատականներում ավելի մեղմ է եղել, քան ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, բայց եվրոպական համայնքի բազմաթիվ առաջնորդներ շնորհավորեցին Փաշինյանին, իսկ Ռուսաստանի նախագահը՝ ոչ։
 
Նա, հղում անելով պատմական փորձին, ասաց, որ որևէ գերտերության կողմից այլ երկրում ընտրությունների լեգիտիմությունը չճանաչելու դեպքում, սովորաբար, այդ գերտերությունը սառեցնում է իր հարաբերությունները և, հնարավոր է նաև, դիվանագիտական հարաբերությունները խզի։ Բայց հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի կարևորությունը Ռուսաստանի համար՝ Արեգ Սավգուլյանը այնքան էլ հոռետեսորեն տրամադրված չէ։ Չի բացառվում, որ Ռուսաստանը «լողացող հարաբերությունների ռեժիմ» պահպանի Հայաստանի հետ, կապերը վերջնականապես չխզի և հետագայում փորձի իր ազդեցությունն ավելի մեծացնել այստեղ։ Նա չի բացառում, որ դրա համար Ռուսաստանը կարող է որոշակի ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ այդպիսով ցույց տալով մեր երկրում Ռուսաստանի ներկայության կարևորությունը։
 
«Հավանական ճնշումներ կարող են գործադրվել Ռուսաստանում որպես արտագնա աշխատող մեր այն հայրենակիցների միջոցով, որոնք ՌԴ քաղաքացիներ չեն։ Նրանց կարող են արտաքսել (դեպորտ անել) և այսպիսով սոցիալական դժգոհություն հասունացնել մեր երկրում։ Հնարավոր է նաև տնտեսական պատժամիջոցներն առավել խստացվեն Հայաստանի նկատմամբ՝ հարված հասցնելով մեր տնտեսական համակարգին»։

Թագուհի Ասլանյան

Send