ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ մինչև 2028 թվականը Թայվանի վրա Չինաստանի հարձակման հավանականությունը գնալով նվազում է չնայած Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հրահանգներին, որոնցով երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ գրավել կղզին մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրներ։
Որպես հիմնական պատճառներ նշվում են մարտական պատրաստականության ապահովման գործընթացում արձանագրված ձգձգումները Սիի հակակոռուպցիոն արշավի ֆոնին, ինչպես նաև Պեկինի՝ Թայվանում 2028 թվականին կայանալիք ընտրությունների արդյունքներին սպասելու ցանկությունը։ Որոշ չինացի պաշտոնյաներ հույս ունեն, որ դրանք կարող են իշխանության բերել մի կառավարության, որն ավելի հակված կլինի կղզին ենթարկել Չինաստանին։
Պեկինը կարող է ավելի լրջորեն դիտարկել ուժի կիրառման հարցը 2028 թվականին կամ դրանից հետո, եթե Թայվանի ընտրություններում հաղթանակ տանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը՝ ապահովելով իշխանության ղեկին մնալու չորրորդ անընդմեջ ժամկետը, և եթե գործող նախագահ Ուիլյամ Լայը վերընտրվի։ «Եթե դա տեղի ունենա, կարծում եմ՝ 2028 թվականը բավականին լարված տարի կլինի», - ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
Լայը, ով պաշտոնը ստանձնել է երկու տարի առաջ, և նրա գլխավորած DPP-ն ընդդիմանում են Պեկինի պահանջներին, որը կղզին համարում է իր տարածքի մի մասը։
Այս գնահատականը էական փոփոխություն է նշանավորում ԱՄՆ պաշտոնյաների շրջանում երկար ժամանակ գերիշխող այն տեսակետի մեջ, ըստ որի՝ Սի Ծինփինը նպատակ ուներ Չինաստանի զինված ուժերը պատրաստ պահել Թայվանի հնարավոր բռնի գրավման համար մինչև 2027 թվականը՝ Ժողովրդական ազատագրական բանակի հիմնադրման 100-ամյակը։ Թեև Չինաստանը երբեք չի բացառել ուժի կիրառումը Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, այնուամենայնիվ, երբեք հրապարակայնորեն չի հաստատել մինչև 2027 թվականը պատրաստ լինելու մասին հրամանի առկայությունը։ Այս շաբաթ ունեցած ելույթում Սին անդրադարձել է Թայվանին և խոսել նեղուցի երկու կողմերի հարաբերությունների խաղաղ զարգացումը խթանելու մասին՝ նպատակ ունենալով հասնել վերամիավորման։

Русский