Այսօրվա Կառավարության նիստի չզեկուցվող նախագծերից մեկը MediaHub-ի ուշադրությունը գրավեց։
Ինչպես տեղեկացավ MediaHub-ը՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի (մրցույթի) անցկացման պահանջ, որին համապատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (Վերահսկող մարմին) նախաձեռնել է ընտրության ընթացակարգի և մի շարք այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը։ Այդուհանդերձ, օրենքով սահմանված չէ մրցույթի արդյունքների (ընտրության ընթացակարգի)՝ դատական կարգով բողոքարկման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները կարգավորող նորմ, ինչը գործնականում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ։
Առաջարկվող կարգավորման բնույթը, ինչպես տեղեկացանք, նախագծերով առաջարկվել է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասին նորմ և դրա համար սահմանել հստակ ժամկետ՝ երկու ամիս, որը հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Միաժամանակ, առաջարկվել է նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի 14․9-րդ հոդվածով սահմանված՝ ՊՄԳ ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման համար նույնպես սահմանել երկու ամիս ժամկետ, որը, կրկին, հոսում է բողոքարկվող որոշման կայացման օրվանից։
Ինչպես նշվում է, ակնկալվող արդյունքը՝ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների բողոքարկման մասին նորմ և բողոքարկման սեղմ ժամկետ՝ ապահովելու համար Օպերատորի գործունեության բնականոն ընթացը և բացառելու այդ գործերի ժամանակավրեպ քննության իրավական հնարավորությունը՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Միևնույն արդյունքն ակնկալվում է նաև ՊՄԳ ընթացակարգի արդյունքների բողոքարկման մասին երկամսյա ժամկետ սահմանելու մասին կարգավորման ընդունմամբ:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման պատշաճ երաշխիքներ, բացառել մրցույթի կասեցման հնարավորությունը:
Մարիաննա Արամյան

Русский