Հաշված օրեր են մնացել մինչև Ամանոր, և քաղաքում արդեն զգացվում է նախատոնական եռուզեռը։ Սրան զուգահեռ ավելանում է նաև խախտումների թիվը։ Ամեն տարի Ամանորին ընդառաջ վերահսկող մարմինները սննդամթերքի անվտանգության ոլորտում արձանագրում են չափանիշներին չհամապատասխանող մթերքների մեծ քանակ, հատկապես՝ մսամթերքի շուկայում։
MediaHub-ը դիմել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանին՝ պարզելու, թե ինչ խախտումներ են արդեն արձանագրվել սպանդանոցների կողմից և արդյոք Ամանորին ընդառաջ դրանց թիվն աճել է։
Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում առգրավվել և ոչնչացվել է 3781,665 կգ միս-մսեղիք, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ը՝ 7154,21 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք։
Նա նաև նշեց, որ «սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման գործառույթը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին է վերապահվել 2024 թվականի սեպտեմբերից»։
Ամանորին ընդառաջ իրականացվող վերահսկողության արդյունքները, ըստ Հարությունյանի, կներկայացվեն դեկտեմբերի վերջին։
Էմմա Մարտիրոսյան

Русский