Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանն ու թիմը «խժռում են» յուրայիններին. հերթը Հայկ Սարգսյանինն է

Blog Image

2018-ի այսպես կոչված «թավշյա» հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից մեկին՝ Հայկ Սարգսյանին, ՔՊ-ն վատ դրության մեջ է դրել. Փաշինյանի երբեմնի «շիշ բռնողը» ինչ-ինչ պատճառներով չի հայտնվել 2026-ի նախընտրական ցուցակում։ Փաստացի, ՔՊ-ն որոշել է իր հերթական նվիրյալին «խժռել», իսկ թե ինչ պատճառով, դեռևս հայտնի չէ։ Չնայած, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանը որոշ փակագծեր բացեց, այսինքն՝ կիսաբաց թողեց՝ հնարավորություն տալով իր ակնարկներից ինչ-ինչ հետևություններ անել։

Այսպես, հստակ որևէ մեղադրանք չներկայացնելով՝ պատգամավորը նշեց, որ ինքը «ցավեցրել» է որոշ ՔՊ-ականների, և ըստ էության, սա էլ պատասխան հարվածն է, որը սակայն իրեն չի կոտրել, ավելին, նա որոշել է բողոքարկել ՔՊ վարչության որոշումը։ 

«Հիմա ունեմ երկու ճանապարհ. առաջին՝ գնալ տուն և չլինել ՔՊ ցուցակում, և երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը։ Ես ընտրել եմ երկրորդ տարբերակը։ Դա անելու եմ իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ ես դեռ 2006 թվականից եմ ճանաչում նրան, 2014-ից էլ «ՔՊ» անդամ եմ, իսկ հետագայում նաև կուսակցության հիմնադիրներից մեկը։ Եվ հիմա էլ արդարության համար պետք է պայքարեմ»,- նշել է Հայկ Սարգսյանը։

Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ ՔՊ-ն այսպես է վարվում «Փաշինյանի գաղափարակից» ընկերոջ հետ, հատկապես, եթե առանց նույն Փաշինյանի համաձայնության նման որոշում լինել ուղղակի չէր կարող։

«Ցավեցրել եմ որոշ մարդկանց»,- պատասխանել է Հայկ Սարգսյանն ու հիշատակել իր բերած օրենքի նախագծերից մեկը, որը վերաբերում էր բուքմեյքերական ընկերությունների հարկերը կրկնապատկելուն։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր՝ երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ «Վիվառո» ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև երկրի վարչապետին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։

Փաստացի, Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության այս որոշումը հենց այս դեպքերի հետ է կապում, և եթե այդպես է, ապա Ալեն Սիմոնյանի հետ հակամարտության ավարտն այս դեպքում հօգուտ ԱԺ նախագահի է։

Իհարկե, Սարգսյանը բաց տեքստով այդ մասին չխոսեց այսօր, բայց իր ակնարկները հենց այդ մասին էին։ Եվ երբ լրագրողներն, իր խոսքից հետևություն անելով, հարց հնչեցրին, թե արդյո՞ք այս ամենը կապված է Ալեն Սիմոնյանի հետ, Հայկ Սարգսյանը ոչինչ չպատասխանեց, նաև լռեց, երբ հարցրին, թե ինչ հարաբերությունների մեջ է Սիմոնյանի հետ։ Որպեսզի ավելի տեսանելի լինի, որ պատգամավորը սլաքներն ուղղում է դեպի ԱԺ նախագահը, նշենք, որ օրինակ Տիգրան Ավինյանի հետ իր հարաբերությունների մասին Սարգսյանը բավականին ջերմությամբ խոսեց՝ ասելով, որ Ավինյանն իր լավ ընկերն է։ Նշենք, որ Սարգսյանի՝ ՔՊ ցուցակում չհայտնվելու մասին մամուլի հրապարակումներում Ավինյանի անունը ևս շրջանառվում էր։ Ըստ տարածվող լուրերի՝ Ավինյանը դեմ էր եղել Սարգսյանի առաջադրմանը, քանի որ վերջինիս «աչքը քաղաքապետի աթոռի վրա է»։ Սակայն այս լուրերը Սարգսյանը կտրուկ հերքեց՝ նշելով, որ Ավինյանը քվեարկությանը չի մասնակցել, ավելին, իրեն էլ ասել է, որ ցավում է այդ որոշման համար։

Ըստ էության, այս դեպքում հաղթանակն Ալեն Սիմոնյանինն է, եթե իհարկե, Հայկ Սարգսյանի դիմումի հիման վրա ՔՊ վարչության որոշումը չչեղարկվի։

Նարե Գնունի

Send