Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքային պայմանները շուտով կդառնան ավելի փափուկ՝ բառացի իմաստով։ MediaHub-ը գնումների պաշտոնական փաստաթղթերից պարզել է, որ ԱԺ աշխատակազմը նոր բազկաթոռների հարցը լուծել է պետական գնումների միջոցով։
Պայմանագիրը կնքվել է Ազգային ժողովի աշխատակազմի և «Պահեստ 1» ՍՊԸ-ի միջև։ Ըստ փաստաթղթերի՝ ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 150 բազկաթոռ, սակայն ոչ միանգամից, այլ մաս-մաս․ սկզբում երկու փուլով՝ 30-ական (ընդհանուր՝ 60 հատ), ապա՝ առանձին ևս 90 հատ։
Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիր մասը։ Առաջին փուլերում գնված 60 բազկաթոռներից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 131 հազար 560 դրամ։ Այդ խմբաքանակի ընդհանուր արժեքը՝ 7 մլն 893 հազար 600 դրամ։
Մինչդեռ նույն բնութագրով ևս 90 բազկաթոռները ձեռք են բերվել արդեն բոլորովին այլ գնով․ մեկ հատը՝ 81 հազար 660 դրամ։ Ընդհանուր՝ 7 մլն 349 հազար 400 դրամ։


Ստացվում է, որ Ազգային ժողովը փաստացի նույն ֆունկցիոնալ բազկաթոռները տարբեր փուլերում գնել է տարբեր գներով։ Արդյունքում պատգամավորների աշխատանքի «հարմարավետության» համար պետական բյուջեից ծախսվել է ընդհանուր 15 մլն 243 հազար դրամ։
Առարկայի բնութագրության բաժնում նշվում է, որ բազկաթոռները գրասենյակային են, ունեն թեքության մեխանիզմ՝ ճոճման և ֆիքսման հնարավորությամբ, իսկ ամրակալները տեղադրված են մեջքի կամ նստատեղի հատվածում՝ կրկնակի պտուտակներով։ Այսինքն՝ ոչ բացառիկ շքեղություն, բայց միանշանակ՝ տարբեր գներով հարմարավետություն։
Պայմանագիրը կնքվել է 2025 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտնում առավելագույնը 21-րդ օրացույցային օրը՝ ուժի մեջ մտնելու պահից։
Նշենք նաև, որ «Պահեստ 1» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվում է պահեստային սարքավորումների և դարակաշարերի մատակարարմամբ, սակայն, ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում կարող է մատակարարել նաև խորհրդարանական բազկաթոռներ՝ գների հետաքրքիր տարբերակմամբ։
Էմմա Մարտիրոսյան

Русский