Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մուսա լեռան հրաշքը չկրկնվեց Արցախի լեռներում․ ինչո՞ւ է լռում քրիստոնյա աշխարհը

Blog Image

Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարեց Բաքվի բանտերում հայ գերիների նկատմամբ կրոնական հողի վրա իրականացվող խոշտանգումների մասին։

Մասնավորապես, նա պատմել է, թե ինչպես են հայ գերիների մաշկից այրման միջոցով հեռացրել խաչի տեսքով դաջվածքները, ինչպես են արգելում Աստվածաշունչը և ստիպում կարդալ Ղուրան։

Տարածաշրջանային վերլուծաբան Ալեն Ղուլյանի կարծիքով՝ ոչ ոքի համար նորություն չէ, որ Արցախում հայերին սպանել և ենթարկել են էթնիկ զտման ոչ միայն տարածքների, այլ նաև նրանց ազգային և կրոնական պատկանելության համար։

«Ղարաբաղյան պատերազմները վերապրածների համար այն, ինչ այսօր կատարվում է հայ գերիների հետ, ամենևին էլ նորություն չէ։ Նույնը տեղի է ունեցել ամբողջ հակամարտության ընթացքում՝ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերից մինչև առաջին արցախյան պատերազմը, 2016 թվականի ապրիլյան մարտերը, 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի էթնիկ զտումը։ Եվ այս ամբողջ ընթացքում քրիստոնյա աշխարհը գերադասեց լռել։ Ո՛չ պաշտպանություն, ո՛չ միջամտություն, ո՛չ էլ քրիստոնյաների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջ»,- նշում է վերլուծաբանը։

Քրիստոնյա աշխարհը աչք է փակել անգամ ադրբեջանական վարչակարգի կողմից օկուպացված Արցախում ոչնչացվող եկեղեցիների, տաճարների, հարյուրավոր քրիստոնեական խաչքարերի ու սրբավայրերի փաստի վրա։ Պատշաճ դատապարտում ու պատասխանատվության ենթարկելու պահանջ այդպես էլ չի հնչել։ Լռում է նաև Վատիկանը։

«Իսկ ինչո՞ւ պետք է Հռոմի պապը որևէ պահանջ ներկայացնի։ «Հեյդար Ալիևի հիմնադրամի» միջոցով Իլհամ Ալիևի ընտանիքը 2009 թվականից ֆինանսավորում է Վատիկանում իրականացվող տարբեր ծրագրեր՝ քրիստոնեական կատակոմբների և Վատիկանի թանգարանների օբյեկտների վերականգնումից մինչև Առաքելական գրադարանն ու Սուրբ Պողոս առաքյալի բազիլիկը։ Խոսքը միլիոնավոր եվրոների մասին է։ Իսկ 2020 թվականին Մեհրիբան Ալիևան Սուրբ Աթոռից ստացավ Պապական բարձրագույն ասպետական շքանշաններից մեկը՝ Պիոս IX-ի շքանշանի Մեծ խաչը»։

Ղուլյանը նկատում է․ Ալիևների ընտանիքը Արցախում ոչնչացնում է եկեղեցիները, իսկ հանցագործության վայրից դուրս ֆինանսավորում է քրիստոնեական սրբավայրերի վերականգնումը և իրենց ներկայացնում որպես «քրիստոնեական ժառանգության պաշտպան»։

«Ակամա հիշում ես Մուսա լեռը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարիներին։ Երբ Մուսա լեռան ստորոտին գտնվող մի քանի գյուղերի հայերը մոտալուտ կործանումից փրկվելու համար բարձրացրել էին երկու դրոշ՝ մեկը՝ մեծ կարմիր խաչով, մյուսը՝ անգլերեն գրությամբ՝ «Christians in distress: rescue» («Քրիստոնյաները վտանգի մեջ են․ փրկե՛ք»), ինչից հետո շուրջ 4000 մարդ փրկվեց ֆրանսիական և բրիտանական նավերի կողմից։ Այօր՝ տեխնոլոգիաների և ակնթարթային կապի դարաշրջանում, այլևս պետք չէ բարձր ժայռերին դրոշներ կախել կամ ափից որևէ ազդանշան ուղարկել։ Ամբողջ աշխարհը գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում, բայց ոչ ոք այդպես էլ չուղարկեց իր «նավերը», չդատապարտեց այդ հանցագործությունները, չպահանջեց միջազգային տրիբունալով պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հետապնդում էին քրիստոնյաներին։

Մուսա լեռան հրաշքը Ղարաբաղյան լեռներում այդպես էլ չկրկնվեց։ Սպասեցինք միայն հերթապահ ցավակցական ու մտահոգիչ ձևակերպումների»
,- ասում է Ղուլյանը։

Նրա խոսքով՝ անգամ քրիստոնյա Հայաստանի իշխանություններն իրենք հրաժարվեցին Արցախից և դարձան Իլհամի հանցագործությունների մեղսակիցը։ Արցախում այսօր էլ ոչնչացնում են հայկական սրբավայրերը, ջնջում, վերաշարադրում և կեղծում են Արցախի պատմությունը։

«Իշխանությունը գոնե մեկ անգամ բացե՞լ է բերանը։ Գոնե մեկ անգամ պահանջե՞լ են դադարեցնել մեր եկեղեցիների ոչնչացումը։ Դիմե՞լ են միջազգային կառույցներին, պահանջե՞լ են հետաքննություններ, հայտարարե՞լ են որոնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր տասնամյակներ շարունակ սպանել են հայ քրիստոնյաներին և ոչնչացրել եկեղեցիները։ Եվ, ի վերջո, նրանք ներում շնորհեցին սիրիացի զինյալներին, որոնց Ադրբեջանը գումարի դիմաց տեղափոխել էր Արցախ՝ քրիստոնյաներին սպանելու համար»,- եզրափակեց վերլուծաբանը։

Հունան Թադևոսյան

Send