Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Շուտով մենք ձեզ կասենք, թե ինչից եք թունավորվել, մյուս անգամ զգույշ կլինեք

Blog Image

Բյուրեղավան համայնքում տեղի բնակիչների շրջանում հերթական աղիքային վարակի դեպքն է արձանագրվել։

Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի, որոնցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ, և դրանց լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվել։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ հինգ ամսվա ընթացքում երրորդ նմանատիպ դեպքի պատճառը ո՞րն է, եթե գոնե թե այս անգամ ջրի որակը պարբերաբար վերահսկվել է, մինչդեռ նախորդ թունավորման դեպքերն անմիջականորեն կապվել են Բյուրեղավան համայնքի բնակիչների օգտագործած խմելու ջրի հետ։ Նաև առողջապահության նախարարության կողմից իրականացված լաբորատոր հետազոտություններով հաստատվել է, որ տվյալ համայնքի որոշ բնակավայրերում ծորակներից հոսող ջրի որակը տվյալ ժամանակահատվածում խնդրահարույց է եղել։ Դեպքի վայրից վերցված նմուշներում ախտածին մանրէներ են հայտնաբերվել։ Ու չնայած իրականացված մոնիթորինգին՝ հերթական դեպքն անխուսափելի եղավ, ինչն արդեն չարաբաստիկ օրինաչափություն է դառնում։

Արդյո՞ք սա չի վկայում պետական կառավարման համակարգի անկարողության, տկարության և ապիկարության մասին, քանի որ քաղաքացիների առողջության նկատմամբ նման անփույթ վերաբերմունքի համար առաջին հերթին հենց պետությունն է մեղավոր՝ ի դեմս կառավարության համապատասխան գերատեսչությունների, հետո նոր՝ ջրային օպերատորը, որին էլ կասկածում են ենթադրյալ թունավորումների մեջ։ Չնայած ինչո՞ւ ենթադրյալ։ Փաստացի նախորդ երկու դեպքերում առողջապահության նախարարության հրապարակած լաբորատոր հետազոտության արդյունքները հուսադրող չէին։ Հուլիսին համայնքում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել էին ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից պարզաբանել էին, որ ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
Առաջին դեպքը, որի ժամանակ գրեթե երեք տասնյակ քաղաքացի էր ախտահարվել, դեռ ապրիլին էր։ Եվ այդ ժամանակ արդեն առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» կենսաբանական նմուշների հետազոտությունների արդյունքներով ջրում ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ էր հայտնաբերել։ Բայց ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը՝ խնդրի ի հայտ գալը և դրա մասին բարձրաձայնելը ազդակ չդարձավ վարակի օջախը վերացնելու համար։ Խնդիրն ակնհայտորեն առողջապահության նախարարության տիրույթից այն կողմ չգնաց, իսկ նախարարությունն այս դեպքում զուտ խնդիրը հայտնաբերողի ու արձանագրողի, նաև պատկան կառույցներին տեղեկացնողի գործառույթ ունի։ Եթե ամբողջ շղթան աշխատեր, թերևս հնարավոր կլիներ կանխել հետագա երկու դեպքերը՝ նաև մեղավորներին պատժելու միջոցով։ Այնպիսի տպավորություն է, որ նման խնդիրների համար պատասխանատու կառույցների շղթայի հաջորդ օղակում հանցավոր ինչ-որ համաձայնությամբ կոծկվում է բուն մեղավորը, և առողջապահության նախարարության կատարած աշխատանքը պարզապես ջուրն է ընկնում, իսկ մարդիկ շարունակում են վտանգի ենթարկել իրենց առողջությունը՝ կուրորեն վստահելով այդ օղակի բոլոր պատասխանատուներին։ Իսկ նրանք մարդկանց առողջության մասին հոգալու փոխարեն՝ աչք փակելու քաղաքականությամբ միտումնավոր թունավորում են մարդկանց, քանի որ հիվանդության առաջացումը կանխարգելելու գործառույթն իրականացնելիս անգործություն ցուցաբերելը ևս կարող է դիտվել որպես միտում։

Այս դեպքում ևս ՀՎԿԱԿ-ի մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին նմուշառումներ պետք է իրականացնեն՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։ Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ: Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Եթե այս տիտանական աշխատանքը, այն էլ՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, պետք է նորից կատարվի զուտ տեղեկատվություն տրամադրելու համար, որ մարդիկ իմանան, թե ինչից են թունավորվել, բայց օրինաչափություն դարձած հիվանդացությունները նույն տեմպով պետք է վտանգեն մարդկանց առողջությունը, այդ դեպքում նման դեպքերի բարձրաձայնման, լաբորատոր հետազոտությունների իմաստը ո՞րն է։ Սա՞ է Փաշինյանի ասած՝ ջրային ոլորտի վերափոխումը։

Թագուհի Ասլանյան

Send