Երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ահազանգեց, որ Արմավիրի Քարակերտ բնակավայրում ոչխարաբույծներից մեկի ոչխարներն անհասկանալի պատճառներով սատկում են։ Ոչխարների անկումը սկսվել է մեկ շաբաթ առաջ և այն հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ, ըստ ոչխարաբույծի, իրավասու մարմինները չեն կարողանում անկման ճիշտ պատճառը պարզել, որի հիման վրա էլ անասնաբույժը բուժում կնշանակի։
«Ուրբաթ օրը՝ մարտի 6-ին, ինչ-որ հիվանդություն սկսեց տարածվել ոչխարների հոտում, ինչի պատճառով էլ մոտ 100 գլուխ ոչխար ու գառնուկներ սատկեցին։ Մեծ մասին էլ, որ նայում եմ, կարծես հոգեվարքի մեջ լինեն։ Անհանգստանալով, երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, անալիզները տարել եմ լաբորատորիա, մարտի 11-ին լաբորատորիայից ստացվել են պատասխանները, հիվանդությունը նշվել է «թեյլերիոզ»։
Զանգել, հարցրել եմ՝ ինչպես պայքարեմ հիվանդության դեմ, պարզվում է՝ իրենք էլ չգիտեն, թե ինչ կարող եմ անել, որ մնացած անասունները փրկվեն»,- ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է Քարակերտի բնակիչը՝ հավելելով, որ ՍԱՏՄ անասնաբուժության վարչությունից են իրեն ուղղորդել, որ նմուշները ներկայացնի իրենց լաբորատորիա։ Հենց իրենք էլ սատկած գառների մոտ թեյլերիոզ պարազիտային հիվանդությունն են հայտնաբերել։ Սակայն դրանից հետո որևէ մեկը խնդրի մասին ոչ բարձրաձայնել է, ոչ հետաքրքրվել՝ գյուղատնտեսին թողնելով միայնակ անասունների շրջանում ի հայտ եկած հիվանդության և կենդանիների կյանքը փրկելու խնդրի հետ։ Այն դեպքում, երբ իր տնտեսությունը նա հսկայական վարկեր վերցնելու գնով է ստեղծել և հիմա եկամուտ ստանալու փոխարեն կարող է ամբողջությամբ կորցնել տնտեսությունը կամ իր կատարած ներդրումները ոլորտում դառնան անարդյունավետ։ Մինչև իրավասու մարմինները տեղից կշարժվեն, եթե ընդհանրապես շարժվեն և գործուն օգնություն ցույց կտան դժվարության մեջ հայտնված ֆերմերին, ամեն օր գառների շրջանում նորանոր տասնայկներով անկում է լինում։
Այսպիսի աջակցություն է ցուցաբերում կառավարությունը գյուղատնտեսությանը, իսկ Փաշինյանն իր իրավասության տակ գործող կառույցներում գիտակ մասնագետների ընդգրկելու և ոլորտն առանձնակի ուշադրության կենտրոնում պահելու փոխարեն գյուղացիներին հորդորում է անգլերեն սովորել և խոսել պտուղ-բանջարեղենի հետ, որ բերքատվությունը լավը լինի։ Գուցե այս դեպքում ևս անասնաբույծը անգլերենի անգիտության պատճառով այսպիսի պատուհաս է բերել խեղճ գառների գլխին ու նրա լեզու չիմանալը գառների անկման պատճառ է դարձել։
Կատակը կատակ, բայց հենց այսպիսի դրվագներով է ակնհայտ դառնում, թե իշխանության գալով՝ այլ նախարարությունների հետ միասին, նորաթուխ վարչապետն ինչու փակեց գյուղատնտեսության նախարարությունը։ Եվ պատահական չէ, որ այդ կառույցի բացակայության պայմաններում բավականին հաճախակի են անասունների շրջանում տարատեսակ հիվանդություններ բռնկվում, որոնք վնասում են թե՛ ոլորտին, թե՛ այդ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողին։ Եվ գյուղատնտեսության տարեցտարի անկումը նաև սրանով է պայմանավորված՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
Վերադառնալով Քարակերտի բնակչի խնդրին, նշենք, որ MediaHub-ը ՍԱՏՄ մամուլի պատասխանատուից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Քարակերտ բնակավայրում ոչխարների անկումը վտանգավոր չէ և չի կարող համաճարակի պատճառ դառնալ, որովհետև քարակերտցին ահազանգել էր, որ հարևանների ոչխարների շրջանում նույնպես համանման ախտանշաններ են ի հայտ եկել և որ ինքը կասկածում է, թե լաբորատորիայի պատասխանը ճիշտ չէ, քանի որ մինչև այդ հակապարազիտային, հակատզային միջոցառումներ է իրականացրել։ Այնտեղից հաստատեցին, որ լաբորատոր ստուգումներով սատկած անասունի մոտ պարազիտային թեյլերիոզ է հայտնաբերվել, որը կարանտինային հիվանդություն չէ, սակայն դրա մասին հարկավոր է պարտադիր ծանուցել, որպեսզի բուժմամբ դրա տարածումը կանխվի։ Թեյլերիոզը կենդանիներից մարդուն չի փոխանցվում։
Պարզեցինք նաև, որ Շամշյանի տեսանյութից հետո երեկ Քարակերտ են այցելել ՍԱՏՄ-ի և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, հրավիրվել է անասնաբույժ, առաջարկվել են կենդանիների բուժման եղանակներ, սակայն բուժումը պետք է իրականացնի կենդանատերը, քանի որ այդ հիվանդությունը պետության կողմից պարտադիր իրականացվող միջոցառումների ցանկի մեջ ընդգրկված չէ։
Բավական չէ, որ այս օրերի ընթացքում, մինչև հիվանդությունն ահագնանում էր ոչխարների հոտում, մեր հոդվածի հերոսը արդեն հսկայական վնասներ է կրել նաև անարդյունավետ բուժման պատճառով, հիմա էլ դեռևս արդյունավետությունը չպարզած բուժման համար պետք է գումար ծախսի՝ պետական զրո աջակցության պայմաններում։ Դե սա էլ հո Ադրբեջանի տարածքով եկող ղազախական ցորեն չէ, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ու իր համախոհների էջերով ի լուր աշխարհի շեփորահարի դրա մասին ու գովերգի իրենց կառավարությանը, թե տեսեք ինչ բացառիկ ձեռքբերումների ենք հասել։ Այդ բացառիկ «ձեռքբերումների» կողքին ձախողած գյուղատնտեսությունն է, որտեղ ոչ միայն կանխարգելիչ գործողություններ չեն իրականացվում փաստորեն, այլ նաև խնդրի ի հայտ գալուց հետո այն լուծելու ուղղությամբ քայլերն են ալարկոտ։
ՍԱՏՄ մամուլի պատասխանատուն հայտնեց նաև, որ մասնագետների կողմից արդեն համապատասխան ցուցումներ են ներկայացվել՝ հիվանդության հնարավոր տարածումը կանխելու համար՝ կենդանիների ախտահանում, առողջ կենդանիներից առանձնացում, բուժում։ Ախտահանման և բուժման քայլերը պետք է ձեռնարկեն համայնքի ղեկավարը և անասնաբույծը։ Անկած կենդանիների թաղման գործընթացը վերահսկվում է ՍԱՏՄ տեսուչների կողմից, վայրը տրամադրում է տեղական ինքնակառավարման մարմինը՝ տվյալ համայնքի ղեկավարը։
Թագուհի Ասլանյան

Русский