ԱԺ-ից տեղեկանում ենք, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
Դե, բնականաբար, թե՛ մուրճն է ՔՊ-ի ձեռքում, թե՛՝ մեխը, ուստի պարզից էլ պարզ է, որ Վարդանյանը կդառնա ՍԴ դատավոր։ Իսկ խորհրդարանում ո՞վ կփոխարինի նրան և երկու ամսով «կվայելի պատգամավորական մանդատը»։
Ինչպես տեղեկանում ենք ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական ցուցակից, հերթը Վահան Զարոյանինն է, ով ցուցակում եղել է 104-րդը։
Նշենք, որ դեռ այդ ժամանակ էր բավականին լուրջ քննարկումների տեղիք տվել նրա թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Զարոյանը 2019 թվականին երկրորդ նախագահի դեմ ցույց իրականացնողների մեջ էր։ Մինչ այդ 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնում, իսկ արդեն 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ազատվել էր աշխատանքից:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ էր կեղծել, ինչի համար էլ Փաշինյանը հեռացրել էր զբաղեցրած պաշտոնից: Այնուհետև նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել էր համաներման հիմքով։
Այնուհետև Զարոյանը մասնակցեց նաև Վարդենիսի ՏԻՄ ընտրություններին՝ հույս ունենալով դառնալ համայնքապետ, սակայն այստեղ էլ բախտը նրան չժպտաց, և քաղաքապետ ընտրվեց Արամ Մելքոնյանը։ Հիմա հերթը պատգամավոր դառնալունն է։ Ըստ էության, նա կհասնի «բաղձալի» պաշտոնին։

Русский