Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի շեմին․ արդյո՞ք Հայաստանը վտանգի տակ է

Blog Image

Իրանի շուրջ ռազմական լարվածությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը MediaHub-ի հետ զրույցում նշում է, որ ներկայում գործ ունենք լայնածավալ պատերազմի հետ։

«Գործ ունենք լայնածավալ պատերազմի հետ, պատերազմ, որն ընդգրկում է գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը, և այս համատեքստում ակնհայտ է, որ աշխարհի ամենաուժեղ գերտերության դեմ պայքարում իրանցիները առայժմ կարողանում են դիմադրել։ Այդ դիմադրությունը կազմակերպում են իրենց ունեցած ողջ հնարավորություններով, մասնավորապես, թիրախավորում են Միացյալ Նահանգների ռազմական ենթակառուցվածքները Պարսից ծոցի արաբական միապետություններում, Իրաքի տարածքում։ Բնականաբար, Իրանի վրա թթվել է ամերիկաիսրայելական կոալիցիան. Իրանին հասցվող հարվածները շատ ուժգին են, և պատերազմը այս պահին ընթացքի մեջ է, ցավալիորեն»,- նշեց Ոսկանյանը։

Անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ իրանագետը նկատում է, որ Վաշինգտոնից հաճախ հնչում են իրարամերժ հայտարարություններ։

«Չեմ կարծում, թե աշխարհում կա մի պետություն, որն ունի անսպառ ռեսուրսներ և հնարավորություններ։ Բայց շատ հաճախ մենք ականատես ենք լինում տարատեսակ և իրարամերժ հայտարարությունների` Վաշինգտոնից։ Դա երկու նպատակ ունի՝ նախ՝ ըստ էության չբացել ծրագրերը կապված պատերազմական գործողությունների հետ, ինչը բնական է․ ոչ մի պատերազմող կողմ չէր ցանկանա, որ իր ծրագրերը հակառակորդը իմանա։ Եվ երկրորդը պայմանավորված է ընթացիկ իրավիճակի փոփոխություններով։ Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներում ենթադրում էին, թե Իրանի հարվածը կլինի այսքան ուժեղ և ցավոտ։ Ակնհայտ է, որ Ամերիկան չի հանդուրժի երկարատև արյունալի պատերազմ, որտեղ կլինեն զոհեր Միացյալ Նահանգների զինված ուժերի շրջանում, հետևաբար չեմ կարծում, թե երկարատև պատերազմը ձեռնտու կլինի»,- ասաց իրանագետը։

Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության վերաբերյալ հայտարարությանը՝ իրանագետը նշեց․ «Իրականում չեմ կարող խոսել երրորդ համաշխարհայինի մասին, բայց ակնհայտ է, որ մեր հարևանությամբ նույնիսկ այս մասշտաբների պատերազմը վտանգավոր է։ Հայաստանը Իրանի անմիջական հարևանն է, մենք ունենք ցամաքային սահման, և այդ լայնածավալ պատերազմական գործողություններն ընթանում են, ըստ էության, մեր տարածաշրջանում։ Հետևաբար կան վտանգներ, ռիսկեր, էլ չասեմ հումանիտար վտանգավոր աղետների մասին, որոնք մշտապես առկա են։ Պատերազմի հնարավոր արագ դադարեցումը, կարծում եմ, նաև համաշխարհային պատասխանատվության մակարդակում պետք է լուծվի, որովհետև չեմ կարծում, թե դա ձեռնտու է նաև Մերձավոր Արևելքի այլ պետություններին»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք տարածաշրջանային այս պատերազմը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել Հայաստանի համար՝ Վարդան Ոսկանյանը նշեց․ «Չեմ կարծում, որ ուղիղ վտանգ կա կախված Հայաստանի գլխին, բայց այնուհանդերձ, պատերազմը տեղի է ունենում հարևան երկրում»։

«Պատերազմից ընդամենը մի քանի օր է անցել, և բնականաբար, ցանկացած կազմակերպված պետություն պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների՝ հաշվի առնելով դրանց հավանականությունը, և ունենա գործողությունների ծրագիր՝ յուրաքանչյուր սցենարի պարագայում։ Դա շատ կարևոր է»,- եզրափակեց խոսքը իրանագետը։

Ալիտա Եղիազարյան

Send