Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Էլեկտրոնային ստորագրություն չունեցողներ, շտապե՛ք, աշխատանքային պայմանագիր չեք կարող կնքել. Սարգսյան

Blog Image

Աշխատանքային պայմանագրերն այսուհետ կնքվելու են միայն էլեկտրոնային տարբերակով։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Ժորա Սարգսյանը։ 

Պայմանագրերի նոր ֆորմատով կնքման համար արդեն իսկ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում լինելու է Excel ձևաչափով ներմուծման հնարավորություն, ու համապատասխան կոճակի միջոցով Excel ձևաչափը ներբեռնվելու է, այնուհետև լրացվելու է ամբողջ տեղեկատվությունը աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ և ձևավորվելու է պայմանագիր՝ յուրաքանչյուր աշխատակցի մասով։

«Եթե գործատուն արդեն իսկ էլեկտրոնային համակարգում ստեղծել է պայմանագիր, կարող է մյուս աշխատողների մասով իր ստեղծած պայմանագրի հիման վրա փոփոխություններ կատարել։ Պայմանական, եթե ինքն արդեն իսկ աշխատանքի է ընդունել հաշվապահի, որի մասով ստեղծել է պայմանագիր, ևս մեկ հաշվապահ ընդունելու դեպքում, ստացվում է, որ գրեթե բոլոր դաշտերը միանման են լինելու, մնում է փոխել անունը-ազգանունը, վարձատրությունը, իսկ հիմնական կարևոր կետերն արդեն կլինեն: Աշխատանքի ընդունվածների վերաբերյալ ՊԵԿ-ում առկա տեղեկատվությունը համակարգն ինքնաշխատ եղանակով տեղափոխելու է պայմանագիր, և գործատուներին մնալու է միայն համեմատել, թե գրանցման հայտնի տեղեկատվությունը, որը տեղափոխվել պայմանագիր, որքանով է համապատասխանում իրականությանը»,- ներկայացրել է Ժորա Սարգսյանը։

Պայմանագրի կնքման համար քաղաքացիներն էլ իրենց անելիքն ունեն։ Այսպես, նրանք, ովքեր եկամուտների հայտարարագրում իրականացրել են, ունեն էլեկտրոնային ստորագրություն, աշխատանքային հարաբերությունների դաշտում  նորից պետք է պայմանագիր ստորագրեն։ 

«Երկու տարբերակ կա, անձինք, որոնք նոր են ընդունվելու աշխատանքի և նրանք, որոնք ընդունված են աշխատանքի։ Արդեն իսկ աշխատանքի ընդունված քաղաքացիներն այս տարվա ընթացքում պետք է ինչ-որ մի օր՝ գործատուի կողմից մուտքագրելուց հետո, ստորագրեն իրենց պայմանագրերը։ Իսկ աշխատանքի ընդունվողների համար պետք է զրոյից ստեղծվի պայմանագիր, և իրենք պետք է ստորագրեն այն, որ համարվեն աշխատող։ Այդ դեպքում իրենք պետք է ստորագրեն պայմանագիրն աշխատանքի գնալու նախորդ օրը»,- ներկայացրել է Սարգսյանը։

Նշենք, որ այն քաղաքացիների համար, որոնք արդեն ունեն էլեկտրոնային ստորագրություն, ավելի հեշտ կլինի, իսկ նրանք, որոնք չունեն, պետք է օր առաջ դիմեն էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար։ Հակառակ դեպքում, էլեկտրոնային ստորագրություն չունենալը կարող է խոչընդոտել աշխատանքային պայմանագիր կնքելուն։

Նարե Գնունի

Send