Օրերս ֆեյսբուքյան իր էջում «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Հետազոտություններից հետո պարզվել է, որ երեխան մեծ չափաբաժնով թմրամիջոց է օգտագործել։ Ըստ ահազանգի՝ թմրամիջոցը երեխայի մոտ հիշողության կորուստ է առաջացրել, երեխան էլ ծանր վիճակում է գտնվում։
Նա բաց հարցում է արել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, թե քանի՞ երեխա պետք է հայտնվի հիվանդանոցում, որպեսզի հասկանանք, որ սա արդեն ոչ թե առանձին դեպք է, այլ ահազանգ՝ ամբողջ հասարակության համար։ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, արձագանքելով հրապարակմանը, նշել է, թե իրենք հաղորդումը ստացել են, և այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացնում։
«Դեպքը ՆԳՆ ոստիկանության ղեկավարության կողմից հսկողության տակ է: Հավելյալ տեղեկություն ունենալուն պես՝ կհայտնեմ»,- նշել է ՆԳՆ խոսնակը։
Փորձեցինք Նարեկ Սարգսյանից հետաքրքրվել, թե գործով ի՞նչ բացահայտումներ են արվել, սակայն նա հայտնեց, որ ինչ գրել է մեկնաբանությունում, դա է, այլ բան չի կարող հայտնել, և հորդորեց դիմել Քննչական կոմիտե, որտեղից էլ մեզնից գրավոր հարցում պահանջեցին։
MediaHub-ը Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանից տեղեկացավ, որ թմրանյութ օգտագործելու հետևանքով հիվանդանոցում հայտնված երեխան նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ, 12-ամյա Ա. Մանուկյանն է։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ին, և երեկվա դրությամբ երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու տանն է շարունակում ապաքինումը։ Ինչպես տեղեկացրեց դպրոցի տնօրենը՝ ծնողների հավաստմամբ տղայի հիշողությունն ամբողջությամբ վերականգնվել է։
Պարոն Չաթոյանը որևէ տեղեկություն չուներ, թե ինչ ճանապարհով է թմրանյութը հայտնվել երեխայի օրգանիզմում՝ որևէ սննդի միջոցով, թե ուղղակի օգտագործման ճանապարհով.
«Գործն այս պահին իրավապահների տիրույթում է, նրանք զբաղվում են դրանով, և թե՛ մենք, թե՛ ծնողները՝ որպես շահագրգիռ անձ, անհամբեր սպասում ենք քննության ավարտին, որից հետո բոլորս կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները»։
Էդգար Չաթոյանը կարևոր է համարում գործի ամբողջական քննությունն ու եղելության բացահայտումը՝ հետագայում նման դեպքերը կանխելու համար։ Այնինչ «Ձեռքդ տուր» ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանի ենթադրությամբ՝ երեխան կարող էր որևէ քաղցր մթերքի միջոցով այն օգտագործած լինել։
Ի դեպ, դպրոցի տնօրենը տեղյակ չէր, որ դեպքի մասին առաջինն ահազանգել է «Ձեռքդ տուր» ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը, տեղյակ չէր նաև, թե նա ինչ կապ ունի տուժած երեխայի հետ, թեև նրա գրառումից ի սկզբանե տպավորություն էր ստեղծվել, թե երեխաների էքսկուրսիայի կազմակերպիչը հենց իրենք են։ Բայց դպրոցականների էքսկուրսիայի նախաձեռնողը եղել է դպրոցը, իսկ իրականացնողը Արագածոտնի մարզի Կարին բնակավայրում գործող «Հայաստանի ծառերի տնկման ծրագիր» (ATP) հիմնադրամն է եղել, որն այդ վայրում տնկարաններ ունի և նման էքսկուրսիաներ է կազմակերպում նաև դպրոցականների շրջանում։
Տնօրենը քաջատեղյակ է եղել էքսկուրսիայի մասին, ավելին՝ իրենք մի քանի ամիս սպասել են իրենց հերթին, քանի որ շատերն են այնտեղ էքսկուրսիայի գնում։ Դպրոցից այդ օրը հիմնադրամի ավտոբուսով էքսկուրսիայի են մեկնել 5-8-րդ դասարանցիները՝ 7 ուսուցիչների ուղեկցությամբ։ Ինչպես հայտնեց մեր զրուցակիցը՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե էքսկուրսիայի ժամանակ կամ անմիջապես էքսկուրսիայից հետո, այլ հաջորդ օրը, իսկ երեխայի դասղեկին ծնողներն ահազանգել են տուն վերադառնալուց գրեթե չորս ժամ անց․
«17:15 կամ 17:20 աշակերտները վերադարձել են էքսկուրսիայից և ծնողների ուղեկցությամբ տուն են գնացել։ Ծնողները երեխայի ուսուցչին զանգահարել են ժամը 21:50-ին՝ տուն հասնելուց ավելի քան չորս ժամ հետո, և ասել, որ նա իրեն լավ չի զգում։ Դեպքի մանրամասները կպարզվեն միայն քննությունից հետո»։
Տնօրենը մեզ նաև տեղեկացրեց, որ տնկարանում էքսկուրսիայի ժամանակ դպրոցականներին լավաշ, պանիր, վարունգ և քաղցրավենիք են հյուրասիրել։ Բայց տնօրենն ասաց՝ չի կարծում, որ այդ հյուրասիրությունից երեխայի ինքնազգացողությունը վատանար, քանի որ էքսկուրսիայի 21 աշակերտ է մեկնել, բոլորն էլ օգտվել են հյուրասիրությունից, սակայն միայն Արենն է հայտնվել հիվանդանոցում։
Լրատվամիջոցներին 12-ամյա դպրոցականի հորաքույրը պատմել է, թե Արեն Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է ավտոբուսի մեջ՝ էքսկուրսիայից վերադառնալիս։ Նրա խոսքով՝ մինչև էքսկուրսիա գնալը տղան իրեն լավ է զգացել, իսկ տուն վերադառնալուց հետո գանգատվել է առողջական խնդիրներից։ Երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, չեն կարողացել հասկանալ՝ ինչն է ինքնազգացողության վատթարացման պատճառը: Հաջորդ օրը տղային տեղափոխել են «Ուիգմոր» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ երեխային ենթադրաբար թմրամիջոց են տվել:
Հորաքույրը նաև հայտնել է, թե իր զարմիկի հիշողությունը դեռ չի վերականգնվել, իսկ խոսքն անտրամաբանական է և անհասկանալի. երեխան հոգեբանական վատ վիճակում է գտնվում, և նրա հետ հոգեբան է աշխատում։
Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով MediaHub-ը հարցումներ է ուղարկելու իրավասու մարմիններին։ Նմանատիպ այլ դեպքերի կանխման համար մենք պարտաստ ենք օգտագործել չորրորդ իշխանության ընձեռած բոլոր լծակները։
Թագուհի Ասլանյան

Русский