Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին անցկացվեցին 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները։
Սա 2017 թվականից ի վեր երկրում անցկացվող առաջին հերթական (ոչ արտահերթ) խորհրդարանական ընտրությունն էր։
Ընտրապայքարին մասնակցում էր 18 քաղաքական ուժ (16 կուսակցություն և 2 դաշինք)։ Քաղաքական ուժերից ձայների մեծամասնությունը ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 827 ձայնով (49.825%), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 340 հազար 88 ձայնով (23.281%), «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայնով (9.934%):
Նախնական տվյալներով՝ խորհրդարանից ընդամենը 0.004 տոկոսով դուրս մնաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ). այս ուժը դիմել է վերահաշվարկի համար և ըստ էության, հայտնվելու է ԱԺ-ում։
Ամփոփելով ընտրությունների ընթացքն ու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխությունները՝ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։
«Առաջին իրողությունն այն է, որ ընտրությունների ընթացքում քաղաքացիները ստիպված էին ընտրություն կատարել ոչ թե ապագա հասարակական-տնտեսական կարգի կամ արտաքին քաղաքական գաղափարախոսության, այլ ավելի շատ անձերի միջև։ Ֆավորիտ համարվող և անցողիկ շեմը հաղթահարած առաջատար ուժերն էլ անձնավորված էին և ձևավորված կոնկրետ առաջնորդների խարիզմայի շուրջ: Ասենք՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ Նիկոլ Փաշինյան, «Բարգավաճ Հայաստան»՝ Գագիկ Ծառուկյան, «Ուժեղ Հայաստան»՝ Սամվել Կարապետյան։ Հասարակությունն ընտրություն էր կատարում անձերի, նրանց հեղինակության և խարիզմայի միջև»,- նշեց Քեռյանը։
Նա հավելեց, որ այս ընտրությունները կարծես հանրաքվե լինեին Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ, քանի որ իշխող քաղաքական ուժն իր գործողություններով հիմնականում դիրքավորվել է դեպի Արևմուտք՝ ԵՄ, և հատկապես Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացում։
«Մյուս երեք քաղաքական ընդդիմադիր ուժերի մոտ հստակ զգացվում էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեջ մնալու նարատիվը։ Չենք կարող ասել, որ այդ ուժերը մերժում են համագործակցությունը արևմտյան ուժային կենտրոնների հետ, բայց, ամեն դեպքում, ներկա եվրասիական և ռուսական արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը պահպանելու կամ չպահպանելու տարբերությունն ընդգծված էր»,- պարզաբանեց քաղաքագետը։
Անդրադառնալով ընտրական գործընթացի վերաբերյալ դժգոհություններին՝ քաղաքագետը նշեց. «Հիմա լայնածավալ քննարկումներ կան ընտրությունների հնարավոր կեղծման վերաբերյալ, բայց այդ կեղծարարության փաստերը, ցավոք սրտի, առայժմ դեռ օդում հնչող հայտարարություններ են. չկան հստակ ապացույցներ, որոնք կարող են ազդել ընտրության արդյունքների վրա։ Այնպես որ, գրեթե չեմ հավատում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կփոխվի. շատ չնչին՝ գուցե 0,1 կամ 0,2 տոկոսի տարբերությամբ արդյունքները կպահպանվեն»։
Գարիկ Քեռյանի խոսքով՝ մեր հասարակությանն այսօր ամենից շատ անհանգստացնում է անվտանգության և խաղաղության խնդիրը, ինչը լիովին հասկանալի է, քանի որ նույնիսկ այս օրերին կիսապատերազմական շունչը դեռ չի վերացել։ Նախորդ պատերազմների զոհերն ու հազարավոր վիրավորները ծանր հոգեբանական հետք են թողել ժողովրդի վրա։
«Եթե վերջ ի վերջո սոցհարցում անցկացվի, թե քաղաքացիներն այս ընտրություններից ինչ հասկացան կամ որտեղ են տեսնում մեր անվտանգությունը՝ Ռուսաստանո՞ւմ, Եվրոպայո՞ւմ, Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ լեզու գտնելու մեջ, կտեսնենք, որ մարդիկ անորոշության մեջ էին և այդպես էլ անորոշության մեջ մնացին»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը։

Русский