ՀՀ քննչական կոմիտեն ցանկանում է երկարաձգել ՀԱԵ Արագածոտնի թեմի հաշվապահ Նաիրա Ալավերդյանի տնային կալանքը։
MediaHub-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ։
Ճշտող հարցին, թե ի՞նչ հիմքով է միջնորդությունը ներկայացվել, Քննչական կոմիտեն չմեկնաբանեց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Նաիրի Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Էմմա Մարտիրոսյան

Русский