Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն է։ Արդյո՞ք Հայաստանում պահպանված են մարդու իրավունքները․ իհարկե՝ ոչ։
Մարդու իրավունքների միջազգային օրը Հայաստանում նշվում է լրջագույն մտահոգությունների ներքո։ Չնայած պաշտոնական հայտարարություններին և միջազգային պարտավորություններին, երկրի ներսում իրավիճակը հաճախ չի համապատասխանում մարդու իրավունքների ապահովման այն չափանիշներին, որոնց Հայաստանը պարտավոր է հետևել։
Պաշտոնական տվյալները հստակ վկայում են անվտանգության և իրավակարգի ընդհանուր վատթարացման մասին։ Միայն մեկ օրվա ընթացքում արձանագրվում են շուրջ 160 հանցագործություն, գրանցվում՝ 15 ավտովթար, զոհվում՝ 1, վիրավորվում՝ 18 մարդ։ Այս ֆոնին դժվար է խոսել լիարժեք անվտանգության մասին, առավել ևս՝ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։
Համեմատական տվյալներն առավել ուշագրավ են։
Եթե 2017-ին Հայաստանում գրանցվել էր 20,284 հանցագործություն, ապա 2024-ին այդ թիվը հասել է 40,232-ի` գրեթե կրկնապատկվելով։ Անձի դեմ ուղղված հանցագործությունները աճել են 4,868-ից՝ հասնելով 7,353-ի։
Հասարակական անվտանգության և առողջության դեմ հանցագործությունները 3,650-ից հասել են 15,502-ի, ինչը լուրջ ահազանգ է պետական ինստիտուտների արդյունավետության վերաբերյալ։
Վերջին տարիների ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունները, ընդդիմադիր խմբերը և մի շարք հասարակական շրջանակներ բազմիցս արձանագրել են մարդու իրավունքների խախտումների վտանգավոր միտումներ։ Նշվում է քաղբանտարկյալների թվի աճ, սոցիալական ու քաղաքական ակտիվության համար մարդկանց բերման ենթարկելու գործելաոճ, ինչպես նաև հոգևորականների կալանավորումներ, որոնք, ըստ մի շարք գնահատականների, կրում են քաղաքական ենթատեքստ։ Ընդ որում, վերջին տարիներին երկրում հայտնվել են նաև առաջին կին քաղբանտարկյալները, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է իրավիճակի լրջությունը։
Առանձին խնդիր է Արցախից տեղահանվածների իրավական և սոցիալական պաշտպանվածության հարցը։ 2023-ից հետո Հայաստանում ապրող արցախցիների զգալի մասը հայտնում է տարբեր տեսակի խախտումների, անտեսված լինելու և անբավարար աջակցության մասին։ Նրանց փաստացի ենթարկվածությունը սոցիալական անպաշտպանության, բնակարանային խնդիրների ու աշխատանքային խտրականության վտանգավոր միտում է, որին քննադատների գնահատմամբ, բավարար կերպով չի արձագանքում։
Մարդու իրավունքների միջազգային օրը հպարտորեն տոնելու փոխարեն արձանագրում ենք նման խախտումներ ու բացթողումներ։
Էմմա Մարտիրոսյան

Русский