Առողջության համընդհանուր ապահովագրության մեկնարկը նախատեսվում է 2026թ. հունվարի 1-ից: Առաջին փուլով շուրջ 1.5 միլիոն հայաստանցի ապահովագրական փաթեթ կունենա: Այդ խմբերն են՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողներն ու անապահովության 28 և ավելի միավոր ունեցող անձինք: Այս խմբի համար կվճարի պետությունը:
Առաջին փուլում ապահովագրական փաթեթ կունենան նաև 200 հազար դրամից բարձր եկամուտ ունեցողներ քաղաքացիները: Այս խումբն ինքը կվճարի իր փաթեթի համար՝ տարեկան 129 հազար դրամ, ամսական՝ 10 հազար 800:
Սակայն, ստացվում է, որ 63 և 64 տարեկան թոշակառուները դուրս են մնացել բժշկական ապահովագրության փաթեթից։ Ինչի՞ որոշվեց հենց 65 տարեկանից անձանց ապահովագրավճարը սուբսիդավորել, չէ՞ որ թոշակառուներ են համարվում ՀՀ-ում 63 տարեկանից սկսած անձինք․ այս հարցերի մասով MediaHub-ը դիմեց Առողջապահության նախարարությանը։
«Իհարկե ցանկությունը մեծ է, բայց ամեն ինչ գալիս է մեր բյուջեի հնարավորությունից, որը անեզր չէ: Ունենք հստակ հաշվարկներ և հնարավորությունների սահման, որը իրատեսորեն 2026 թվականին կարող ենք իրականացնել: Աշխատող, հարկ վճարող, տնտեսական ցուցիչ ապահովողն է որոշելու 63-ի և այլ խմբերի ներառումը ապահովագրական փաթեթ: Այս պահին այսքանն ենք կարողանում, բայց իհարկե դրանով չենք սահմանափակվելու»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Մարիաննա Արամյան

Русский