MediaHub-ին ահազանգ է ստացել, որ Երևանի 132 դպրոցում ջեռուցում չկա։ Մասնավորապես, մեզ ահազանգեցին ծնողները, որ խողովակներ են պայթել դպրոցում, որի պատճառով ո՛չ տաք ջուր կա, ո՛չ ջեռուցում, իսկ երեխաները ստիպված անցել են հեռավար ուսուցման։
«Ջեռուցում չկա, տաք ջուր չկա, երեխաները անցել են հեռավար ուսուցման։ Կան ուսուցիչներ, ովքեր մեծահասակ են, այդքան էլ չեն կարողանում հեռավար դաս անցկացնել։ Հիմա էլ նշում են դպրոցում, որ հնարավոր է ամբողջ ձմեռ այդ խնդիրը չլուծվի։ Հնարավոր է, որ տարբեր դպրոցներ երեխաներին տեղափոխեն մինչ ձմեռը ավարտվի»,- MediaHub-ին նշեց ահազանգած ծնողը։
MediaHub-ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը, սակայն, նախարարությունից ուղղորդեցին Երևանի Քաղաքապետարան։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ խնդիրը լուծվում է արդեն:
«Խողովակները մաշված են, խնդիրը բացահայտվել է երկու օր առաջ, սակայն, այն նորությունը, թե երեխաները մինչ ձմեռվա վերջ այլ դպրոցներ են տեղափոխվել չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես նշեցի, խնդիրը նոր է բացահայտվել, շատ արագ կարգավորվել է, դպրոցի տնօրինության կողմից համապատասխան մասնագետներ են հրավիրվել, վաղվանից աշխատանքները մեկնարկվում են, անհրաժեշտ պարագաները պետք է ձեռք բերվի։ Եռօրյա ժամկետով կվերանորոգվի, ուստի այս պահի դրությամբ երկուշաբթի երեխաները վերադառնալու են առկա ուսուցման, որը կիսամյակի վերջին շաբաթն է»,- նշեց Խաչատրյանը։
Հանրակրթության վարչության պետը նշեց, որ ծնողների հետ կապի մեջ են, երբ խնդիրը լուծվի հաջորդ օրը երեխաները կվերադառնան առկա ուսուցման, այս պահի դրությամբ նախատեսվում է երկուշաբթի օրը։
MediaHub-ի հարցին, թե արդյո՞ք մինչ այս պահը ջեռուցում չի եղել, թե՞ խնդիրը ընդհանուր նոր է հայտնաբերվել, Խաչատրյանը նշեց․ «Ուրբաթ օրն է խնդիր առաջացել, երկու օր առաջ գտնվել է խնդիրը, նկարագրել են, որ տարբեր տեղեր փորել են, և ի վերջո գտնվել է խնդիրը, և որտեղ վնասված է խողովակը։ Մինչ այդ պահը ջեռուցումը, իհարկե, կար»։
Մարիաննա Արամյան

Русский