Եթե քաղաքական միավորը, որը չի կարողանում պահպանել նույնիսկ իր ներքին որոշումները, ապա ակնկալելը նրանից նախընտրական խոստումների կատարում՝ անհույս գործ է։ Դեռևս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն ընդունում է ներքին կանոնագիրք, որով սահմանվելու էր ՔՊ-ականների վարքագիծը։ Ըստ այդ վարքագծի՝ ՔՊ-ականների հանրային խոսքը պետք է լիներ զուսպ, զերծ հայհոյանքից ու վիրավորանքներից։
Իբր Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները պետք է քաղաքական նոր մշակույթ «ձևավորեին», սակայն ինչպես ժամանակին ասել էր ՌԴ վարչապետ Վիկտոր Չեռնամիրդինը՝ «Хотели как лучше, получилось как всегда»։ Բացի այդ, մարդը կա՛մ ունենում է դաստիարակություն, կա՛մ՝ ոչ ու եթե որևէ մեկը զուրկ է ներքին կուլտուրային, ապա ոչ մի կանոնագիրք այն չի փրկի։ Կանոնագրքով իրեն զուսպ պահողն առավելագույնը կնմանվի ցենզուրայից դուրս որոշ անեկդոտների հերոսներին։
Հասարակությունը դեռևս չէր հասցրել մարսել Նիկոլ Փաշինյանի՝ հանրությանը շուն-շանգյալ անվանելը, երբ դրան անմիջապես հաջորդեցին Արուսյակ Ջուլհակյանի «կրծքերը»։ Ու մինչ ողջ դաշտը փոթորկվել էր այդ «կրծքերից», իսկ երգիծական էջերը կրծքերով մեմեր էին պատրաստում, ՔՊ կանոնագիրքը խախտողների շարքերը համալրեց Սարիկ Մինասյանը։
Իհարկե կանոնագրքի խախտմանը զուգահեռ, ՔՊ-ն քաղաքական նոր մշակույթ «ձևավորելու» փոխարեն, ձևավորում է նոր վարքագիծ՝ վիրավորել ՀՀ քաղաքացիներին, այնուհետև ներողություն խնդրել ու դրանով հարցը համարել փակված։
Այդպես ՔՊ-ական իշխանությունը «փակված հարց» համարեց Արցախն ու արցախցիների վերադարձի հարցը, Իշխանասարը, Սև լիճը, Գորիս-Կապան ճանապարհը, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի տարածքները, Թուրքիային ու Ադրբեջանին տրամադրած միջանցքը ու դեռ ապագայում կարող է «փակված հարց» համարել ադրբեջանցիների «վերադարձն» ու Տիգրանաշենի հանձնումը։
Հետևաբար հասարակությունը պետք է հիշի մեր ժողովրդական հին ասացվածքներից մեկը՝ «կարմիր կովը կաշին չի փոխում» ու հերթական անգամ համոզվի, որ դեռևս գրեթե չի եղել դեպք, որ ՔՊ-ն ոչ միայն կատարի իր տված խոստումը, այլ չանի տրամագծարորեն դրա հակառակը:
Կարեն Կարապետյան

Русский