Իհարկե, երկրի տոնացույցում որքան շատ տոնական օրեր լինեն, այդքան լավ է, սակայն այդ օրերը պետք է կապ ունենան պետության ու տվյալ հասարակության մշակույթի հետ։ Երբ «տոնական» օրը արտահայտում է ընդամենը մեկ ուժի քաղաքական հաջողությունը, ապա դա ոչ թե տոն է, այլ սոսկ փիառ, ինչը զուրկ է մշակութային ու պատմական հենքից, կոլորիտից ու արժեքից։
Իշխանություններն ամսի 25-ին մեծ շուքով պատրաստվում են նշել «Քաղաքացու օրը»։ Իհարկե վատ բան չէ, երբ պետությունն ունենում է քաղաքացու օր, սակայն իշխանությունների պատկերացրած «Քաղաքացու օրը» արժեքազուրկ է ու արտահայտում է միայն ՔՊ-ական խմբակի քաղաքական շահերը։ Ցանկացած երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, մի տեղ կարող է իշխանությունը փոխվել ընտրություններով, մեկ այլ տեղ՝ հանրային բողոքի ալիքի արդյունքում, սակայն պետականության ավանդույթները հարգող և ոչ մի երկրում նոր ձևավորված իշխանությունը սոսկ իր քաղաքական հաջողությունը չի պրոյեկտի ողջ հանրության վրա ու պետական տոնացույցում իր իշխանության գալը չի հռչակի տոն օր։ Հատկապես, որ իր իշխանությունը երկրին հասցնում է անդառնալի աղետներ, սակայն դա հարցի մյուս կողմն է։
Սովորաբար երբ որևէ երկրում հանրային բողոքի արդյունքում տեղի է ունենում իշխանափախություն, ապա դա տեղի է ունենում ոչ թե նոր եկողների հանդեպ ունեցած սիրուց, այլ գործող իշխանությունների դժգոհությունների պատճառով։ Հետևաբար 2018 թվականին հասարակությունը ոչ թե պայքարում էր հանուն Նիկոլ Փաշինյանի, այլ արտահայտում էր իր դժգոհությունը գործող իշխանությունների հանդեպ, ընդ որում այդ դժգոհության պատճառները ոչ թե ազգային խնդիրներն էին, այլ ճնշող մեծամասնությամբ՝ սոցիալական հարցերը։ Ուստի 2018 թվականին տեղի ունեցավ ոչ թե պատմական իրադարձություն, որն անպայմանորեն պետք էր ամրագրել օրացույցում, այլ ընդամենը իշխանափոխություն, նույնիսկ ոչ հեղափոխություն։ Հեռացավ գործող իշխանությունը, նրա փոխարեն եկան նորերը։ Իրական հեղափոխությունը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերցնելուց հետո՝ ժամանակի ընթացքում։
Շատերը, հեղափոխություն ասելով հասկանում են պարտադիր դրական փոփոխություններ, սակայն իրականում դա այդպես չէ։ Ցանկացած հեղափոխություն իր հետ բերում է ավելի շատ բացասական, քան դրական իրադարձություններ, եթե այդ հեղափոխության հիմքում ազգային խնդիրներին լուծումներ տալու նպատակը չէ։ Հայաստանյան հեղափոխությունը հանգեցրեց Արցախի կորստին, ազգային արժեքների խեղաթյուրմանն ու հիմքերի խարխլմանը։
Բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հասարակության վզին մանիպուլյատիվ եղանակով փաթաթել է մի օր, որն օգտագործում է նախընտրական նպատակով։ Ամսի 25-ին նախատեսված է մեծ համերգ արտերկրից հրավիրված երգիչների կատարմամբ։ Անխոս այդ օրը Հանրապետության հրապարակը լինելու է մարդաշատ, ինչը ՔՊ-ականները ներկայացնելու են որպես սեփական ընտրազանգված, որպես իշխանությունների նկատմամբ վստահություն, որպես նրանց կողմից արվող քայլերի դրական գնահատական։
Բայց իրականությունն այն է, որ համերգին եկող մարդկանց ճնշող մեծամասնությանն ամենևին չի հետաքրքրելու, թե ով է կազմակերպել այդ համերգն ու ինչ նպատակով։ Տեղի է ունենում անվճար համերգ ու վերջ։ Դա է լինելու նա՛խ գլխավոր մոտիվացիան, երկրորդն էլ մարդիկ պարզապես ուզում են ցրվել առօրյայից ու ուղղակի ուրախանալ՝ առանց որևէ քաղաքական պարտավորվածության։
Այդ ամենը շատ լավ հասկանում է նաև ՔՊ-ական իշխանությունը, ու անբարոյականություն է, երբ գիտակցելով հանդերձ, մարդկանց իրական շարժառիթները փորձում էն ծառայեցնել իրենց քաղաքական նպատակներին։
Սա հիշեցնում է խորհրդային տարիների «Գյուտարար գորտը» մուլտֆիլմը, որտեղ հերոսները պարզապես դաշնամուր էին նվագում կամ պարում, իսկ գորտը իր կողմից մշակված մեխանիզմներով այդ ամենից քաղում էր օգուտներ։
Կարեն Կարապետյան

Русский