Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Եթե որևէ ուժի ներկայացուցիչ պետք է դատվի «ընտրակաշառքի» մեղադրանքով, ապա նույն պատժիը նրա հետ պետք է կրի նաև Նիկոլ Փաշինյանը

Blog Image

«Ընտրակաշառք» բաժանելու կամ խոստանալու մեղադրանքներով իրականացվող զանգվածային ձերբակալությունները կարծես դառնում են սովորական երևույթ։ Յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ ամենը քաղաքական բռնաճնշումներ են, միտված ցանկացած պահի իշխանության համար հստակ վտանգ ներկայացնող քաղաքական միավորին արգելելու մասնակցել ընտրություններին։

Բայց եկեք մի պահ առաջնորդվենք այն կանխավարկածով, որ հարուցված քրեական գործերում կան իրավական հիմքեր։ Սակայն եթե առաջնորդվենք այդ մոտեցմամբ, ապա պետք է ձերբակալված ու կալանավորված լինեն ՔՊ-ական ավտոբուսի բոլոր «ուղևորները»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եթե այլ քաղաքական ուժերի կողմից բաժանվող կամ առաջարկվող «ընտրակաշառքները» ենթադրյալ են, ապա ՔՊ-ականների գործողությունները բացահայտ, Նիկոլ Փաշինյանի լեզվով ասած՝ ափաշքարա։

Բացի թոշակների բարձրացումից, երբ դրանից դեռևս գրեթե օրեր առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ նա՛խ բյուջեն հնարավորություն չի տալիս թոշակները բարձրացնելու, երկրորդը՝ թոշակառուն չի իմանա, թե ինչպես ծախսի այդ գումարը, երկրի վարչապետ ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրակաշառքներ է բաժանում նաև բառիս բուն իմաստով։

Նախընտրական քարոզչության շրջանակներում նրա յուրաքանչյուր այցերն ու հանդիպումները քաղաքացիների հետ՝ լի են քրեական գործեր հարուցելու բազմաթիվ դրվագներով։ Այլ կերպ, քան ընտրակաշառք հնարավոր չէ բնութագրել, երբ նա քաղաքացիներին խոստումներ է տալիս լուծելու նրանց հուզող հարցերը, շատերին խոստանում է տեղավորել աշխատանքի, ոմանց դեպքում էլ նույնիսկ որոշում է աշխատավարձի չափը, որոշներին խոստանում է ծանոթանալ նրա քրեական գործին, մյուսին էլ՝ զբաղվել որդու ծառայության հարցով։ Շեշտում եմ, դա անում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու ընդ որում, նա չի կարող արդարանալ, թե իբր այդ ամենն անում է ոչ որպես թեկնածու, այլ որպես երկրի ղեկավար, քանի որ խոստմանն անմիջապես հաջորդում է իր կողմից մոգոնված այն տխմար թեզը, որ իրենք երկրին բերում են «խաղաղություն» ու հույս ունեն, որ հունիսի 7-ին քաղաքացիներն իրենց ընտրությամբ կամրագրեն իրենց որդեգրած քաղաքական գիծը։ Այսինքն, խոստմանն անմիջապես հաջորդում է հիշեցում, որ քաղաքացին, ում Փաշինյանն առաջարկում է 400 հազար դրամ աշխատավարձով տեղավորել աշխատանքի, չմոռանա իր շնորհակալությունը հայտնել քվեի տեսքով։

Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանն ու «ուրախ ավտոբուսի» բոլոր ուղևորները գրեթե ամենօրյա ռեժիմով կատարում են ընտրական հանցանք, մարդկանց տալիս են խոստումներ, շատ դեպքերում ոչ թե համայնքային խնդիրների, այլ անձնական հարցերի լուծման տեսքով։

Հետևաբար եթե նույն հոդվածով ձերբակալում են մեկին, պետք է ձերբակալեն նաև մյուսին ու եթե վաղը մեղադրյալի աթոռին պետք է նստի այս կամ այն ուժի ներկայացուցիչը «ընտրակաշառք» բաժանելու կամ խոստանալու մեղադրանքով, ապա տվյալ «մեղադրյալի» հետ հավասարապես ու նույն պատժաչափով պետք է դատապարտվի նաև Նիկոլ Փաշինյանը։

Կարեն Կարապետյան

Send