Հայաստանն ավելի սուբյեկտային է, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, այնպես որ մեզ ադրբեջանացում կամ թրքացում չի սպառնում։ Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման պնդում է արել ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
MediaHub-ի հարցին, թե ինչպե՞ս է դրսևորվում այդ ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը, որը, ըստ ՔՊ պատգամավորի, նախկինում չի եղել, Հասմիկ Հակոբյանն ասաց, որ կարող է հարյուրավոր փաստարկներ նշել, սակայն սահմանափակվեց մի քանիսով։ Պատգամավորը վստահ է, որ Հայաստանի ճակատագրի հետ կապված բոլոր որոշումները միայն ինքներս ենք կայացնում՝ առանց արտաքին թելադրանքների ու ազդեցությունների։ Օրինակ՝ մենք ենք որոշում, թե նոր ատոմակայանը կառուցելիս որ պետության հետ ենք համագործակցելու, որ արդեն հինգ երկրներից առաջարկներ ունենք և միմիայն մեր որոշմամբ կընտրենք լավագույն առաջարկը։ Մինչդեռ նախկինում ունեցել ենք մեկ առաջարկ՝ առանց այլընտրանքների։ Իսկ հիմա ունենք ընտրելու հնարավորություն։ «Մենք կարող ենք որոշել՝ գնանք Եվրամիությո՞ւն, թե մնանք ԵԱՏՄ-ում։ Մենք ենք որոշում, ոչ թե մեկ գիշերում արթնանում ենք ու տեսնում ենք, որ գնում ենք ԵԱՏՄ՝ ասոցացման համաձայնագիրը դնելով մի կողմ։ Ինքնիշխանությունը դրա մասին է»,- հավաստիացնում է իշխող խմբակցության ներկայացուցիչը։
Այն, որ Հայաստանը նախորդ տարիներին մի շարք ոլորտներում ապահովել է ռուսական ներկայություն Հայաստանում, անհերքելի է։ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով և մասնակցությամբ բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ տնտեսության տարբեր ռազմավարական ոլորտներ ներկայացնող խոշորագույն ձեռնարկություններ։ Մասնավորապես՝ այսօրվա դրությամբ ռուսաստանյան ընկերությունն է շահագործում հայկական երկաթուղին որպես կոնցեսիոն կառավարիչ, ռուսական է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը իրականացնում է Ռուսաստանից բնական գազի ներմուծման, մատակարարման և սպասարկման գործառույթներ, «ՎՏԲ-Հայաստան» բանկը, «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը։
Ի դեպ, օրվա իշխանությունների կողմից իբրև Ռուսաստանի ղեկավարմանը հանձնված հայկական ատոմակայանը և «Հայաստանի էլեկտրական ցանցերը» իրականում այնքանով առնչություն ունեն այդ պետության հետ, որ ատոմակայանը շահագործվում է հիմնականում Ռուսաստանից ներմուծվող ուրանով և ռուսական «Ռոսատոմ» ընկերությունն է իրականացրել կառույցի վերազինումը և արդիականացումը, որպեսզի հնարավոր լինի երկարաձգել ատոմակայանի շահագործումը։ Այլ որևէ պետություն այդ ժամանակ Հայաստանին օգնելու ձեռք չի մեկնել, գուցե դա է պատճառը, որ այլընտրանք չենք ունեցել։ Բացի այդ, Ռուսաստանը մինչև ՔՊ-ականների իշխանության գալը նաև արտոնյալ պայմաններով ու որոշակի դրամաշնորհի տրամադրմամբ նոր ատոմակայան կառուցելու առաջարկ էր արել Հայաստանին, որից սակայն ներկա իշխանությունները հրաժարվեցին։ Ամեն դեպքում ատոմակայանը պետական կառույց է և դրա սեփականատերը, եթե կարելի է այդպես ձևակերպել, Հայաստանի Հանրապետությունն է, այն որևէ կապ չունի ՌԴ-ի հետ։ Էլեկտրական ցանցերի դեպքում ևս ընկերության առնչությունը Ռուսաստանի հետ ապահովում էր «Տաշիր» ընկերությունների խումբը, որը գրանցված է և գործում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Ի դեպ, Հասմիկ Հակոբյանի պնդումները ֆիասկո են ապրում նախկին իշխանությունների ժամանակ ռազմավարական կարևոր որոշ ոլորտներ ոչ ռուսական ընկերությունների շահագործմանը հանձնելու կամ վաճառելու հանգամանքով պայմանավորված։
Օրինակ՝ ջրի սպասարկման ու շահագործման ոլորտում ֆրանսիական ընկերությանն է նախապատվությունը տրվել, նման մի ֆրանսիական ընկերության էլ վաճառվել է «Արարատ» կոնյակի գործարանը։ Նման օրինակներ էլի կան՝ հանքարդյունաբերության և այլ ոլորտներում։
Ինչ վերաբերում է Հասմիկ Հակոբյանի նշած ընտրելու հնարավորությանը նոր ատոմակայան կառուցելու հարցում, ապա չենք կարծում, որ ի վերջո Հայաստանին է տրվելու ատոմակայան կառուցող ընկերությանը իր կամքով ընտրելու մենաշնորհը, եթե ընդհանրապես իշխանություններին թույլ տան ատոմակայան կառուցել այստեղ։ Պատահական չեն Փաշինյանի արտահայտություններն այն մասին, որ անգամ ատոմակայան չունենալու դեպքում էներգետիկ առումով մեր պետությունը ինքնաբավ է արևային կայանների շնորհիվ։ Արդյո՞ք իր բնույթին հարիր՝ այդ պաշտոնյան հիմա էլ մեզ չի նախապատրաստում սեփական ատոմակայան ունենալու մտքից հրաժարվելուն, ինչպես որ պատերազմի ժամանակ պատրաստում էր առաջիկա պարտությանը, երբ հայտարարում էր, թե ինչ էլ լինի, մենք մեզ չպետք է պարտված համարենք։ Իսկ հիշո՞ւմ եք, որ այսպես կոչված անկլավների մասին նա սկսեց խոսել պարտությունից անմիջապես հետո և այսօր նրա խոսքերի հետևանքներն ուրվագծվում են՝ Տիգրանաշենի և հայկական մյուս բնակավայրերի՝ Ադրբեջանին հանձնելու պատրաստակամությամբ ու գործնական քայլերով։ Ասել, որ ատոմակայան ունենալու գաղափարից հրաժարվելը Փաշինյանի և իր թիմի ընտրությունն է, միամտություն կլինի՝ ճանաչելով իշխանությունների ոճն ու արտաքին ուժերի կողմից կաշկանդվածությունը։
Ատոմակայան ունենալ-չունենալու, վեկտորային թե ուրանով աշխատող ատոմակայան ունենալու հարցը մեր իշխանությունները չեն որոշելու, նրանք ընդամենը անելու են այն, ինչ կասեն իրենց «տերերը», բայց դա մեզ կհրամցվի իբրև ինքնիշխան պետության ընտրություն։ Իսկ «տերերի» համար առաջնային հարցն այս պահին տարածաշրջանից Ռուսաստանը դուրս բերելն է։ Ակնհայտ է, որ Փաշինյանի հաջորդ քայլը լինելու է Հարավկովկասյան երկաթուղին Հայաստանից դուրս բերելը՝ ընկերությանը կոնցեսիոն կառավարումից ամեն գնով զրկելով, ինչպես դա արեց Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելու դեպքում։ Եվ դա կարվի ոչ թե այն պատճառով, որ որոշ երկրներ հրաժարվում են TRIPP-ի շրջանակում համագործակցել Հայաստանի հետ հայկական երկաթուղին ռուսական ընկերության կողմից շահագործելու պատճառով, ինչպես իր ելույթներում պնդում է կառավարության ղեկավարը, այլ որովհետև նման պատվեր է իջեցվել։
Հասմիկ Հակոբյանի մյուս պնդումը, թե մենք ենք որոշելու՝ գնալ ԵՄ, թե մնալ ԵԱՏՄ-ում, առնվազն ծիծաղ է առաջացնում` հատկապես վերջին զարգացումների ֆոնին։ Եթե իշխանություններն են որոշողը, ապա ինչպե՞ս եղավ, որ նրանք չկարողացան պահել ռուսական շուկան գոնե ժամանակավորապես, մինչև Եվրամիությունը կբարեհաճեր այդ շուկային փոխարինող շուկա առաջարկել։ Թեև կասկածելի է, որ նման բան երբևէ կարող է լինել։ Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ ոչ թե մենք, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ռուսաստանի Դաշնությունը մեր փոխարեն որոշեց, որ առայժմ ԵԱՏՄ համագործակցությունը սահմանափակվելու է մեզ համար։ Եվ մյուս կողմից էլ՝ որքան Հայաստանը դեմագոգիայով զբաղվի, թե ձգտում է դեպի ԵՄ գիրկը, ինչպես տեսնում ենք՝ այդ գիրկը չի շտապում բացվել մեզ համար և անգամ երկրի ղեկավարն է կասկածում, որ օրերից մի օր նման բան կարող է լինել։ Մտածելու ինչպիսի ունակություն էլ ունենա Նիկոլ Փաշինյանը, չի կարող չհասկանալ, որ Եվրամիությունը Հայաստանի նման պետությանը չի դարձնի նույն ընտանիքի անդամ, այլ այդ գայթակղությունը շահարկելով՝ կփորձի Հայաստանը որպես զենք օգտագործել իր տարածաշրջանային նպատակների համար։
Իր ելույթներում Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է այդ մասին՝ ասելով, որ անգամ եթե ԵՄ-ն Հայաստանը չընդգրկի իր կազմում, Հայաստանը, չհասնելով եվրոպական չափանիշներին, էլի շահած դուրս կգա՝ դառնալով եվրոպական չափորոշիչներին համապատասխանող առաջադեմ պետություն։ Իհարկե, դատելով ներքաղաքական զարգացումներից ու ընդհանրապես երկրում բարեփոխման անվան տակ տեղի ունեցող իրական քայլերից, մեզ մնում է հեգնանքով արձագանքել Փաշինյանի ինքնախաբկանքին, քանի որ այսօրվա տեմպերով շարժվելու դեպքում երկիրը ոչ թե դեպի ԵՄ ստանդարտներ, այլ դեպի տոտալ բռնապետություն է գլորվելու։
Փաստորեն, անգամ այս դեպքում ՔՊ-ն ընտրելու հնարավորություն չունի՝ քաղաքակիրթ պետությո՞ւն դարձնի Հայաստանը, թե՞ բռնապետություն, քանի որ իրենց ղեկավարի մոտ միայն վերջինն է ստացվում։ Ավելին ասենք՝ ընդդիմության պնդմամբ, որ Հասմիկ Հակոբյանը և ցանկացած ՔՊ-ական պատգամավոր, անգամ ինքը չի կարող որոշել՝ ինչ խոսել, ինչպես տրամաբանել, Արցախը կարոտել, թե վախենալ այդ անունը տալուց, Արարատ լեռան հանդեպ հույզեր ունենալ, թե սառնասրտորեն այն համարել թուրքական։ ՔՊ պատգամավորներն այլընտրանք չունեն, և նրաց ընտրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։
Թագուհի Ասլանյան

Русский