Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Պիղծն»՝ ընդդեմ «պղծի» ու «սրիկայաբարի». ինչ չի կարելի Ղազարյանին ու Քոչարյանին, կարելի է Փաշինյանին

Blog Image

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհափառ հայրապետին «պիղծ» անվանելու փաստին, արդարացրել է վարչապետի արարքը՝ ասելով, թե դա ամենևին էլ վիրավորանք չէ, այլ գնահատական։ Հենց դրանով է, ըստ նրա, պայմանավորված, որ Փաշինյանի հնչեցրած՝ «պիղծ ա ձեր Վեհափառը, պիղծ ա» արտահայտությունից հետո ԱԺ նախագահը որևէ նախազգուշացում չարեց հեղինակին։

«Փաշինյանն ասել է՝ ձեր Վեհափառը պիղծ է, այսինքն՝ Աստծո առաջ ուխտ է տվել լինել կուսակրոն, կուսակրոն չէ, հետևաբար զբաղվում է պղծությամբ, հետևաբար՝ պիղծ է. դրա ի՞նչն է վիրավորանք: Կոնկրետ այդ դեպքում «պիղծը» բնականաբար վիրավորանք չէր, գնահատական էր մի մարդու, ով Աստծո առաջ ուխտ է տվել չզբաղվել անառակությամբ և զբաղվել է պղծությամբ։ Պղծություն չէ՞, երբ բարձրաստիճան հոգևորականը խախտում է Աստծո առաջ տրված՝ կուսակրոն լինելու իր ուխտը»,- Փաշինյանին արդարացրել է Ռուբինյանը։

Այնինչ, երբ ավելի վաղ ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը համարձակվեց նույն բառն արտաբերել Փաշինյանի հասցեին՝ կառավարության ծրագրի քննարկմանը տված իր հարցում հայտարարելով, թե մարդիկ իրենցից հետաքրքրվում են՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած այդ պիղծ դավաճանն ինչո՞ւ է մինչև հիմա կարողանում լինել այստեղ», Ռուբինյանը չմոռացավ սաստել վերջինիս՝ պահանջելով չափավորել խոսքը։ Հանուն արդարության նշենք, որ Լևոն Քոչարյանի խոսքին ի պատասխան Վահագն Ալեքսանյանի արտաբերած՝ «պիղծ դավաճանը հերդ ա» արտահայտության համար ԱԺ նախագահը նախազգուշացում տվեց։ Թեև դա ավելի շատ նման էր նրա՝ առանց բարձրախոսի, հազիվ լսելի արտահայտությունը մի անգամ ևս՝ արդեն ի լուր ողջ դահլիճի, դիտավորությամբ կրկնելուն, որպեսզի ողջ եթերով հանրությունը նույնպես լսի ՔՊ-ի հակադարձումը։

Ինչևէ, անգամ եթե Ռուբեն Ռուբինյանը իսկապես ԱԺ փոխնախագահին սաստելու մտադրությամբ էր դիտողություն արել, ապա նույն համարձակությունը չունեցավ վարչապետի դեպքում։ Ավելին, պաշտպանեց նրան Փաշինյանի հլու դատավորի ջանասիրությամբ։ Ռուբինյանը որևէ դիտողություն չարեց վարչապետին անգամ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ԱԺ ամբիոնից ընդդիմության և քաղաքական ընդդիմադիրների հասցեին նետած՝ «ասել եմ՝ «կզցնելու եմ», ուրեմն «կզցնելու եմ»՝ բառիս դե-յուրե իմաստով» արտահայտության համար և դա համարեց ոչ հասցեական հնչեցրած խոսք, որը չի կարող իբրև վիրավորանք ընկալվել։

«Նիկոլ Փաշինյանին չընդհատեցի, որովհետև ոչ ոքի ուղիղ չվիրավորեց, ոչ մեկին հասցեական վիրավորանք չհասցվեց՝ ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, որոնք երեկ առնվազն մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են արել, նույնիսկ անեծքի պաշտոնական բացումը արեցինք Ազգային ժողովի նիստերի դահլիճում, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցողը պաշտոնապես անիծեց մեզ և մեր սերունդներին․․․»,- իր չեզոքությունն է արդարացրել Ռուբինյանը։

Բայց Փաշինյանի խոսքից, ինչպես նաև իրավապահ համակարգի ձեռքով իրականացրած վերջին ձերբակալություններից ակնհայտ է, որ նրա սպառնալիքները հստակ հասցեատերեր ունեն, ինչը Ռուբինյանի աչքից վրիպել է։ Մի բան, որ Էդգար Ղազարյանի դեպքում ԱԺ նախագահի բացակայության ժամանակ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի, ինչպես նաև իշխանական պատգամավորների կողմից ընդունվեց որպես խիստ պատժի արժանի վիրավորանք՝ վրդովեցնելով նրանց։ Կոնջորյանը նախազգուշացում տվեց՝ Ղազարյանի վարքագիծը բնութագրելով որպես ոչ կոռեկտ ու ամբարտավան և խոստանալով հաջորդ անգամ նման պահվածքից հետո էվակուացնել ու դուրս շպրտել նրան ԱԺ դահլիճից ու շենքից։

Այսօր էլ ԱԺ նախագահը Ղազարյանի արտաբերած «սրիկայաբար» բառը վիրավորանք համարեց։ Սովորաբար այս կամ այն արտահայտության վիրավորական լինել-չլինելը դատարանն է որոշում հատուկ վճռով ու գործի քննությամբ, բայց մեզ համար արդեն սովորական է դարձել հատկապես մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորների կողմից վերդիկտներ կայացնելն ու անմեղության կանխավարկածը խախտելը։

Թագուհի Ասլանյան

Send