Ռուսաստանը պատրաստ է վերսկսել գազի մատակարարումները Եվրոպա, եթե եվրոպական երկրները նման ցանկություն հայտնեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովի շրջանակներում։
«Մեր կողմից մենք պատրաստ ենք. մենք միշտ եղել ենք հուսալի մատակարարներ։ Սա՝ առաջինը։ Երկրորդ՝ եթե Եվրոպան որոշի չգնել, մենք ունենք այլ շուկաներ մեր գազի համար։ Ինչպես գիտեք, վերջին տարիներին մենք զարգացրել ենք ենթակառուցվածքները՝ գազ մատակարարելու այն երկրներին, որտեղ սպառումն ակտիվորեն աճում է, իսկ տնտեսությունները՝ զարգանում։ Ուստի, Ռուսաստանի համար գազի իրացման հետ կապված խնդիրներ չկան. խնդիրն ավելի շուտ Եվրոպայի կողմում է», - ասել է նա։
ԳԱԵՖ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Համելի խոսքով՝ Եվրոպան ձմեռային շրջան է մտնում գազի պահեստարանների 80%-ից պակաս լցվածությամբ, ինչը «լուրջ մարտահրավեր է հատկապես հաշվի առնելով բարձր գները»։
«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ Եվրոպայում գազի գինը փաստացի հասել է 1000–1100 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, ինչը զգալիորեն գերազանցում է նախկին կանխատեսումները։ Այս համատեքստում նա հարց է բարձրացրել այս ձմռանը Եվրոպայում գների հնարավոր հետագա աճի վերաբերյալ. «Այդ դեպքում ի՞նչ «նվեր» կարելի է ակնկալել Սուրբ ծննդյան տոնածառի տակ»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Եվրոպայում գազի գները կարող են հասնել մինչև 1500 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Русский