Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ դիրքավորել է 122 մմ տրամաչափի երեք ինքնագնաց հաուբից, գրել են ԶԼՄ-ները։
Հոկտեմբերի 23-ին, սահմանի մոտ նկատվել էր մեկ զրահատեխնիկա, իսկ հոկտեմբերի 26-ին դրանց թիվը հասել էր երեքի։ Հաուբիցների փողերն ուղղված են եղել դեպի Հարավային Կորեա։ Խոսքը վերաբերում է «M-1981» տիպի ինքնագնաց հաուբիցներին։
Հրետանին տեղակայվել է սովորական դիրքերից հարավ՝ Հյուսիսային Կորեայի տարածքում Կեպունգ (Kaepung) առափնյա շրջանում։ Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի խոսնակ Չանգ Դո Յոնգը հայտնել է, որ տեղակայված հաուբիցները հին մոդելի զինատեսակներ են, այլ ոչ թե նոր համակարգեր։
«Ասան» քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ռազմական փորձագետ Յանգ Ուկի գնահատմամբ՝ հաուբիցների առավելագույն հեռահարությունը կազմում է մոտ 24 կիլոմետր։ Նա դրանց տեղակայումը բնորոշել է որպես ուժի ցուցադրում, այլ ոչ թե որպես Հյուսիսային Կորեայի մարտական կարողությունների էական բարելավում։

Русский