Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նոր Նորքում ավտոբուսը մխրճվել է խանութի մեջ. վիրավnրներ կա՞ն

Blog Image

Արխիվային լուսանկար

 

Քիչ առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց, որում երևում էր, որ Նոր Նորքում ավտոբուսը մխրճվել է խանութի մեջ։ 

Դեպքի առնչությամբ MediaHub-ը կապ հաստատեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է դեպքի վայրում և չի կարող վերջնական գնահատական տալ կատարվածին։

«Դեպքը տեղի է ունեցել Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Ավտոբուսը սպասարկելիս է եղել 55 երթուղին։ Վնասված ուղևոր չկա․ ավտոբուսում մարդ չի եղել, քանի որ այն գտնվել է վերջնակետում»,– նշեց Ասատրյանը։

Հարցին, թե ինչպես է վարորդը մեկնաբանում պատահարը, Ասատրյանը պատասխանեց.

«Այս պահին ճիշտ չի լինի վարորդի մեկնաբանությունը փոխանցել։ Այսօր կդիտարկենք ձայնագրությունները և կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Դեռ որևէ վերջնական բան չեմ կարող ասել»։

Վերջին շրջանում նմանատիպ դեպքերի հաճախակիացման վերաբերյալ դիտարկմանն ի պատասխան՝ Ասատրյանն ասաց, որ վերապատրաստման գործընթացն ուժեղացվել է։

«Մայիս ամսից ներդրել էինք վերապատրաստման գործընթաց՝ միայն նոր ընդունվող վարորդների համար։ Այժմ պարտադիր ամենօրյա ռեժիմով վերապատրաստում է իրականացվում նաև արդեն աշխատող վարորդների համար՝ թե՛ գործնական, թե՛ տեսական վարման մասով»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է խանութի կրած վնասի փոխհատուցմանը, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ խնդիր չի լինի։ «Մեր ավտոբուսները ապահովագրված են, այդ մասով խնդիր չկա»,– ընդգծեց Գեղամ Ասատրյանը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Ալիտա Եղիազարյան

Send