MediaHub-ը երեկ գրել էր, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գտնվում է ոստիկանությունում։ Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե իրեն հետապնդում են, ինքն էլ ստիպված է եղել դիմել իրավապահ մարմիններին։
Այսօր Սամսոնյանից տեղեկացանք, որ քննչական կոմիտեի Կենտրոնի վարչությունում քրեական վարույթ է հարուցվել Քր․ օրենսգրքի 196.1 հոդվածով (անձին hետամտել):
Նշենք, որ նախկին պատգամավորը նույն հոդվածով էլ հաղորդում էր ներկայացրել դատախազություն։
Մեզ հետ զրույցում Անի Սամսոնյանը նշեց, որ իրեն հետապնդող անձի ինքնությունը պարզել են, բայց վերջնական մոտիվը դեռ հայտնի չէ։
Ճշտող հարցին, թե հետապնդող անձը հանրային դե՞մք է, Սամսոնյանն արձագանքեց՝ ոչ։
Ավելի ուշ մեզ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Անի Սամսոնյանի վերաբերյալ վարույթով 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից MediaHub-ին հայտնել էին, որ 2025 թվականի հունվարին Անի Սամսոնյանի կողմից ՀՀ դատախազություն ներկայացրած հաղորդման հիմքով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 196.1. -ի 1-ին մասով (հետամտելը): Փետրվարի 18-ին ներկայացրած հաղորդման հիմքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն): Կատարվում է նախաքննություն մեկ վարույթի շրջանակում:
Էմմա Մարտիրոսյան

Русский