Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արարատ Միրզոյանը չցանկացավ, որ Փաշինյանն իրեն ևս աշխատանքից ազատվելու SMS ուղարկի

Blog Image

«Երբ ասում են՝ վերադարձի իրավունք, ասում եմ՝ խնդրում եմ, ինձ կասե՞ք դետալացված՝ այդ վերադարձը ոնց է իրականացվելու, ինչ պայմաններով։ Ենթադրենք այնտեղ դռները բացվում են, ասում են՝ եկեք, այստեղ էլ կան մարդիկ, որոնք ուզում են գնալ ու գնում են։ Խնդրում եմ, ինձ նկարագրեք պայմանները` գոնե մասնակիորեն։ Արդյո՞ք դա նշանակում է, որ գնում եք և լինում եք անկախ պետություն, թե գնում եք լինում եք Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրով գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա, այդ որոշակի տարածքում պետք է լինեն հայազգի ոստիկաննե՞ր, թե՞ ադրբեջանցի ոստիկանը նորմալ է և այս կարգի տասնակներով հարցեր»,- այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով արցախցիների վերադարձի վերաբերյալ լրագրողի հարցին` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսպիսի խուսափողական պատասխան է տվել՝ այդպես էլ համարձակություն չունենալով ասելու՝ թեման միջազգային հարթակներում կամ իրենց պաշտելի ադրբեջանցիների հետ քննարկվո՞ւմ է, թե՞ Ալիևը կտրուկ փակել է նրանց բերանը նավթադոլարներով կամ գուցե այլ խրախուսական միջոցներով։ 

Փաշինյանի թիմը այս հարցի հետ կապված իր հստակ դիրքորոշումն ունի, որն իրենց թիմի ղեկավարն է սահմանել և թող որևէ մեկը փորձի շեղվել այդ կարծրացած դիրքորոշումից, լավագույն դեպքում աշխատանքից ազատվելու դիմում գրելու SMS կստանա, իսկ վատագույն դեպքում՝ մի քրեական գործ իր կամ իր մերձավորի նկատմամբ. կամ երկուսը միասին։ Փաշինյանը ինքն էլ խոստովանել է, որ կառավարությունում չի կարող լինել որևէ մեկը, որ իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում հայտնի։ Բնականաբար, Փաշինյանի արտգործնախարարը չէր կարող շեղվել նրա նախանշած ուղեծրից և պետք է այնպես ներկայացներ խնդիրը, որ արցախցիների վերադարձն անհնարին է, որովհետև այնտեղ իրենց համար կարող են անտանելի պայմաններ լինել, որովհետև կարող է իրենց պարտադրեն մոռանալ հայերենը ու դառնալ շատ ավելի նվաստ պայմաններ ունեցող ադրբեջանցի։ 

Արտգործնախարարն ի պաշտոնե իրավունք չունի նման պատասխան տալ այդպիսի զգայուն հարցին որպես դիվանագետ, որովհետև իր այդ պատասխանով նա ամբողջութամբ չեզոքացնում է խնդրի՝ կյանքի իրավունք ունենալու հնարավորությունը, այնինչ դիվանագիտությունը միշտ բանակցելու, քննարկելու և որոշակի համաձայնությունների գալու հարթակ ստեղծող ոլորտ է։ Արարատ Միրզոյանի պատասխանը անհեռանկարային քաղաքական հայտարարություն է, որը լուրջ կասկածի տակ է դնում նրա մասնագիտական կարողություններն ու գիտելիքները, թեև պաշտոնը զբաղեցնելու տարիների ընթացքում նա պետք է որ վարժված լիներ իր արհեստին։ Հասկանալի է, որ դրա համար մի մեծ կաշկանդող հանգամանք կա՝ Փաշինյանի սահմանած տաբուներն ու նրա պարտադրած կարծրատիպերը։ Հիշեցնենք, որ Փաշինյան Նիկոլն արցախցիների վերադարձի թեման հավերժ փակել է՝ համենայն դեպս իր կառավարման տարիների համար՝ սպառնալով, որ այդ մասին խոսելու դեպքում մենք Ադրբեջանի ղեկավարի բերանը լեզու ենք դնում, որ նա էլ Հայաստանի ինքնիշխանության դեմ հավակնոտ հայտարարություններ անի ու պահանջներ դնի, թե Հայաստանն իրականում պատմական Ադրբեջանի տարածքն է ու պետք է վերադարձնել։ Խելամիտ ու վերլուծելու նվազագույն կարողություն ունեցող մարդու համար ակնհայտ է, որ այդ երկու թեմաները մի հարթության վրա դնելը մեղմ ասած անգրագիտություն է, բայց Փաշինյանի թիմի դեպքում՝ «ստոր դավաճանություն»՝ դավաճանություն արցախցիներին, դավաճանություն մեր պատմությանը, պատմական հայրենիքին, դավաճանություն մեր ազգային գիտակցությանը։ 

Արարատ Միրզոյանը նաև առիթը բաց չթողեց արցախցիների այսօրվա ճակատագիրը նորից նախկինների վրա բարդելու համար։ Ըստ նրա՝ այն բանում, որ արցախցիներն այսօր բռնի տեղահանված են և այսուհետ ընդմիշտ փակ է նրանց համար իրենց տները վերադառնալու հնարավորությունը, մեղավոր են նախկին իշխանությունները, որոնք դեռ իշխանություն եղած ժամանակ այդպես էլ ականջալուր չեղան փաշինյանականներին և չիջեցրեցին Արցախի հետ կապված նշաձողը։ «Երբ մենք ասում էինք՝ նշաձողն իջեցրեք՝ լուծումներ կգտնվեն, մեզ դատափետում էին ազգային բաներին դավաճանելու համար։ Հիմա տեսնենք, այդ մարդկանց նշաձողը, կարող է պարզվել, տասնյակ անգամ ավելի ցածր է, քան մենք էինք այն ժամանակ ասում։ Այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում, թե վերադարձ ասելով ինչ նկատի ունեն»,- հավելել է Միրզոյանը՝ հղում անելով այսօր արդեն ընդդիմություն դարձած երեկվա իշխանություններին։

ԱԳ նախարարին թվում է, թե արցախցիների վերադարձի թեման նրանք են թեժ պահում քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով, և նա նորից ընդդիմության հետ խորհրդարան-խորհրդարան է խաղում՝ մոտ 150 հազար հայերի համար նման կենսական կարևոր հարցը զավեշտի վերածելով։ 

Ութ  տարի է անցել, բայց իշխող խմբի կարկառուն ներկայացուցիչներն այդպես էլ չձերբազատվեցին նախկինների հետ համեմատվելու բարդույթից և մինչև հիմա էլ, անկախ լրագրողների հնչեցրած հարցադրումներից, նրանց բանավեճը տանում են նախկինների հետ համեմատվելու և իրենց առավել լավն ու հաջողակ ներկայացնելու հարթություն ու սկսում կռիվ տալ նախորդ բոլոր իշխանությունների ստվերների հետ։ 

Իսկ այդ ընթացքում մեկ այլ պետության՝ Ադրբեջանի ղեկավարը, որը խոսում է հաղթողի հռետորաբանությամբ, չի դադարում իր խոսույթում թեժ պահել ադրբեջանցի փասխստականների վերադարձի հարցը, որը ամենայն հավանականությամբ արդեն հունիսի յոթից հետո այս իշխանությունների վերարտադրվելու դեպքում կդառնա նրանց հերթական տնային հանձնարարությունը՝ Սահմանադրությունն ադրբեջանահաճո դարձնելուց հետո։ 

Հ․ Գ․ Չմոռանանք հարցնել՝ պարոն Միրզոյան, բա ասում էիք Արցախի հարցում նշաձողի իջեցումը ձեզ միջազգային հանրությունն էր պարտադրում, իսկ հիմա խոստովանում եք, որ դա ձեր գիտակցաբար արված որոշումն է եղել։

Թագուհի Ասլանյան

Send