Գնաճը Հայաստանում կանգնելու միտում չի ցուցաբերում։ Տնտեսագետների կանխատեսումներով՝ պետական պարտքի աճին զուգընթաց նաև առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում են գներն աճելու, որովհետև պետական պարտքի և ապրանքների գների միջև անմիջական կապ կա։ Բանն այն է, որ պետական պարտքը փակելու պարտավորությունը բոլոր հարկատուներինս է՝ աշխատող, հարկեր վճարող քաղաքացիներինը և պարտքը հավասարապես բաշխվում է բոլորի միջև։
Տնտեսվարողներն էլ հարկն իրենց գրպանից չեն վճարում, և դա արտացոլում են ապրանքների գների վրա։ Ստացվում է, որ ապրանքները գնելով էլ մենք ոչ միայն դրանց համար ենք վճարում, այլ նաև ակամա գումարի որոշակի մասը պետական պարտքը փակելու համար ենք տալիս։ Բայց նախընտրական քարոզարշավի դուրս եկած Փաշինյանն իր հետ հանդիպող և անսանձելի գնաճի մասին բարձրաձայնող քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան արդարանում է, թե գնաճը միջազգային շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, որն իրենք չեն կարող կառավարել։ Գուցե միջազգային գները որևէ կերպ անդրադառնում են տեղական արտադրության ապրանքների վրա, քանի որ այդ ապրանքների համար հումքի մի մասը, անասնակերը, կենդանիների համար նախատեսված դեղերը այլ երկրներից են ներմուծվում, և եթե այդ շուկաներում գները թանկանում են, կարող են ազդել նաև տեղական ապրանքների գների վրա։ Սակայն միջազգային գների աճը միայն ավելի է ահագնացնում տեղական ապրանքների շուկայում արձանագրվող գների բարձրացումը, որովհետև դրան ավելանում է արտաքին պարտքով պայմանավորված հարկային բեռը, ինչպես նաև այլ գործոններ։
Այս անգամ MediaHub-ը փորձեց պարզել, թե ինչու է խանութներում կտրուկ բարձրացել ձվի գինը, այն դեպքում, երբ մսամթերքն առանձնապես չի թանկացել։ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնագիտական ֆաբրիկաներից դեպի սպառման շուկա ձվի բացթողման գինը 68-70 դրամ է։
«Ինչպե՞ս է ստացվում, որ այդ գինը դառնում է 75-100, անգամ 120 դրամ՝ հասնելով խանութներ կամ պտուղ-բանջարեղենի վաճառքի կետեր»,- հարցադրում է անում միության նախագահը։
Ի դեպ, հենց ձու արտադրողները ինքնարժեքին ավելացնում են նաև փաթեթավորման գինը, և եթե ձուն սպառման շուկա է արտահանվում փաթեթավորված ձևով, ապա գինն ավելի բարձր է լինում՝ կախված փաթեթավորման նյութից։ Այսինքն՝ նույն ապրանքանիշի ձուն առանց փաթեթավորման ավելի մատչելի է, քան փաթեթավորվածը։ Բայց դա էլ կախված է արտադրողից։
Շատ արտադրողների մոտ թե փաթեթավորվածը, թե հատով վաճառվող ձուն նույն գինն ունեն։ Ամեն դեպքում անգամ այդ դեպքում ձվի շուկայում գնաճը զգալի է։ Սերգեյ Ստեփանյանը դա ժամանակավոր երևույթ է համարում՝ ասելով՝ քանի որ ձմռան ամիսներին ավելի շատ էլեկտրաէներգիա է ծախսվում թռչնաֆաբրիկաներում ջեռուցման համար, սպառված էլեկտրաէներգիայի գինը ևս ներառվում է արտադրված ապրանքի գների մեջ։ Այդուհանդերձ մեր պնդմանը, որ վաղուց ցրտերը նահանջել են, բայց անգամ մարտ-ապրիլ ամիսներին ձվի շուկայում գնանկում չի նկատվում, միության նախագահը փորձեց համոզել մեզ, թե արդեն որոշակի գների իջեցում կա, թեև մենք նման բան չենք արձանագրել։ Նա մեզ խորհուրդ տվեց ավելի մեղմ գներ սահմանող խանութներից գնումներ կատարել, որտեղ պետք է որ ձվերի գներն ավելի ցածր լինեն։
Մենք հետևողականորեն կուսումնասիրենք այս շուկան և կսպասենք ձվի գների անկմանը, եթե նման բան լինի։ Թեև Հայաստանում շուկայական հարաբերությունները նպաստում են, որպեսզի թե արտադրողները, թե վաճառողներն անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերեն սպառողների նկատմամբ, և սովորաբար մեզանում բարձրացած գներն այլևս չեն նահանջում։
Թագուհի Ասլանյան

Русский