Որքան էլ հնչեն շնորհավորանքներ ու ամանօրյա բարեմաղթանքներ, սակայն մարդիկ տարեմուտին են մոտենում տագնապով, Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռի վրա կգրոհի դեկտեմբերի 28-ին, թե՞ հունվարի 6-ին։ Երկու տարբերակների կողմնակիցների փաստարկներում էլ կա ճշմարտություն։ Նրանք, ում համոզմամբ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հանդեպ իր դավադրությունը կփորձի ամփոփել դեկտեմբերի 28-ին, հիմնավորում են նրանով, որ այդ օրը 2025 թվականի վերջին կիրակին է, ու Նիկոլ Փաշինյանը կփորձի օգտվել այն համգամանքից, որ մարդիկ զբաղված են Ամանօրին նախապատրաստվելով, գտնվում են կիսարձակուրդային վիճակում ու հնարավոր է չկարողանան օպերատիվ հավաքվել ի պաշտպանություն Վեհափառի։
Հուվարի 6-ն էլ պայմանավորված է նրանով, որ բացի մարդկանց զբաղված ու տոնական տրամադրության մեջ լինելը, գումարվում է նաև այն հանգամանքը, որ ինչպես Ալիևն ու Էրդողանը, Փաշինյանը նույնպես սիմվոլիկաների սիրահար է ու կարող է հունվարի 6-ն ընտրել այն պատճառով, որ այդ օրը Սուրբ Ծնունդն է։
Սակայն անկախ նրանից, թե որ օրը նա կընտրի, փաստը մնում է այն, որ ժողովրդական բառապաշարով ասած՝ հարամվելու է մարդկանց Ամանօրն ու Սուրբ Ծնունդը։ Որևէ ողջամիտ մարդ չի կարող ի սրտե ուրախանալ ու նշել տոնական օրերը, երբ միևնույն ժամանակահատվածում գրոհում են Մայր Աթոռը։ Ավելորդ է ասելը, որ այդ գրոհին միանշանակ հաջորդելու են ձերբակալություններ ու կալանավորումներ, բանտերը լցվելու են նորանոր քաղբանտարկյալներով, այդ թվում հոգևորականներով։
Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չգրոհի ո՛չ դեկտեմբերի 28-ին, ո՛չ էլ հունվարի 6-ին, միևնույնն է մարդկանց տոնական տրամադրությունն արդեն հարամված է, քանի որ բոլորը Ամանորին պատրաստվելուն կամ Ամանորը նշելուն զուգահեռ պետք է ուշի ուշով հետևեն լրահոսին, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը թաքուն չհարձակվի Հայ Առաքելական Եկեղեցու վրա։
Առհասարակ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման առաջին իսկ օրից հասարակությունը երբևէ չի կարողացել հանգիստ օրեր վայելել, 2018 թվականից սկսած մարդկանց օրերը հարամված են եղել, սկզբից պայմանավորված քովիդով, այնուհետ պատերազմով, հետո պատերազմական շրջանով, Արցախի շրջափակմամբ ու հայաթափմամբ, իսկ այսօր արդեն Հայ Առաքելական Եկեղեցին ոչնչացնելու Փաշինյանի ծրագրով։
Շատերը գուցե առարկեն, որ քովիդը համաշխարհային համաճարակ է, ու Նիկոլ Փաշինյանի հետ որևէ կապ չունի։ Այո, ուղիղ կապ չունի, սակայն Նիկոլ Փաշինյանը, կրելով բացասական էներգիա, իշխանության գալով դագաղներով ու սգո ժապավեններով, չէր կարող իր ողջ նեգատիվը չտարածել բոլորի վրա։ Նա իր պաշտոնավորման առաջին իսկ օրից մահ ու բացասական էներգիա է սփռել ամենուր, այնպես որ Խաղաղության իրական դարաշրջանը սկսվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի Հայաստանի հանրային ու քաղաքական կյանքից։
Կարեն Կարապետյան

Русский