Նիկոլ Փաշինյանն այս ողջ ժամանակահատվածում բազմիցս է հայտարարել, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ է, որ ինքը չի պայքարում Եկեղեցու դեմ, որ իր նպատակն է Եկեղեցին «մաքրել» այնպիսի հոգևորականներից, որոնք խախտում եմ կուսակրոնության ուխտն ու բարեվարքության նորմերը։ Այդ «պայքարի» արդյունքում չորս եպիսկոպոս կալանավորվեց, մի շարք քահանաներ բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ, 10 եպիսկոպոս վերածվեց տիրադավների, ՔՊ-ական ակտիվը բարձրացավ Կաթողիկոսների շիրիմներին, հայհոյեց Մայր Աթոռի բակում ու ոտքով հարվածեց դռանը, անարգեց Վեհափառին ու խախտեց բարոյականության տարրական նորմերը, և արդյունքում առանց այդ էլ բևեռացված հասարակությունը էլ ավելի պառակտվեց։
Սակայն այսօրվա Կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու «հավատավոր հետևորդի» նպատակը ոչ թե Վեհափառն է, այլ բուն Եկեղեցին։ Այսօրվա նիստի ընդունած որոշման համաձայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զրկվեց պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից, այլ խոսքով, եկեղեցին զրկվեց վանքապատկան հողերից։
Կարո՞ղ է որևէ մեկը հոդաբաշխ բացատրել. եթե նպատակն այն էր, որ կուսակրոնություն ընդունած հոգևորականը երբևէ կնոջ երես տեսած չլինի ու առհասարակ չիմանա՝ որն է կնոջ ու տղամարդու տարբերությունը, եթե նպատակը հոգևորականներին «քաղաքականությունից» հեռացնելն է այն աստիճան, որ նրանք զրկվեն սեփական կարծիքից ու նույնիսկ հայրենիքը երշիկի պես մասնատելու ժամանակ հայտարարեն, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, եթե Նիկոլ Փաշինյանի նպատակն է «մաքրել» եկեղեցին՝ Վեհափառին հանգստի ուղարկելով, Բագրատ Սրբազանին դատելով որպես ահաբեկչի, Միքայել Սրբազանին դատելով որպես պետական հեղաշրջման կոչ անողի, Արշակ Սրբազանին դատելով որպես ուրիշի միջոցով ուրիշի գրպանը պլան գցողի, Մկրտիչ Սրբազանին դատելով որպես հանրահավաքների կազմակերպչի, Եզրաս Սրբազանին «ԿԳԲ»-ի գործակալ հռչակելով, ապա ի՞նչ կապ ունեին այդ ամենի հետ Եկեղեցուն պատկանող հողամասերը։
Իհարկե, ոչ մի կապ չունեն, ու Կառավարության այսօրվա որոշումն ընդամենը Նիկոլ Փաշինյանի վաղօրոք հայտարարած ճանապարհային քարտեզի առաջին քայլն է, ըստ որի, Եկեղեցին պետք է ունեզրկվի, վերածվի աշխարհիկ հիմնարկության, իսկ քահանաները դառնան գրանցված աշխատողներ։ Տարեվերջին նիկոլական իշխանությունն առաջին շոշափելի հարվածը հասցրեց ոչ թե բարեվարքության նորմերը «խախտած» հոգևորականներին, այլ բուն Եկեղեցուն։ Հաջորդ քայլը միանշանակ լինելու է իրահապահներին զուգահեռ հարկային մարմինների զանգվածային ներխուժումը Մայր Աթոռ։
Կարեն Կարապետյան

Русский