Ամենայն հավանականությամբ, WhatsApp-ով բոլոր ՔՊ-ականներին ուղարկվել է մի նախադասություն. «ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանը չէ միանձնյա որոշում» ու խոսվում է ներքին ժողովրդավարության մասին, ընդ որում այնպիսի համոզվածությամբ, որ քիչ է մնում հավատաս։ Կասկածի տեղիք է տալիս միայն բոլորի մոտ տվյալ մտքի շարադրման տառ առ տառ նույնությունը, քանի որ որքան էլ մարդիկ նույնանման մտածեն, անհնար է, որ արտահայտվեն բառի ճշգրտությամբ։
Սակայն կյանքը ցույց է տալիս, որ այդ «քաղաքական» խմբավորումում Նիկոլ Փաշինյանը միանձնյա է որոշում ոչ միայն արտաքին ու ներքին քաղաքական հարցերը, ոչ միայն ինքն է կազմում կուսակցական ցուցակները, այլև միանձնյա որոշում է իր կուսակիցների բարոյական նկարագիրն ու հավատքն առ Աստված։
Օրինակ` վերջերս Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ այլևս չեն հայհոյելու։ Նման որոշումը ցանկացած ողջամիտ ու ինքնասիրություն ունեցող մարդու համար կարող էր վիրավորանք լինել, երբ մի հասուն մարդ այլ հասուն մարդկանց կարգադրում է այսուհետ հայհոյել կամ հակառակը՝ դադարեցնել հայհոյանքը։ Ու էլ ավելի խայտառակություն է, երբ մնացածը լրագրողների մոտ տմտմբացնում են գլուխները ու խոստանում այլևս չհայհոյել։ Սովորաբար մարդու բարեվարքության առաջին դաստիարակողները ծնողներն են, ու պատկերացնել կարելի է, թե որքան վիրավորական կլինի շատ ծնողների համար, երբ տեսնեն, որ իրենց տասնյակ տարիների ջանքերը որդուն բարեվարքություն սովորեցնելու ուղղությամբ հանգուցալուծվեց ընդամենը մեկ հրամանով։
Ու էլ ավելի զավեշտ է, երբ այն մարդը, որը հրամանով «սովորեցնում» է բարեվարքություն, հրամանով իր թիմակիցների հայացքներն է «ուղղում» երկինք։ Բոլոր ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, հավատացնում էին, որ կիրակնօրյա պատարագներին մասնակցելն իրենց մշտական սուրբ պարտականությունն է եղել, սակայն բավական եղավ ընդամենը մի կիրակի, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չլինի, և ոչ մի ՔՊ-ական Աստծո խորանի առջև չկանգնեց։ Ըստ երևույթին, ՔՊ-ականների համար չկա Նիկոլ Փաշինյան, չկա նաև Աստված։
Այս ամենը ցույց է տալիս, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գրոհն իրականում որևէ կապ չունի ո՛չ հոգևորի, ո՛չ կուսակրոնության ուխտի խախտման, ո՛չ Վեհափառի, ո՛չ էլ եկեղեցին «մաքրագործելու» հետ։ Այդ գործընթացը մաքուր քաղաքական է, որն ունի ներքին ու արտաքին թիրախներ։ Արտաքինը թուրք-ադրբեջանական տանդեմին բավարարելն է բոլոր միջոցներով, այդ թվում հայ ժողովրդին զրկելով ազգային հենքից, ներքինը՝ Եկեղեցին որպես արժեքային հենասյուն, որպես պատմական հիշողություն կրող՝ արժեզրկելն է, որը ծանր քար է Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» գաղափարախոսության իրականացման ճանապարհին։
Կարեն Կարապետյան

Русский