Բժշկական ապահովագրության ներդրումից հետո առողջապահական համակարգում իրավիճակը ոչ թե թեթևացել է, այլ՝ բարդացել։ Հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում նկատվում է գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմ, բժիշկները աշխատում են մեծ ծավալով, սակայն, նրանց խոսքով, այդ աշխատանքի դիմաց հավելյալ վարձատրություն չեն ստանում։ Համակարգը, որը ներկայացվում էր որպես ոլորտի արմատական բարեփոխում, այսօր բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Առողջապահական ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը МediaHub-ի հետ զրույցում նշում է, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ոչ հստակ հաշվարկներն ու կառավարման խնդիրներն են։
«Տվել են մի ուղեցույց, որով հիվանդանոցների, պոլիկլինիկաների տնօրենները չեն կարողանում աշխատավարձ հաշվարկել. բաժանել են քեյսերը։ Պոլիկլինիկաներում գլխաքանակով և ապահովագրական քեյսերով են վճարվում բժիշկները, և դրա արդյունքում պոլիկլինիկաներում աշխատողները երեք անգամ ցածր աշխատավարձ են այս ամիս ստացել, և իրանք էլ խոստովանում են, որ չեն կարողացել, չեն հասցրել, չեն նախատեսել նման իրավիճակ»,- նշեց Պողոսյանը
Նրա խոսքով՝ որպես հետևանք առաջացել է այն, որ հախուռն ստեղծվել է ապահովագրական հիմնադրամ, որտեղ առ այսօր անհասկանալի մարդիկ են աշխատում։ Քաղծառայության ինստիտուտով անցած պետական առողջապահական գործակալության աշխատակիցներին հիմնադրամում աշխատանքի դեռ չեն ընդունել, այսինքն՝ չկան աշխատողներ, չկան կազմակերպիչներ։
«Եվ անհասկանալի կառավարման արդյունքում՝ այսօր բժշկական թիմը արդեն առնչվել է լուրջ խնդիրների, իսկ հիվանդները վայելում են դրա «արդյունքները», որովհետև հերթեր են. բժիշկները չեն ընդունում, դժգոհ են, գիտեն, որ այդ ծառայությունների համար իրենց վարձատրությունը երեք անգամ քչացել է»,- ասաց Պողոսյանը։
Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում՝ արդյո՞ք ոլորտում չի առաջանա կադրային ճգնաժամ, թե խնդիրը կառավարելի է։
«Ես գիտեմ, որ շատ բժիշկներ հրաժարվում են աշխատելուց, տեղեր կան, որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Կադրային ճգնաժամը խորանալու է, և երիտասարդ, օտար լեզվին տիրապետող բժիշկները մտածում են արտագաղթելու մասին»,- նշեց փորձագետը։
Անուշ Պողոսյանի համոզմամբ՝ համակարգային փոփոխությունները պետք է սկսվեին կադրային քաղաքականությունից և օրենսդրական դաշտից։
«Հայտնի խոսք կա՝ կադրերը որոշում են ամեն ինչ։ Այս ձախողումը ցույց տվեց, որ այն պաշտոնյաները, որոնք ստանձնել են այս համակարգի ստեղծումը, ուղղակի անկարող են։ Մենք խնդրով շուտով դիմելու ենք ԱԺ, որ լսումներ կազմակերպվեն, և ընդհանրապես, էս ամեն ինչին տրվի լուրջ գնահատական և փոփոխություններ կատարվեն։ Այլապես այս առողջապահական կոլապսը գնալով խորանալու է»,- եզրափակեց խոսքը Անուշ Պողոսյանը։
Այսպիսով, ապահովագրական համակարգի ներդրումը, որը պետք է բարձրացներ ծառայությունների հասանելիությունն ու որակը, այսօր, մասնագետների գնահատմամբ, հանգեցրել է կառավարման, ֆինանսավորման և կադրային լուրջ խնդիրների։ Հարցն այժմ մեկն է՝ կկատարվե՞ն անհրաժեշտ փոփոխություններ, թե առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը կշարունակի խորանալ։
Ալիտա Եղիազարյան

Русский