ԱՄՆ կառավարությունը բանակցություններ է վարում ներդրողների հետ, ովքեր կարող են ձեռք բերել պատժամիջոցների ներքո և պարապուրդի մատնված տանկերները, վերանորոգել դրանք և օգտագործել նավթի օրինական փոխադրման համար։ Այս մասին Նյու Յորքում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
«Մենք պատրաստվում ենք այս նավերից մի քանիսը տեղափոխել, այսպես ասած, «չարագործների նավատորմից» դեպի «բարի նավատորմ։ Դրանք այլևս չեն փոխադրի պատժամիջոցների ներքո նավթ»,- նշել է Ռայթը։
Այս նախաձեռնության միջոցով Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է ավելացնել նավթի փոխադրման համար հասանելի նավերի քանակը, նվազեցնել բեռնափոխադրումների ռեկորդային բարձր սակագները և մեծացնել մատակարարման ծավալները, որոնք խաթարվել էին Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։ Ինչպես նշել է Bloomberg-ը, Ռայթի խոսքերը վարչակազմի այն ծրագրի առաջին հրապարակային բացատրությունն են, որի մասին վերջերս սկսել էին հաղորդել լրատվամիջոցները։
Հղում անելով տեղեկացված աղբյուրներին՝ Reuters-ը հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է «ստվերային նավատորմի» տանկերների նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը։ Այն ընկերությունները, որոնք կցանկանան օգտագործել այդ նավերը, պետք է դիմեն ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ թույլտվություն ստանալու համար։ Սա թույլ կտա փոխադրել օրինական ապրանքներ, սակայն հստակորեն բացառում է ռուսական կամ իրանական նավթի փոխադրումը։

Русский