Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայում Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը կարող է որակվել որպես ահաբեկչական գործողություն

Blog Image

Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ Լիմոժի պատմական քաղաքապետարանի շենքի հրկիզումը կարող է որակվել որպես ահաբեկչական գործողություն։ Այս մասին «Europe 1» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։

«Մենք հնարավոր ենք համարում, որ սա եղել է նախապես ծրագրված ահաբեկչական գործողություն՝ ուղղված քաղաքական կամ գաղափարախոսական դրդապատճառներով վախ սերմանելուն», — ասել է նախարարը։

Այս համատեքստում նա նշել է, որ հետաքննությանը հետևելու համար ներգրավվել են Ահաբեկչության դեմ պայքարի ազգային դատախազության փորձագետները։ Արդարադատության նախարարը ենթադրել է, որ հրկիզման հետևում կարող են կանգնած լինել ծայրահեղ ձախ արմատականները՝ նրանց անվանելով «պետության թշնամիներ»։

Ավելի ուշ BFMTV հեռուստաալիքը, հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին, հայտնել էր քաղաքապետարանը հրկիզելու մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ Ըստ հաղորդման՝ 40-ամյա տղամարդն արդեն իսկ ընդգրկված է եղել այսպես կոչված «S ցուցակում» (այն անձանց ցուցակը, ովքեր համարվում են պետական ​​անվտանգության համար սպառնալիք) ծայրահեղ ձախ շարժմանը մասնակցություն ունենալու պատճառով։

Վերին Վիեն (Haute-Vienne) դեպարտամենտի պրեֆեկտուրան հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին քաղաքացիական անկարգությունների մասնակիցների կողմից իրականացված հրկիզման հետևանքով Լիմոժի քաղաքապետարանը զգալի վնասներ է կրել։ Շենքի ներսում բռնկված հրդեհը տարածվել է դեպի տանիք, ինչի արդյունքում փլուզվել է 43 մետր բարձրությամբ զանգակատունը, իսկ տանիքի մեծ հատվածը փլվելով՝ ընկել է ներքևի հարկեր։ Դեպարտամենտի պրեֆեկտ Մորիս Բարատի խոսքով՝ շենքի ճակատային հատվածի երկու երրորդը լրջորեն վնասվել է։

Լիմոժի քաղաքապետարանը կառուցվել է 1883 թվականին ճարտարապետ Շառլ-Ալֆրեդ Լեկլերկի ղեկավարությամբ։ Այն Ֆրանսիայում դասակարգվում է որպես պահպանվող պատմական հուշարձան։

Send