Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Տնտեսվարողը պետք է ոչ թե ընտրություն ունի Փաշինյանի մորքուրների ու քեռիների միջև, այլ հստակ երաշխիքներ ստանա գործունեության համար

Blog Image

Երբ հարցին այլաբանորեն պատասխանում է փիլիսոփան, ապա դա զրուցակցի վրա թողնում է հանճարի տպավորություն, իսկ երբ քաղաքական գործիչը՝ ապա ակնհայտ է դառնում, որ նա չունի հարցի պատասխանը։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանին փիլիսոփա համարելու համար մեծ երևակայություն է պետք ունենալ, ուրեմն տակը մնում է գործիչը, ընդ որում անճար, որը չունի իրավիճակին համապատասխան լուծում։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լրագրողի դիտարկմանը, թե ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանում սկսել են բարդություններ առաջացնել տնտեսվարողների համար, երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անձը հիշեց Շվեյկին. «Եթե մորքուրս տղամարդ լիներ՝ նրան քեռի կասեի»։

Նման պատասխանը հուշում է, որ մեր տնտեսվարողներին սպասվում են դժվարին օրեր, որովհետև, եթե Ռուսաստանն արգելի Հայաստանից նորմուծումը, ապա հայ արտադրողներին բացի Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» կարդալուց, այլ բան չի մնում անելու։

Պուտին-Փաշինյան վերջին հանդպումից հետո ռուսական քաղաքական ու վերլուծական շրջանակներում էլ ավելի կոշտացավ այն մոտեցումը, որ Հայաստանը պետք է վերջնականապես ընտրի կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը չի փայլում ժողովրդավարության բարձր ցուցանիշներով, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հիմնականում հնչող բոլոր տեսակետներն ու վերլուծություններն ուղղորդվում են մեկ կենտրոնից՝ Կրեմլից ու նախօրոք հող են նախապատրաստվում սցենարներից որևէ մեկի զարգացման համար։

Եթե հայկական արտադրանքի մուտքն արգելվի ԵԱՏՄ շուկա, բնականաբար դա չի նշանակում, որ ինքնաբերաբար մուտք ենք գործելու ԵՄ շուկա։ Նախ որովհետև նման գործարքների համար տևական ժամանակ է պետք, երկրորդը՝ Թուրքիան վաղուց է գրավել արևմտյան շուկան, հատկապես էժան գյուղմթերքի ու տեքստիլ արտադրանքի տեսքով, ուստի մեծ հարցականի տակ է դրվում, թե արդյո՞ք հայ գյուղացին կամ արտադրողը կկարողանա մրցել թուրքական խոշոր տնտեսության հետ։

Սակայն Նիկոլ Փաշինյանը չէր լինի իր ամպլուայում, եթե չփորձեր դիմել մանիպուլյացիաների։ Ռուսաստանի կողմից արվող քայլերի համատեքսում նա որպես տնտեսվարողներին սպասվող հնարավոր բարդությունները զսպող միջոց հայտարարեց, որ նախագծեր են մշակվում արտադրանքն արդիականացնելու ուղղությամբ։

Իհարկե, ցանկացած արտադրանք ժամանակի ընթացքում պետք է արդիականացվի, սակայն տվյալ դեպքում խնդիրը ոչ թե որակն է, այլ Ռուսաստանի քաղաքական որոշումը։ Եթե արգելվի ներմուծումը Հայաստանից, ապա որքան էլ տվյալ ապրանքը փայլի իր որակով, այն մնալու է ընդամենն արտադրամասում, քանի որ դժբախտաբար Հայաստանը չունի այնպիսի ինքնաբավ շուկա, որ տեղի արտադրողը կարողանա դիմակայել թեկուզ ժամանակավոր դժվարությանը։

Ուստի Նիկոլ Փաշինյանից այդ հարցի առչությամբ ակնկալվում են ոչ թե քայլեր՝ արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ, այլ հստակ կողմնորոշում՝ քեռիների ու մորքուրների միջև։

Կարեն Կարապետյան

Send