Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Մարդիկ, որոնք Հայաստանում հանրային տրամադրությունների վրա որևէ ազդեցություն չունեն, փորձում են Բաքվում կարծիք ձևավորել

Blog Image

Երբ տասնյակ տարիներ առաջ դեռ շատ երիտասարդ էինք ու առաջին անգամ Վրաստանում պետք է մասնակցեինք միջազգային սեմինարի, մինչ մեկնումը կարդում էինք մասնակիցների ցանկն ու սարսափում․ «Президент Высшей экономической школы Грузии», «Президент либеральной академии Грузии», «Председатель международного экономического парламента»...Մտածում էինք, լավ, մենք ո՞նց կարանք էս մարդկանց հետ ոտք մեկնել, ի՞նչ ենք ասելու նրանց, ո՞նց ենք նման «հսկաների» առաջ անկաշկանդ հայտնելու մեր տեսակետը։ Երբ տեղ հասանք, պարզվեց, որ այդ ամպագոռգոռ անուններն ընդամենը հասարակական կազմակերպություններ են, իսկ այդ «նախագահներն» ու «պրեզիդենտները»՝ այդ ՀԿ-ների ղեկավարները, բոլորն էլ մեր տարիքի են, ու իրենց ներկայացրած ՀԿ-ում բացի իրենցից ոչ ոք չկար, այսինքն՝ նրանք ներկայացնում էին միայն ու միայն իրենց սեփական տեսակետը։

Այդ օրերից անցել են տասնյակ տարիներ, սակայն քաղհասարակությունում իրավիճակը չի փոխվել, այդ «քաղհասարակություն» կոչվածը, որը, թվում է, պետք է արտահայտեր հանրության տարբեր շերտերում տիրող տրամադրությունները, ըստ էության, բաղկացած է տարբեր ՀԿ-ներից, որոնցում հիմնականում միայն այդ ՀԿ-ի ղեկավարն է ու գոյության միակ աղբյուրն էլ տարբեր կենտրոններից ստացվող դրամաշնորհներն են։ Այսինքն՝ «քաղհասարակություն» կոչվածում ոչ թե հասարակությունն է իրեն մտահոգող ու տվյալ շերտին վերաբերող հարցերը բարձրացնում, այլ դրամաշնորհ տրամադրող կենտրոնն է որոշում, թե հանրության որ շերտին ինչ հարց պետք է հուզի։ Իհարկե, բացառություններ լինում են, իրականում կան փոքրաթիվ ՀԿ-ներ, որոնք զբաղվում են մարդկանց հուզող կոնկրետ խնդիրներով, սակայն այդ կազմակերպությունները ոչ միայն փոքրամասնություն են, նաև չունեն քաղաքական ամբիցիաներ։

Հերթական անգամ մեր «քաղհասարակության» ներկայացուցիչներն այցելել էին Բաքու, հանդիպել Հաջիևի հետ ու այսօր՝ վերադարձից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, փորձում էին հերքել այն ողջ վտանգավոր հեռանկարը, ինչի առջև կանգնած է Հայաստանի Հանրապետությունը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է «Արևմտյան Ադրբեջան»-ին ու «ադրբեջանցիների վերադարձին»։ Հատկանշական է, որ նրանք հերքում էին այն, ինչի մասին բաց տեքստով խոսում է Ալիևը, ու ինչի մասին Նիկոլ Փաշինյանին զեկուցում է ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը։ Ստացվում է, որ թե՛ Ալիևը, թե՛ մեր պատկան մարմինը ստում են,  ու մի 4-5 մարդ մի 3 օրվա ընթացքում հասցրել են ուսումնասիրել թե՛ Բաքվում տիրող տրամադրությունները, թե՛ ադրբեջանական հասարակության շերտավորումները։ Ավելին՝ իրենց 3-օրյա ուսումնասիրության արդյունքում նրանք եկել են այն եզրահանգման, որ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները նույնն են, ունեն նույն շերտերը ու յուրաքանչյուր շերտին հատուկ նույն մոտեցումները, ասել է թե հայերն ու ադրբեջանցիները գրեթե նույն մարդիկ են, պարզապես ապրում են տարբեր տարածքներում։ 

Բնականաբար այդ թեզերն ամբողջովին բխում են «խաղաղության դարաշրջանի» համատեքստից ու կարծում եմ յուրաքանչյուր բառ համապատասխանեցված էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև այդ ողջ գործընթացին ակտիվ մասնակցություն ունեցող Հաջիևի կողմից։

Իհարկե, «առաքելության» պաշտոնական նպատակն է երկու հասարակություններին հաշտեցնելը, սակայն ո՞վքեր են ստանձնել այդ դերը, ո՞ւմ են նրանք ներկայացնում, ո՞վ է նրանց լիազորել հանդես գալ հանրության անունից, ո՞վ է նրանց իրավունք տվել Բաքվում խոսել այն մասին, թե հայաստանյան հասարակությունում որ շերտն ինչ է մտածում, ու ընդհանրապես ինչպե՞ս է ձևավորվում այդ պատվիրակությունը։

Անձամբ ինձ համար միևնույնն ,է թե ով կգնա Բաքու։ Եթե մեկն այդքան բուռն ցանկություն ունի սեղմել Հաջիևի ձեռքը, դա իր գործն է, բարի ճանապարհ, սակայն առնվազն զայրացուցիչ է, երբ Բաքվում հայ հանրության անունից խոսում են մարդիկ, որոնք սեփական հանրությունում չունեն այնպիսի հեղինակություն, որ կարողանան հանրային տրամադրություն ստեղծել, իսկ որոշների անուններն առհասարակ գրեթե հայտնի չեն։

Կարեն Կարապետյան

Send