Ամառային սեզոնի մեկնարկին զուգահեռ ակտիվացել են ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջային ուղևորությունները։
Ի՞նչ ուղղություններ են այսօր ամենապահանջվածը հայաստանցիների շրջանում, և ի՞նչ հետաքրքրություն կա Հայաստանի ու հայկական պատմամշակութային վայրերի նկատմամբ։ Այս թեմայով MediaHub-ը զրուցել է «Positive Day Tour» և «Ախթամար Տուր» տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
«Positive Day»-ից տեղեկացրին, որ այս օրերին ակտիվ են թե՛ արտագնա, թե՛ ներգնա տուրերը։ Ներգնա զբոսաշրջության շրջանակում առանձնահատուկ պահանջարկ ունեն Տաթևի երկօրյա տուրը, Դիլիջանն ու Գյումրին։
Ընկերությունից նշեցին նաև, որ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի առումով սեզոնը դեռ նոր է թափ հավաքում, և առաջիկա ամիսներին ակնկալվում է այցելությունների աճ։
Մինչդեռ «Ախթամար Տուր»-ում ամենապահանջված շարունակում են մնալ արտագնա ուղղությունները, և ֆավորիտը շարունակում է մնալ Եգիպտոսը։
««Ախթամար Տուրը» զբաղվում է արտագնա տուրերով, և դեռևս ակտիվ ու բարձր հորիզոնականում է մնում Եգիպտոսի ուղղությունը՝ իր բոլոր քաղաքներով։ Հաջորդ նոր ակտիվ ուղղությունը Ալբանիան է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Ախթամար Տուր»-ի գլխավոր տուր-մենեջեր Աննա Հակոբյանը։
Ընկերությունը կազմակերպում է նաև ուղևորություններ դեպի Արևմտյան Հայաստան և Կոստանդնուպոլիս, որոնք, ըստ մասնագետի, մեծ հետաքրքրություն են վայելում հայաստանցիների շրջանում։ «Շատ մեծ է ակտիվությունը։ Արևմտյան Հայաստանը շարունակում է մնալ պատմական Հայաստանի հետքերով ճանապարհորդելու կարևոր ուղղություն։ Հենց առաջիկա օրերին ունենք ուղևորություն դեպի Կապադովկիա։ Ամեն ամիս կազմակերպում ենք նաև Կոստանդնուպոլիս ուղևորությամբ։ Այստեղ մենք այն չենք դիտարկում պարզապես Թուրքիա. գնում ենք հայկական մշակույթի հետքերով, ուսումնասիրում հայկական թաղամասերն ու պատմամշակութային ժառանգությունը։ Այդ պատճառով էլ հետաքրքրությունն ու պահանջարկը մշտապես բարձր են»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս տուրերին հաճախ միանում են նաև սփյուռքահայեր, որոնք հատուկ գալիս են՝ մասնակցելու պատմական Հայաստանի ուղղությամբ կազմակերպվող ճանապարհորդություններին։ «Հենց այս պահին Կոստանդնուպոլիս և Արևմտյան Հայաստան առաջիկա տուրերի մասնակիցների թվում կան նաև արտերկրից ժամանած հայեր։ Միայն Ամերիկայից ունենք 7-10 մասնակից, որոնք միանալու են մեր առաջիկա խմբերին»,- ասաց Աննա Հակոբյանը։
Տուրիստական ընկերությունների տվյալները ցույց են տալիս, որ այս ամռանը հայաստանցիները նախընտրում են ինչպես ծովափնյա հանգիստը, այնպես էլ պատմամշակութային բացահայտումներով հարուստ ուղևորությունները։
Ալիտա Եղիազարյան

Русский