Քիչ առաջ Մասյացոտնի թեմը հայտարարություն էր տարածել, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։
MediaHub-ը կապ հաստատեց հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով:
Նա նշեց, որ առավոտյան եկել են Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը։ Սկզբում հանգիստ խոսել են, իրենց տեսակետներն են հայտնել․ «Ասացին՝ եկեղեցու բարերարինն է եկեղեցին և ինքը պիտի որոշի՝ ով ծառայի եկեղեցուն։ Ինձ ասացին՝ դու պիտի եկեղեցին հանձնես, բանալիները տաս»։
Տեր Արտաշեսի խոսքով՝ այս ամենն արվում է նրա համար, քանի որ նա չի միացել Նիկոլ Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին։
Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, ասաց. «Մեր համայնքը տարբեր կողմերից համախմբվում է եկեղեցու շուրջ, բազում զանգեր ենք ստանում, որ մեզ աջակցում են, մեր կողքին են»։
Նրա խոսքով՝ ցանկացած պարագայում չի պատրաստվում փոխել իր որոշումը և կանգնած է Հայ Առաքելական եկեղեցու կողքին։
Էմմա Մարտիրոսյան

Русский